Մատչելիության հղումներ

Ծածկած շուկան վերականգնելու համար «քաղաքական կամք է պետք»


Երեքշաբթի «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնությունը նամակներ ուղարկեց պետական մի շարք մարմինների հետևյալ հարցերով՝ ինչո՞ւ կրկնակի տուգանքից հետո անգամ չկանխվեց հանրապետական հուշարձանի՝ Ծածկած շուկայի ապօրինի վերակառուցումն ու վնասումը, ինչո՞ւ մինչ օրս քայլեր չեն ձեռնարկվում հանրապետական հուշարձանը վնասելու ձևով քրեական հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ և այլ հարցերով:

«Հասարակական հաշվետվության պահանջով դիմում ենք անշարժ գույքի կադաստրի պետին, քաղաքապետին, մշակույթի նախարարին, դատախազին և ոստիկանապետին, թե Ծածկած շուկայի հարցով առ այսօր ի՞նչ է արվել, այսօր ի՞նչ է արվում և ի՞նչ է լինելու դրա ճակատագիրը»,- ասաց «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը:

Նախաձեռնության պահանջը մնում է նույնը՝ շուկան պետք է վերադարձնել իր նախկին տեսքին և ծառայեցնել որպես հենց շուկա: Նամակով պահանջում են հաշվետվություն, թե մինչև այսօր ինչ է արվել ապօրինի շինարարությունը կանխելու համար (սեփականատերը երկու անգամ տուգանվել է), քանի որ տարբեր մասնագիտական շրջանակներ ժամանակ առ ժամանակ արձագանքել են խնդրին: Այդպիսիններից է, օրինակ, Ճարտարապետների միությունը, որի նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր կրկին փաստեց, որ Ծածկած շուկան կորցրել ենք։

«Մի քանի նամակ ենք գրել և հանրապետության նախագահին, և մշակույթի նախարարությանը, և դատախազությանը: Դատախազությունից մի գրություն ենք ստացել, որտեղ ասում է, որ «մենք ստուգեցինք այդ բոլորը, քննեցինք և տեսանք, որ հանցակազմը բացակայում է, չկա որևիցե մի բան, որ նրան պատասխանատվության կանչենք»,- ասաց Մինասյանը:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել էր, որ սպասում են պատկան մարմինների մասնագիտական եզրակացություններին’ որոշելու, թե արդյոք պետք է քրեական գործ հարուցել Ծածկած շուկայում կատարված շինարարության առնչությամբ:

Իսկ Մշակույթի նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էին, որ «արձանագրված մի շարք օրինախախտումների վերաբերյալ» տեղեկություններ տալու հարցումներ Երևանի դատախազությունից ստացել և երկու անգամ գրությամբ տեղեկություներ տրամադրել են:

«Երբ որ մասնագիտական հասարակական կազմակերպությունը երկու տարի անընդմեջ ասում է, որ չի կարելի այդ հուշարձանը նման վիճակի հասցնել, որևէ ղեկավար անձ հետաքրքրվեր, ասեր՝ էսքան աղմուկ է բարձրացել այս հուշարձանը, կանչենք, այս մարդիկ թող բացատրեն մինչև վերջ: Մենք կարող էինք բացատրել, այդ բացատրությունները կան»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:

Նա հավելեց, որ հուշարձանը վերականգնել ամեն դեպքում հնարավոր է, դրա համար «քաղաքական կամք և մեր ժառանգության արժեքը իմանալ է հարկավոր»:

«Պաշտոնապես բացման ժամանակ կադաստրը պետք է ընդունի այդ շենքը և պետք է լինի համապատասխան փաստաթուղթ՝ շինարարության ավարտի մասին ակտ, և դա փաստորեն ինչ-որ մարդիկ պետք է ստորագրեն տարբեր նախարարություններից»,- ասաց Գարեգին Չուգասզյանը:

«Մենք պետք է անենք ամեն ինչ օրինական դաշտում, որպեսզի կասեցնենք ապագա շահագործումը և վերադարձնենք շուկան նախկին տեսքին», - նշեց Վարդան Հակոբյանը:
XS
SM
MD
LG