Մատչելիության հղումներ

Վարդան Մինասյան․ «Ավելի հեշտ է աշխատել հաղթանակից հետո»


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 9-ը սեպտեմբերի, 2013թ․
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 9-ը սեպտեմբերի, 2013թ․

«Մեծ հարգանք ենք տածում Հայաստանի հավաքականի հանդեպ», - իր հերթին, հայտարարում է Դանիայի թիմի մարզիչը:

Երեքշաբթի օրը կայանալիք Հայաստան - Դանիա ֆուտբոլային հանդիպմանը Հայաստանի հավաքականի ավագի թևկապը կկրի Հենրիխ Մխիթարյանը։ Ռոման Բերեզովսկին Չեխիայի հետ խաղում վնասվածք ստանալու պատճառով առաջիկա հանդիպմանը չի կարող մասնակցել։ Բացի հիմնական դարպասապահից, հանդիպմանը չեն մասնակցի Յուրա Մովսիսյանն ու Ռոբերտ Արզումանյանը՝ նրանք որակազրկված են։ Նախորդ խաղում առողջական խնդրի պատճառով փոխարինվեց Արազ Օզբիլիսը, Դանիայի հետ հանդիպմանը նրա մասնակցությունը նույնպես հարցականի տակ է։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը, չնայած կորուստներին, արդեն մարտավարությունը մշակել է, Չեխիայի հետ հանդիպման համեմատ կլինեն մի շարք փոփոխություններ։

«Այն ֆուտբոլիստները, հիմա որոնք իմ տրամադրության տակ են, ինձ լրիվ բավարարում են, ու ես երբեք ոչ մի բանի համար չեմ ափսոսում», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը՝ շարունակելով․ - «Այս երեք օրը, որ մինչև Դանիայի խաղին ենք պատրաստվում, իրենք ավելի բարձր տրամադրությամբ են պատրաստվում: Բոլորիս համար էլ ավելի հեշտ է աշխատել հաղթանակից հետո»:

Անցած ուրբաթ օրը Հայաստանի հավաքականը ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Պրահայում 2:1 հաշվով պարտության մատնեց Չեխիայի թիմին:

Ավելի վաղ, Չեխիայի հետ հանդիպումից առաջ, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Մինասյանը ասել էր, որ հավաքականը աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու շանսեր դեռ ունի։ Ըստ նրա՝ նպատակին հասնելու համար պետք էր հաղթել Չեխիային, ինչպես նաև Դանիային և Բուլղարիային։

Այսօր Վարդան Մինասյանը հրաժարվեց խոսել աշխարհի առաջնությանը Հայաստանի մասնակցության հնարավորության մասին, միայն ասաց, որ այժմ կենտրոնացել են Դանիային հաղթելու համար։ Ուսումնասիրել են հակառակորդ հավաքականին, անակնկալներ չեն սպասում։

«Ինչքան խաղ մենք նայել ենք, այս վերջին խաղն էլ՝ Մալթայի հետ, դրանից առաջ իրենք ընկերական խաղ խաղացին Լեհաստանի հետ, իրենք իրենց խաղաոճը չեն փոխում: Բայց իրենց մոտ ինչ-որ ուղղվածության փոփոխություն կա, այսինքն՝ իրենք սկսել են կազմը ջահելացնել իրենց, ու կոնկրետ այս խաղին թե Լեհաստանի խաղին արդեն հինգ-վեց նորեկ կար, եթե վերցնենք առանձին Մալթայի խաղը՝ հիմնական կազմում հինգ նորեկ էին խաղում՝ երիտասարդներ էին», - ասաց Հայաստանի հավաքականի մարզիչը՝ շարունակելով․ - «Գիտենք իրենց ուժեղ, թույլ կողմերը, այսինքն՝ ինչ-որ սյուրպրիզի չենք սպասում իրենցից»:

Երկուշաբթի օրը Երևանում ասուլիս տվեց նաև Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Մորտեն Օլսենը։

Խոսելով Հայաստանի հավաքականից հունիսի 11-ին սեփական հարկի տակ կրած խոշոր՝ 0:4 հաշվով պարտության մասին, Օլսենը ասաց, թե այն իրենց համար կարծես սեպտեմբերի 11-ի աղետը լիներ։

Մարզիչը հույս հայտնեց, որ վաղը կայանալիք հանդիպմանը վնասվածքներ չեն լինի, իսկ ինչ վերաբերում է խաղին, ապա ամեն ինչ անելու են, որ հաղթեն։

Հարցին՝ արդյոք հավատո՞ւմ են հաղթանակին, Օլսենը պատասխանեց, որ ցանկանում են։

«Մենք Հայաստանի հավաքականին հետևում էինք մինչ խաղաշրջանի մեկնարկը, վստահ էինք, որ ձեր հավաքականը Չեխիայի, Բուլղարիայի, Դանիայի և Իտալիայի հավաքականների հետ միասին պայքարելու է խմբում առաջին և երկրորդ տեղերի համար։ Դուք հրաշալի հանդես եկաք Կոպենհագենում։ Մեծ հարգանք ենք տածում Հայաստանի հավաքականի հանդեպ», - հայտարարեց Դանիայի թիմի մարզիչը:

Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան -Դանիա ֆուտբոլային հանդիպումը Երևանում կսկսվի երեքշաբթի օրը ժամը 20-ին։ Այն նույնքան կարևոր է երկու հավաքականների համար, քանի որ գործնականում այս խաղում հաղթող թիմը միայն կպահպանի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ անցնելու հնարավորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG