Մատչելիության հղումներ

logo-print

Հավաքականի դժվարին հաղթանակը. Ֆուտբոլիստները պատրաստվում են հաջորդ խաղին


Ուրբաթ երեկոյան Չեխիա-Հայաստան խաղում հաղթանակ տոնելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները անմիջապես դաշտում սկսել են քոչարի պարել։

Պարը շարունակվել է ամբողջ գիշեր արդեն երկրպագուների կատարմամբ։ Պրահայի կենտրոնում հայ երկրպագուները մի քանի ժամ տոնում էին ազգայինի հաղթանակը։

Աննախադեպ իրավիճակ էր նաև Երևանի կենտրոնում։ Խաղից անմիջապես հետո մայրաքաղաքի փողոցներում մի քանի հարյուր երկրպագուներ տոնում էին Հայաստանի հաղթանակը։

Խաղից անմիջապես հետո տեղի ունեցած մամլո ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանին ծափողջյուններով դիմավորեցին։ Նրա խոսքով՝ հավաքականի ֆուտբոլիստները գիտեին խաղի կարևորությունը, և ամեն ինչ անում էին հաղթանակին հասնելու համար։ Մինասյանը այս խաղը համեմատեց Դանիայի հետ տեղի ունեցած արտագնա հանդիպման հետ։

«Ուրախալի լուրն այն է, որ երկուսում էլ հաղթեցինք, բայց Չեխիայի հետ խաղում հաղթելով մենք շատ կորուստներ ունենք, որովհետև բացի վնասվածքներից, Ռոբերտ Արզումանյանը և Յուրա Մովսիսյանը Դանիայի հետ խաղը բաց են թողնելու։ Այսօր խաղացինք մեր հնարավորությունների մաքսիմումով, չնայած որ երեք փոխարինում կատարեցինք ստիպված, դա շատ դժվար է միշտ»,- ասաց Մինասյանը։

Խաղի ամենամեծ կորուստներից մեկը, ըստ մարզչի, դարպասապահ Ռոման Բերեզովսկու վնասվածքն էր։ Հանդիպումից հետո նա մեծ դժվարությամբ էր կարողանում քայլել։

Ամեն դեպքում սա ապացուցեց, որ Մալթայից պարտություն կրելուց հետո մեր ազգային հավաքականը չի ընկճվել։ Այժմ մարզչի խոսքով՝ իրենց միակ նպատակը օպտիմալ ձևով Դանիայի հետ խաղին պատրաստվելն է։

Այս խաղից հետո իհարկե դժվար է եղել Չեխիայի հավաքականի անձնակազմի համար։ Գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը լրագրողների հետ զրույցում ասել է, որ փորձելու են մոռանալ այս խաղի մասին, և շարունակել պայքարը։ «Մեզ պետք է այս շոկից դուրս գալ»,- ասել է նա։

Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետեր Չեխն էլ պատճառաբանել է, որ այս անգամ ուղղակի իրենց բախտը չի բերել։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսպես արձագանքեց Չեխի հայտարարությանը.- «Մեր բախտն էլ Հայաստանում չբերեց, երբ մենք 3-0 պարտվեցինք։ Ճիշտ է, մի օր իրենց բախտը կբերի, մի օր՝ մերը։ Միշտ չի կարող մի թիմի բախտը բերել»։

Խոսելով խաղի մասին՝ Մխիթարյանը ասաց, որ հաղթանակը մեծ դժվարությամբ է տրվել։ Ինչ վերաբերվում է իր հանդեպ անհատական հսկողությանը, ապա ինքը նման բան չի զգացել։

«Դե, կարևորը հաղթեցինք այսօր, տղաները կամային հատկանիշներ ցուցաբերեցին և կարողացան 1-1 հաշվի ժամանակ երկրորդ գոլը խփել։ Չկա մի հաղթանակ, որ հեշտությամբ տրվի, ունենք 4-5 կորուստ, բայց կարծում եմ՝ հիմա ամենակարևորը մինչև մյուս հանդիպումը վերականգնվել է, հետո արդեն մարզիչը կորոշի՝ ով կխաղա, ով՝ չի խաղա»,- ասաց Մխիթարյանը։

Յուրա Մովսիսյանի խոսքով՝ իրենք լավ գիտեին, որ դժվար խաղ է սպասվում, առաջին հերթին այս հաղթանակը նա կարևորեց հավաքականի անդամների համար.- «Սա թիմի բնավորությունն է ցույց տալիս»,- ասաց նա։

Վերջին՝ հաղթական գոլի հեղինակ Գևորգ Ղազարյանն էլ ասաց, որ այս հաղթանակին հասել են կամքի շնորհիվ.- «Փառք Աստծո, աշխատեցինք և պարգևատրվեցինք»,- ասաց ֆուտբոլիստը։

Այսօր վաղ առավոտյան Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները ժամանել են Երևան։ Այժմ նրանք պատրաստվելու են 3 օրից տեղի ունենալիք Հայաստան-Դանիա հանդիպմանը։
XS
SM
MD
LG