Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստանի հավաքականը մրցելու է Դանիայի ընտրանու հետ


Դանիա - Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները տոնում են դաշտի տերերին խփած հերթական գոլը, Կոպենհագեն, 11-ը հունիսի, 2013թ․
Դանիա - Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները տոնում են դաշտի տերերին խփած հերթական գոլը, Կոպենհագեն, 11-ը հունիսի, 2013թ․

Հայաստանի թիմը երեք ամիս առաջ Կոպենհագենում ջախջախիչ պարտության է մատնել դանիացիներին:

Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության եվրոպական ընտրական Բ խմբում այսօր տեղի կունենան Հայաստան - Դանիա, Մալթա - Բուլղարիա և Իտալիա - Չեխիա հանդիպումները։

Բացառությամբ Իտալիայի և Մալթայի, բոլոր մնացած հավաքականներին միայն հաղթանակ է պետք․ Իտալիայի թիմը գործնականում գրեթե արդեն վաստակել է Բրազիլիա մեկնելու ուղեգիրը, իսկ Մալթան որևէ հնարավորություն այլևս չունի։

Մինչդեռ հայերը, դանիացիները, բուլղարացիները և չեխերը պարտավոր են այս խաղերում առավելագույնն անել երկրորդ տեղը գրավելու համար, քանի որ այդպես կպահպանվի Բրազիլիա մեկնելու հույսը։

Նախորդ տուրում Հայաստանի հավաքականը Պրահայում 2:1 հաշվով պարտության մատնեց Չեխիային, իտալացիները սեփական հարկի տակ բավական բարդ պայքարում 1:0 հաշվով առավելության հասան բուլղարացիների նկատմամբ, իսկ Մալթան 1:2 հաշվով տանը պարտվեց Դանիային։

Հայաստանի հավաքականը հունիսի 11-ին Կոպենհագենի «Պարկեն Ստադիում» մարզադաշտում 4:0 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել Դանիայի թիմին։ Այդ խաղից հետո դանիացիների մարզիչ Մորտեն Օլսենն ասել է, թե հունիսի 11-ն իր մարզական կյանքի ամենադժբախտ օրն էր։

Բուլղարիայի հավաքականը մարտի 23-ին Սոֆիայում «Վասիլ Լևսկի» մարզադաշտում 6:0 հաշվով հաղթել է Բ խմբում ամենացածր վարկանիշն ունեցող Մալթային։

Իսկ Չեխիան իր դաշտում հունիսի 7-ին Իտալիայի հետ ոչ ոքի է խաղացել՝ 0:0։

Հայաստանի հավաքականի համար այսօր ձեռնտու է թե՛ Իտալիայի և թե՛ Մալթայի հաղթանակը, բայց եթե Իտալիայի հաջողությունը կհամարվի միանգամայն սպասելի և բնականոն, ապա Մալթան դժվար թե առավելության հասնի Բուլղարիայի նկատմամբ, թեպետ այս փոքր երկրի ընտրանու 1:0 հաշվով հաղթանակը Երևանում վկայում է այն մասին, որ ժամանակակից ֆուտբոլում ամեն բան հնարավոր է։

Բ խմբի առաջատար Իտալիան այսօրվա դրությամբ ունի 17 միավոր, երկրորդ տեղում 10 միավոր վաստակած Բուլղարիան է, երրորդ, չորրորդ և հինգերորդ տեղերում 9-ական միավոր վաստակած Չեխիայի, Հայաստանի և Դանիայի հավաքականներն են։

Աշխարհի առաջնության եվրոպական ընտրական Բ խմբի հաջորդ հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 10-ին։ Այդ օրը Հայաստանի հավաքականը կընդունի բուլղարացիներին, Մալթան կխաղա Չեխիայի, իսկ Դանիան՝ Իտալիայի հետ։

Վերջին երկու հանդիպումներն էլ կանցկացվեն հոկտեմբերի 15-ին։ Դանիան կընդունի Մալթային, իսկ Հայաստանի ընտրանին կմեկնի Իտալիա։

Եվրոպական ընտրական 9 խմբերում երկրորդ տեղը գրաված 9 հավաքականներից լավագույն ցուցանիշներով կընտրվի ութնյակ, որը վիճակահանությամբ կկազմի 4 զույգ, սեփական դաշտում և դրսում անցկացված հանդիպումների արդյունքում 4 ընտրանի 2014 թվականին կմեկնի Բրազիլիա՝ մասնակցելու աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG