Մատչելիության հղումներ

Հրազդանի երկաթի հանքը շահագործելու համար նոր ՇՄԱԳ է հարկավոր


Բողոքի ակցիայի մասնակիցները կոտրում են արկղերը, որոնցում տեսակավորված է Հրազդանի հանքի հանքանյութը, նոյեմբեր, 2011թ․
Բողոքի ակցիայի մասնակիցները կոտրում են արկղերը, որոնցում տեսակավորված է Հրազդանի հանքի հանքանյութը, նոյեմբեր, 2011թ․

Օրենքով, եթե շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունից հետո մեկ տարվա ընթացքում հանքը չի շահագործվում, այդ փորձաքննության արդյունքները համարվում են ուժը կորցրած:

Հրազդանի երկաթի հանքի շահագործման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը կատարվել է 2008 թվականին: Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Գևորգյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ որևէ նոր ուսումնասիրություն իրենց չի ներկայացվել: Մինչդեռ 2011 թվականին բնապահպանության նախարարի մոտ հանդիպման ժամանակ Հրազդանի երկաթի հանքի շահագործման լիցենզիա ունեցող «Ֆորչն Ռիզորսիս» ընկերության տնօրենը հայտարարել էր, որ մշակում են շահագործման նոր նախագիծ:

«Հանդիպման վերջում նախարարը հայտարարեց, որ ընկերությունը պետք է նոր նախագիծ ներկայացնի, և տնօրենը համաձայնեց, քանի որ նախկին ուսումնասիրությունները իրենց չէին բավարարում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Առողջ Հրազդան» բնապահպանական քաղաքացիական նախաձեռնության անդամ Մովսես Մանուկյանը:

Անդրանիկ Գևորգյանը հավելեց, որ 2008-ին էլ փորձաքննության դրական եզրակացությունը տրամադրել են երեք պայմանով, որոնցից որևէ մեկը կատարելու մասին փաստաթուղթ իրենց առ այսօր չի ներկայացվել, ու դրանք չկատարելով հանքի շահագործում սկսելը անօրինական կլինի:

Արդյոք նոր ուսումնասիրություններ արվել են և կատարվել են այդ երեք պայմանները, թե ոչ՝ հայտնի չէ: «Ֆորչն Ռիզորսիս» ընկերությունից կտրականապես հրաժարվեցին հարցազրույցից, իսկ Մովսես Մանուկյանի խոսքով, այդուհանդերձ, փորձ է արվում վերակենդանացնել հին լիցենզիան և հանքը շահագործել դեռ 2007 թվականի լիցենզիայով և 2008 թվականի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացությամբ, որը, իրենց խոսքով, բազմաթիվ ոչ հավաստի տվյալներ է ընդգրկում:

«Փորձաքննության եզրակացության մեջ հենց առաջին նախադասությունը գրված էր, որ այդ տարածքը [հանքավայրի տարածքը] գտնվում է Հրազդան քաղաքից 1.5 կիլոմետր հյուսիս-արևելք, ինչը իրականության հետ ոչ մի առնչություն չունի․ այդ տարածքը գտնվում է Հրազդանի կենտրոնում», - ասաց Մովսես Մանուկյանը:

Մտահոգությունը, որ հանքը պատրաստվում են շահագործել, առաջացել է վերջերս «Հայջրմուղկոյուղի» ընկերությունից ստացած գրությունից, որտեղ ասվում է, որ «Ֆորչն Ռիզորսիս» ընկերությունը «Հայջրմուղկոյուղուց» ջուր է խնդրում, քանի որ հանքի շահագործման համար իրենց ջուր է հարկավոր տեխնիկական օգտագործման համար: «Մենք հասկացանք, որ այդ գործընթացը ոչ միայն սառեցված չի, այլ բուռն գործընթացի մեջ է», - նշեց Մովսես Մանուկյանը: Սա՝ չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը պարբերաբար հայտարարում էր, որ հրաժարվում է հանքի շահագործումից:

Մանուկյանի խոսքով՝ հանքի շահագործումն անվտանգ չէ նաև «Հայջրմուղկոյուղու» աղբյուրների համար, որոնք ջուր են մատակարարում մոտ 250 հազար բնակչության․ - «Հանքի փոսը ավելի խորն է լինելու, քան այդ աղբյուրների ակերը, որտեղից ջուր ենք ստանում: Այսինքն, շատ պարզ տրամաբանությամբ՝ կա՛մ այդ ջուրը չենք ունենա, կա՛մ սկզբում կունենանք թունավորված ջուր, հետո չենք ունենա»:

Բնապահպանների խոսքով՝ բացի այն, որ հանքի շահագործումը կվնասի հենց Հրազդան քաղաքին և դրա բնակչությանը, այն վնաս կհասցնի նաև Հրազդանին մոտ գտնվող առողջարանային Ծաղկաձորին, Հանքավանին, Աղավնաձորին և Բջնիին:

Ի դեպ, 2007 թվականին Հրազդանի երկաթի հանքի շահագործման լիցենզիան տրամադրվել է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի որդու և Չարենցավանի ևս երկու բնակիչների անունով գրանցված «Նագին» ընկերությանը, որը հետագայում վաճառվել է օֆշորային գոտում գրանցված «Ֆորչն Օյլ» ընկերությանը, որին էլ պատկանում է «Ֆորչն Ռիզորսիս»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG