Մատչելիության հղումներ

Փաստաբանը «օրինական» է համարում Տիգրան Խաչատրյանի ազատ արձակումը


Սյունիքի նախկին մարզպետի որդու ազատ արձակելու որոշումը, ըստ նրա իրավաբանի, օրինական է
please wait

No media source currently available

0:00 0:02:47 0:00
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու փաստաբան Ռուբեն Սահակյանի համոզմամբ՝ իր պաշտպանյալի և Զարզանդ Նիկողոսյանի ազատ արձակումը և նրանց նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը «օրինական որոշում է»:

Նման համոզմունք Սահակյանը հայտնեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Ասուլիսը համատեղ էր, մասնակցում էր նաև նախկին մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը:

Ռուբեն Սահակյանի ներկայացմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետի 19-ամյա որդին Տիգրան Խաչատրյանը, ով առաջինն է կրակել այդ օրը և ինչի հետևանքով սպանվել է Ավետիք Բուդաղյանը, դիմել է ինքնապաշտպանության: Ըստ փաստաբանի՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը՝ Ավետիքի եղբայրը, հասնելով Սուրիկ Խաչատրյանի տան մոտ, իջել է ավտոմեքենայից ու հրազենը ձեռքին սպառնալիքներ է հնչեցրել «վերացնել նախկին մարզպետի ցեղը», և Ավետիք Բուդաղյանը ու Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը, փորձել են խլել հրացանը գնդապետի ձեռքից: Գնդապետը, սակայն, կարողացել է ազատվել, և դա նկատելով՝ Տիգրան Խաչատրյանը կրակել է Արտակ Բուդաղյանի ուղղությամբ՝ վիրավորելով նրան։

«Ոչ ոք չգիտի՝ հրազենի մեջ փամփուշտ կա, թե՝ չկա։ Պարոն Ալումյանի հիմնական փաստարկն այն է, որ այդ որսորդական հրացանի մեջ փամփուշտ չի եղել։ Բայց փամփուշտ չլինելը դեռ չի նշանակում, որ դիմացինը պետք է այդ մասին իմանա։ Եթե ես տեսնում եմ, որ ինձ սպառնում են և սպառնացողի ձեռքին կա հրազեն, ես չեմ կարող հարցնել՝ այդտեղ փամփուշտ կա՞, թե՞ ոչ։ Ես պետք է պաշտպանվեմ, չպաշտպանվելը բարոյական չէ, երեք վայրկյան անց կրակոց է հնչել, դա Տիգրան Խաչատրյանն էր, ով ասում է՝ ես տեսա, որ նա ազատվեց բոլորից, ովքեր փորձում էին խոչընդոտել իրեն»,- ասաց փաստաբանը։

Ըստ Ռուբեն Սահակյանի՝ այն բանից հետո, երբ վիրավորվում է Արտակ Բուդաղյանը, դա տեսնելով Ավետիք Բուդաղյանը իր զենքը, ուղղում է Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամների և թիկնապահների ուղղությամբ, և այստեղ Սյունիքի նախկին մարզպետի որդին կրկին հասցնում է առաջինը կրակել՝ ինչի հետևանքով Ավետիք Բուդաղյանը սպանվում է։

Ռուբեն Սահակյանը, ով Հայաստանի փաստաբանների պալատի նախագահն է, պնդեց՝ Տիգրան Խաչատրյանի ու Զարզանդ Նիկողոսյանի քայլերը զուտ ինքնապաշտպանություն էին, իսկ Բուդաղյաննները հարձակում են գործել Սուրիկ Խաչատրյանի տան վրա:

Այն հարցին, թե ինչպե՞ս կարող է հրացանի մեջ փամփուշտներ չունենալով Արտակ Բուդաղյանը հարձակում գործել, կամ եթե Խաչատրյանները պնդում են, թե ենթարկվել են հարձակման, ինչո՞ւ էր Ավետիք Բուդաղյանը փորձում չթույլատրել եղբորը գործի դնել հրազենը՝ նրան միանալու և համատեղ հարձակում գործելու փոխարեն և Բուդաղյանները գիտեին, որ Սուրիկ Խաչատրյանն ունի թիկնապահներ, ինչո՞ւ էին երկու հոգով հարձակում գործում թվով իրենց գերազանցող ու զինված մարդկանց վրա, Ռուբեն Սահակյանը պատասխանեց.- «Իրավիճակը բաժանել եմ երկու մասի՝ հարձակում Արտակ Բուդաղյանի կողմից, Ավետիք Բուդաղյանը փորձում է կանխել, բայց երբ տեսնում է, որ եղբայրը վիրավորվեց, ինքը դարձավ հարձակվող։ Այ, այստեղ ստեղծվեց նոր անհրաժեշտ պաշտպանության վիճակ»։

Հայտնի է ն նաև, որ Տիգրան Խաչատրյանը կրակել է ապօրինի զենքից, սակայն նախաքննություն իրականացնող մարմինը, ապօրինի զենք կրելու մեղադրանքը նույնպես հանել է Սյունիքի նախկին մարզպետի որդու վրայից։ Այս հանգամանքը փաստաբան Ռուբեն Սահակյանը այսպես բացատրեց.- «Երբ անձի քրեական հետապնդումը դադարեցնում են Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ հիմքով, որտեղ ասվում է՝ վնաս պատճառելը Քրեական օրենսգրքով համարվում է իրավաչափ, տվյալ դեպքում նա իրավաչափ գործողություն է կատարել, դիմել է անհրաժեշտ պաշտպանության։ Երբ անձը դիմում է անհրաժեշտ պաշտպանության, ազատվում է պատասխանատվությունից նաև ապօրինի զենք կրելու համար։ Պահող նույնպես ազատվում է պատասխանատվությունից... այսինքն [ապօրինի զենքով] կարող ենք ինքնապաշտպանվել»,- հայտարարեց Սահակյանը։
XS
SM
MD
LG