Մատչելիության հղումներ

Էմիլ Բուդաղյանը «պետական հանցագործություն» է որակում կատարվածը


Արտապատկերում` «Ա1պլյուս»-ի կայքում հրապարակված «Ինչ է տեղի ունեցել Սուրիկ Խաչատրյանի տան մոտ» վերնագրով տեսանյութից
Արտապատկերում` «Ա1պլյուս»-ի կայքում հրապարակված «Ինչ է տեղի ունեցել Սուրիկ Խաչատրյանի տան մոտ» վերնագրով տեսանյութից
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին ու թիկնապահը՝ Տիգրան Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը, ազատ են արձակվել ու նրանց նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում հիմնավորվել է՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ այս հունիսի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ «Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին»։ Սա հիմք ընդունելով՝ այսօր որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

Սյունիքի նախկին մարզպետի՝ Գորիսում գտնվող առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպը ցնցեց հանրությանը: Հունիսի 1-ի ուշ երեկոյան Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, երեք անչափահաս երեխաների հայր Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը, ով հայկական Զինված ուժերի զորամասերից մեկի հրամանատարն է, հրազենային ծանր վնասվածքով տեղափոխվեց հիվանդանոց: Վիրավորվեց նաև Նիկոլայ Աբրահամյանը, ով Սյունիքի նախկին մարզպետի ազգականն է ու թիկնապահը: Տեղի ունեցածի կապակցությամբ կալանավորվեցին Սուրիկ Խաչատրյանի 19-ամյա որդին` Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահը` 25-ամյա Զարզանդ Նիկողոսյանը, ում մեղադրանք է առաջադրվեց սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով:

Դեպքից ավելի քան մեկ ամիս անց՝ հուլիսի 9-ին, մեղադրանք առաջադրվեց նաև գնդապետ Արտակ Բուդաղյանին, ով ըստ նախաքննական մարմնի «սպանության սպառնալիքներ է տվել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին»: Բուդաղյանը մեղադրանքը չի ընդունում:

Այսպիով հաշվի առնելով ՊՆ քննչական ծառայությունում այսօր կայացված որոշումը, ստացվում է, որ տեղի ունեցած արյունալի միջադեպի, սպանության հետ կապված միակ մեղադրյալը սպանվածի եղբայր Արտակ Բուդաղյանն է:

Արտակ և Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում «պետական հանցագործություն» որակեց Խաչատրյանի և Նիկողոսյանի ազատ արձակումը.- «Որովհետև իրենց էդպես է ձեռք տալիս, հանցագործ աշխարհին ի՞նչ պիտի ասես»,- ասաց նա։

Էմիլ Բուդաղյանը հիշեցրեց՝ նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին խնդրելով, որ «գործը արդար քննեն ու ով մեղավոր է, պատժեն»: «Բայց պատասխան չստացա, ավելի ճիշտ՝ պատասխանը եղան էս ազատ արձակումները»,- դառնացած իր խոսքը ավարտեց Բուդաղյանը:

Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայ Ալումյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել ՊՆ քննչական ծառայության որոշումը՝ նշելով, թե դա կանի որոշումը պաշտոնապես ստանալուց հետո միայն: Ալումյանը, սակայն, ընդգծեց՝ իր և Բուդաղյանների համոզմունքն է՝ առնվազն Տիգրան Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը պետք է մեղավոր ճանաչվեն սպանության հատկանիշներով և դատապարտվեն: Բացի այդ, ըստ Ալումյանի, դեռևս կարիք կա պարզելու՝ արդյոք Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եղե՞լ է Բուդաղյանների ուղղությամբ կրակողների մեջ, թե՞ ոչ:

«Իսկ անկախ ամեն ինչից արդեն այսօր քրեական օրենսգրքի առնվազն երեք հոդվածներով հիմքեր կան Սուրիկ Խաչատրյանին պատասխանատվության ենթարկելու»,- եզրափակեց Հայկ Ալումյանը:

Մինչդեռ Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ քննչական մարմինը գործել է օրենքին համապատասխան և քրեական գործում առկա ապացույցների հիման վրա.- «Սա նշանակում է, որ արդարացի որոշում են կայացրել, և բոլոր այն վայնասունները, վայրահաչումները, որ գրված էին մամուլում, հատկապես մի քանի ժուռնալիստների կողմից, որոնք ոչինչ չէին ուզում տեսնել, բացի մի բանից՝ պատժել Սուրիկ Խաչատրյանին, թող գնան և մոմ վառեն, որ էս պետությունում վերջապես արդարադատություն կա»։

ՊՆ քննչական ծառայության այսօրվա որոշմանը խիստ բացասաբար են արձագանքում հայաստանյան իրավապաշտպանները, ովքեր միջադեպի առաջին իսկ օրվանից ուշադրությամբ հետևում են զարգացումներին:

«Այդ ազատ արձակելը բացարձակապես չհիմնավորված է, և պետք է շեշտեմ, որ սա Սերժ Սարգսյանի միանձնյա որոշումն է։ Որևէ այլ անձ չէր կարող նման որոշում կայացներ, որպեսզի ազատ արձակվեին մարդիկ, ովքեր մասնակից են սպանության։ Սա հանրությանը բացարձակապես անտեսել է նշանակում, թքած ունեն հանրության վրա առհասարակ»,- ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ՝ «իր այս որոշմամբ ՊՆ քննչական ծառայությունը կատարել է զինդատախազի Գևորգ Կոստանյանի պատվերը»:

«Անձամբ զինդատախազը սրանով հովանավորելով Լիսկային, միաժամանակ պատասխանատվություն է կրում Լիսկայի հետագա գործողությունների համար։ Իսկ հետագա գործողությունները հետևյալն են՝ «Լիսկա, կարող ես ինչքան ասես սպանես»»,- ասաց Սաքունցը։
XS
SM
MD
LG