Մատչելիության հղումներ

Բաշար ալ-Ասադը սպառնում է հակահարվածներով


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պատասխանում է CBS հեռուստակայանի հարցերին։ 9 սեպտեմբերի, 2013թ.
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պատասխանում է CBS հեռուստակայանի հարցերին։ 9 սեպտեմբերի, 2013թ.

Բաշար ալ-Ասադն ասել է, որ եթե Միացյալ Նահանգները ռազմական ուժի դիմի, ապա պետք է գիտակցի, որ Սիրիայից սպասելի է ցանկացած տեսակի պատասխան։

CBS հեռուստակայանին տված հարցազրույցում Սիրիայի նախագահն ասել է․ - «Ամերիկան ծանր գին կվճարի ահաբեկիչների դեմ պայքարի իմաստը չըմբռնելու համար»։

Այս հայտարարություններով Ասադը հանդես է եկել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոնգրեսականներին և սենատորներին սկսել է համոզել հավանություն տալ Սիրիայի թիրախներին հարվածներ հասցնելու իր առաջարկին։

Օբամայի համոզմամբ, Սիրիայի վարչակարգը օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձաններում քիմիական զենք է կիրառել խաղաղ բնակության դեմ, ինչի հետևանքով սպանվել է ավելի քան 1400 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

Ասադի կառավարությունը հերքում է մեղադրանքը և պնդում է, որ եթե քիմիական զենքն իսկապես գործադրվել է, ապա դա արվել է զինված ապստամբների կողմից։

Սիրիային աջակցող Ռուսաստանն ավելի վաղ հայտարարել է, թե այդ երկրի դեմ ռազմական գրոհից հետո տարածաշրջանում անմիջապես կբարձրանա ահաբեկչության ալիքը։ Մոսկվայում հանդիպելով իր սիրիացի պաշտոնակից Վալիդ ալ-Մուալեմին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Վաշինգտոնին հորդորել է ռազմական գրոհներ ծրագրելու փոխարեն ուշադրությունը կենտրոնացնել խաղաղության բանակցությունների վրա։

«Գնալով ավելանում է մեր տեսակետն ընդունող քաղաքական և պետական պատասխանատու գործիչների թիվը, ովքեր ըմբռնում են, որ ուժի գործադրումը խթան կլինի ահաբեկիչների համար, Սիրիայում և հարևան երկրներում, շեշտակիորեն կաճի փախստականների թիվը, ինչն արդեն սկսվել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտարարել է Սիրիային հարվածներ հասցնելու մտադրության մասին»,- ասել է Լավրովը։

Սիրիայի արտգործնախարար Մուալեմն էլ Բաշար ալ-Ասադի անունից շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ Սանկտ Պետերբուրգում Մեծ քսանյակի գագաթաժողովի ընթացքում Սիրիային սատարելու համար։

Ռուսաստանի արտգործնախարարն այսօր Սիրիային կոչ է արել հանձնել և ոչնչացնել քիմիական զենքն ու այդպես խուսափել հարվածների ենթարկվելու վտանգից։

Քաղաքական կարգավորման մասին է ակնարկում նաև Վաշինգթոնը։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Լոնդոնում հանդիպելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգին, ասել է, թե ռազմական լուծում չկա, սակայն Ասադին պետք է պատժել քիմիական զենք օգտագործելու համար։

«Թույլ տվեք պարզ ասել՝ Միացյալ Նահանգները, նախագահ Օբաման, ես և ուրիշները, համոզված ենք, որ Սիրիայի հակամարտության լուծումը պետք է քաղաքական լինի։ Չկա ռազմական լուծում և ոչ ոք նման պատրանքներ չունի»,- ասել է Քերրին, միաժամանակ ավելացնելով, թե այս հարցում չգործելն առավել վտանգավոր է, քան գործելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG