Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 6-ի մամուլ


«Ժամանակ»-ը գրում է․ - «ՀՀԿ գործկոմի նիստը նախօրեին անցել է գրեթե արտակարգ դրության պայմաններում: Տարբերությունը եղել է երևի թե այն, որ արտակարգ դրություն ոչ թե մայրաքաղաքով կամ երկրով մեկ է հայտարարվել, այլ միայն Մելիք-Ադամյան փողոցով, որտեղ ՀՀԿ-ի կենտրոնական շենքն է: Բայց երևի առայժմ միայն Մելիք-Ադամյանով, որովհետև գործկոմի նիստի այդ հարակից մթնոլորտը հուշում է, որ շուտով երևի թե իշխանությունները հասարակությանը լռեցնելու համար արտակարգ դրություն կհայտարարեն ողջ երկրով մեկ: Մելիք-Ադամյան փողոցը փակ է եղել անցորդների համար, և նրանց թույլատրել են անցնել միայն անձը հաստատող փաստաթղթի դեպքում: Սա պարզապես աննախադեպ, ցնցող մի իրավիճակ է՝ մարդն իր հարազատ քաղաքի փողոցով անցնելու համար պետք է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնի, ինչ է թե այդ փողոցում իշխանական մի կուսակցություն գործկոմի նիստ է անցկացնում: Նման բան երևի թե նույնիսկ ԽՄԿԿ կուսակցական միջոցառումների ժամանակ տեղի չէր ունենում: Այլ կերպ ասած` Հայաստանի իշխանություններն արդեն երևի թե լիովին մտնում են Մաքսային միության դերի մեջ և այս տեսանկյունից ՀՀԿ-ի երեկվա գործկոմի նիստը կարելի է նույնիսկ համարել դրա «ռեպետիցիա»՝ փորձ, տեսնելու համար, թե ինչպես է ստացվում իրենց մոտ, հո հետ չեն մնում Բելառուսից, Ռուսաստանից և Ղազախստանից»:

«Հրապարակ»-ը գրում է․ - «Ինչո՞ւ են այս որոշման կողմնակիցները կարծում, որ Ռուսաստանն այնքան վստահելի է, այնքան ազնիվ ու պարկեշտ, որ կատարելու է իր բոլոր խոստումները, լինելու է հուսալի գործընկեր: Որ կարողանալու է այնպիսի միություն ստեղծել, որն էականորեն տարբերվելու է մեռելածին ԱՊՀ-ից: Որ երբ գա շահույթ ստանալու պահը, ոչ միայն ժամանակակից զենք չի վաճառելու մեր հակառակորդին, այլև չի անցնելու նրա կողմն ընդհանրապես: Վերջապես. սեփական տարածքում բազում անլուծելի խնդիրներ ունեցող, կոնֆլիկտների կծիկ, տոտալիտար Ռուսաստանն ինչո՞վ է օգտակար լինելու մեզ՝ բացի ընտրություններ կեղծելու, քաղաքական հակառակորդներին բանտերում փտեցնելու, ընդդիմությանն իսպառ ոչնչացնելու ավանդույթների փոխանցումից»:

«Ժողովուրդ» թերթի խմբագրականում կարդում ենք․ - «Մեր պետությունում այսօր առկա ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը, երկրում խոսքի ազատության և թափանցիկության երևութականություն ստեղծելով, իսպառ վերացրել է հանրությանը հաշվետու լինելու ավանդույթը. նրա պաշտոնավարման տարիներին քիչ-քիչ սովորական գործելաոճ դարձավ ՀՀ կառավարության անդամների` հետնամուտքերով ելումուտն ու լրագրողներից փախչելը: Ինքը՝ Սերժ Սարգսյանը ևս գրեթե անձեռնմխելի է լրագրողների համար. եթե նախկինում կար ավանդույթ, երբ ՀՀ նախագահը յուրաքանչյուր այցից առաջ և հետո հենց օդանավակայանում պարզաբանումներ էր տալիս լրագրողներին, ապա հիմա՝ անգամ Մաքսային միությանն անդամակցելու կարևորագույն որոշման հետ կապված, Ս. Սարգսյանն արդեն երրորդ օրն է՝ ոչ մի բառ չի ասում ժողովրդին: Առավելագույնը, որ նա անում է` ՀՀԿ ԳՄ-ի հետ հետին թվով քննարկումներն են: Մինչդեռ հիշեցնենք, որ նա ընտրությունների ընթացքում սիրում էր կրկնել, որ բոլորի նախագահն է` իրեն ընտրողների և չընտրողների: Այսօր, սակայն, նա իրեն պահում է որպես զուտ ՀՀԿ նախագահ»:

«Հայոց Աշխարհ»֊ը գրում է․ - «Մաքսային միության մեջ մտնելու Հայաստանի քայլը գնահատելով Հայաստան - Ռուսաստան - Եվրամիություն «եռանկյունու» շրջագծում՝ շատերն անտեսում են այս իրադարձության հետևում նշմարվող անթաքույց աշխարհառազմավարական նպատակները։ Այստեղից էլ ծնունդ է առնում Հայաստանի ղեկավարության քայլի իբր շտապողական ու սեփական ժողովրդի հետ չհամաձայնեցված լինելու մասին պնդումը՝ մոռանալով, որ երբեմն երկրներն այս կամ այն տնտեսական միավորումների մեջ են մտնում ամենևին էլ ո՛չ տնտեսական նպատակների համար։ Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների բովանդակության վերաբերյալ ռուսական որոշ լրատվամիջոցների վերջին բացահայտումները գալիս են հաստատելու, որ Մաքսային միություն մուտք գործելու քայլին զուգահեռ՝ երկու երկրները մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել Մերձավոր-Միջին Արևելքի ողջ տարածաշրջանում սպասվող վտանգավոր զարգացումներին միասնաբար դիմագրավելու վերաբերյալ»։

Թեմայի համատեքստում «Հայկական ժամանակ»-ը գրում է․ - «Ամեն ինչ արվում է, որպեսզի արդեն հաջորդ ուստարվանից Հայաստանում գործեն Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղն ու ռուսերենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցը»: Այս մասին երեկ թերթի թղթակցին հայտնել է Կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը: «Այսինքն, եթե ամեն ինչ հաջող ընթանա, հաջորդ սեպտեմբերից հայաստանցի երեխաները կարող են Երևանում սովորել Մոսկվայի պետական համալսարանում, կամ ռուսական գիմնազիայում», - գրում է «Հայկական ժամանակ»-ը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG