Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին կրկին չբացառեց Եվրասիական միությանը Վրաստանի անդամակցելու հեռանկարը


Լատվիա - Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Ռիգայում հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը, 7-ը սեպտեմբերի, 2013թ․

Լատվիա - Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Ռիգայում հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը, 7-ը սեպտեմբերի, 2013թ․

«Եթե Եվրասիական միությունն օգտակար լինի Վրաստանի համար, և այդ ամենը չհակասի դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ մեր ձգտմանը, ինչու ո՞չ», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Վրաստանի վարչապետը:

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կրկին անդրադառնում է Եվրասիական միությանը իր երկրի անդամակցության հնարավորությանը` չբացառելով նման հեռանկարը:

Ռիգայում` Բալթյան երկրներ կատարած շրջագայության ընթացքում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության թղթակցի հարցին, թե արդյոք Վրաստանը կարո՞ղ է հետևել պաշտոնական Երևանի օրինակին և մասնակցել Եվրասիական միության ձևավորմանը, Իվանիշվիլին ասել է․ - «Այս փուլում Եվրասիական միությունը դեռ նոր է ստեղծվում: Ես որպես կառավարության ղեկավար հետևում եմ այդ գործընթացին, և եթե Եվրասիական միությունն օգտակար լինի Վրաստանի համար, երկիրը կարողանա հավելյալ օգուտներ քաղել դրանից, միաժամանակ՝ եթե այդ ամենը չհակասի դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ մեր ձգտմանը, ինչու ո՞չ»:

Սեպտեմբերի 3-ից հետո ռուսաստանյան ինտեգրացիոն գործընթացներին Վրաստանի հնարավոր մասնակցության մասին հարցադրումները վրացական լրատվամիջոցների կողմից Բիձինա Իվանիշվիլիին բավական հաճախ են ուղղվում: Պատճառներից մեկը Իվանիշվիլիի՝ այս տարվա հունվարին Երևանում արած այն հայտարությունն է, որում Վրաստանի կառավարության ղեկավարը գովեստի խոսքեր էր շռայլել Հայաստանի արտաքին քաղաքականության հասցեին: 9 ամիս առաջ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում Իվանիշվիլին հայտարարում էր․ - «Հայաստանը վրացիների համար լավ օրինակ է հանդիսանում: Մենք սպիտակ նախանձով ենք ձեզ նայում: Հայաստանը հիանալի բարեկամական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, միաժամանակ շատ լավ հարաբերություններ է ձևավորել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ»:

Նրա այս հայտարարությունից հետո նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդես եկավ կոշտ քննդատությամբ` շրջանառության մեջ դնելով «Վրաստանի արտաքին քաղաքականության հայկականացում» տերմինը: Այսօր արդեն հենց Սաակաշվիլիի կողմնակիցներն են մտավախություն հայտնում, որ արտաքին քաղաքականության «հայկականացման» արդյունքում Թբիլիսին Երևանի օրինակով կարող է հայտնվել Մաքսային միության կազմում:

Հավելենք, որ Իվանիշվիլիի Բալթյան պետություններ կատարած այցի շրջանակներում Հայաստանի շուրջ վերջին զարգացումները ևս բանակցությունների օրակարգում են: Տալլինում Իվանիշվիլիի հետ բանակցությունների ավարտին կայացած ասուլիսի ժամանակ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Պաետը հայտարարել է․ - «Այն ճնշումը, որ գործադրվում է Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի հանդեպ, որպեսզի նրանք հրաժարվեն Եվրամիության հետ մերձեցման քաղաքականությունից, անընդունելի է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG