Մատչելիության հղումներ

Ստամբուլում սպանված Ակոս թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինը իր վերջերս հրատարակած գրքում ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Դինքի սպանության գործից:

Չեթինը, ի մի բերելով իր ձեռքի տակ եղած նյութերը, գրել է, որ Դինքին սպանելու հրամանը տրվել է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության կողմից` կիրիլիկ այբուբենի տառերով գաղտնագրված երկտողի միջոցով: Այդ մասին հայտնում է «Միլիյեթ» օրաթերթը:

Չեթինը իր հայտարարությունները հիմնավորել է` վկայակոչելով հետախուզական ծառայությունում գաղտնագրության գծով որպես փորձագետ աշխատած Ռամազան Դյունդարի բացատրություններն ու տրամադրած փաստաթղթերը:

Իր նոր գրքում, որ կոչվում է` «Ամաչում եմ. Հրանտ Դինքի սպանության դատավարությունը», Չեթինը պատմում է, որ հեռախոսազանգ է ստացել 2010 թվականի մարտի 16-ին մի մարդուց, ով ներկայացել է իբրև Ռամազան և հայտնել, որ գաղտնագրերի փորձագետ է եղել Թուրքիայի հետախուզական ծառայության Արևելյան Անատոլիայի տարածաշրջանի գրասենյակում:

Նա հայտնել է, որ կարևոր փաստաթուղթ ունի կապված Դինքի սպանության հետ, և այն կտրամադրի փաստաբանին, սակայն Չեթինը այդ փաստաթուղթը կարող է վերցնել Հալեպի ֆրանսիական հյուպատոսարանից: Չեթինն ասել է, որ իր ընկերը Ղազիանթեփում համաձայնել է գնալ Հալեպ և իր անունից վերցնել փաստաթուղթը: Այդ ընթացքում Չեթինը Skype ծառայության միջոցով շարունակել է կապ պաշտպանել Ռամազանի հետ և այդ մարդը իրեն ցույց է տվել որոշ գաղտնագրված փաստաթղթեր Դինքի սպանության վերաբերյալ:

Իր գրքում Չեթինը նաև Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության պատասխանն է ներառել. նրանք հերքել են բոլոր մեղադրանքները և հայտարարել, որ Ռամազան Դյունդար անունով աշխատակից չունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG