Մատչելիության հղումներ

ՀԱԿ․ «Մեղավորը ոչ այլ ոք է, քան Սերժ Սարգսյանը և նրա ռեժիմը»


Հայ ազգային կոնգրեսի լոգոն

Հայ ազգային կոնգրեսի լոգոն

«Պաշտոնական Երևանի իրարամերժ, փոփոխական, անսկզբունքային և անհետևողական հայտարարությունների և քայլերի պատճառով Հայաստանը հայտնվել է ծայրահեղ նվաստացուցիչ վիճակում և ոչնչացրել է միջազգային ասպարեզում (հավասարապես թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում) վստահելի և կանխատեսելի գործըներոջ վարկը, առաջացնելով աննախադեպ սպառնալիքներ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության համակարգի համար», - հայտարարում է Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ):

«Կատարվածի մեջ բացարձակապես չպետք է մեղադրել ոչ Եվրոպական միությանը, ոչ էլ Ռուսաստանին: Եթե պետք է մեղավոր փնտրել, ապա դա ոչ այլ ոք է, քան Սերժ Սարգսյանը և նրա ավազակապետական ռեժիմը», - ասված է ընդդիմադիր կուսակցության երեկ երեկոյան տարածած հայտարարությունում:

ՀԱԿ-ը հայտարարում է, որ Եվրոպական միության հետ Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրերին առնչվող, ինչպես նաև Մաքսային և Եվրասիական միություններին Հայաստանի միանալու վերաբերյալ որոշումների ընդունման, «Հայաստանի համար ճակատագրական այս հարցերի շուրջ բանակցությունների ամբողջ գործընթացը չի եղել թափանցիկ, համաձայնությունների և պայմանագրերի էությունը և հիմնավորումները գաղտնի են պահվել և չեն քննարկվել Հայաստանի քաղաքական ուժերի, հասարակայնության հետ ո՛չ Ազգային ժողովում, ո՛չ հանրային բանավեճի որևէ այլ ձևաչափում, և Սերժ Սարգսյանի կողմից կայացվել են ստվերային քաղաքական առևտրի և խաղադրույքների վրա հիմնված միանձնյա որոշումներ»:

«Ոչ հրապարակային, կամայական և ոչ-կոմպետենտ այս քաղաքականության հետևանքով Եվրոպական Միության և Ռոսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերություններում առաջացել է անվստահություն և լարվածություն, և նրանց հետ ինտեգրացիոն գործընթացները համագործակցության դաշտից տեղափոխվել են Հայաստանի համար Արևմուտքի և Ռուսաստանի միջև առճակատային մրցակցության և երկրի նկատմամբ բանեցվող ճնշումների դաշտ», - ընդգծում է կուսակցությունը:

ՀԱԿ-ը հայտարարում է, որ շարունակում է մնալ հավասարակշռված արտաքին քաղաքականության և փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների կողմնակից, վստահ է, որ «Հայաստանի միջազգային վարկի վերականգնումը և բազմակողմանի ինտեգրացիոն գործընթացների շարունակականությունն անհնարին է Սերժ Սարգսյանի ռեժիմի գոյության պահպանման պայմաններում, և կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին միավորվել ոչ օրինակարգ իշխանության հեռացման և ազգային շահերը պաշտպանող իշխանության ձևավորման նպատակի շուրջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG