Մատչելիության հղումներ

logo-print

Նավասարդյան․ Ասոցացման համաձայնագրի հիմքը առևտրային հարաբերություններն էին


Ասոցացման համաձայնագրի ստորագրումը առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի ստորագրման անիմաստ է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը:

Երեկ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, թե քանի որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը թույլ չի տալիս Եվրամիության հետ ստորագրել ազատ առևտրի պայմանագիր, Հայաստանը պատրաստ է ստորագրել միայն Ասոցացման համաձայնագիրը, որը թույլ կտա բարեփոխումների միջոցով արդիականացնել երկիրը:

Մինչդեռ, Բորիս Նավասարդյանի փոխանցմամբ, Ասոցացման համաձայնագրի ամբողջ հիմքը հենց առևտրային հարաբերություններն են, որոնք հանելու դեպքում փաստաթղթի կարգավիճակը այնքան է իջնում, որ այն դժվար է Ասոցացման համաձայնագիր կոչել:

Ազգային պլատֆորմի համակարգողը հիշեցնում է, որ Հայաստանից առաջ Եվրամիությանը նման առաջարկ էր ներկայացրել նաև Ուկրաինան, որը կտրականապես մերժվել էր: Թե ինչպիսի՞ որոշում կկայացնի Եվրամիությունը Հայաստանի դեպքում, դժվար է ասել, սակայն, Նավասարդյանի փոխանցմամբ, շատ ավելի կարևոր է, թե արդյոք առանց ազատ առևտրի գոտու պայմանագրի Ասոցացման համաձայնագրի ստորագրումը բխո՞ւմ է Հայաստանի շահերից:

«Ըստ իս, այդպիսի համաձայնագիր Հայաստանի շահերից չի կարող բխել, քանի որ մեր հիմնական խնդիրներից են տնտեսության մենաշնորհը, շուկայի ապօրինի քվոտավորումը և այս գործընթացում պետական մարմինների ապօրինի օգտագործումը՝ նկատի ունեմ մաքսային ծառայություններ, հարկային ծառայություններ և այլն, և մրցակցային դաշտ ձևավորելու նպաստող ամբողջ բովանդակությունը Ասոցացման համաձայնագրի, մենք այնտեղից հանում ենք: Իսկ առանց այդ հարցերի լուծման չի կարելի լուծել ո՛չ մարդու իրավունքների, ո՛չ ժողովրդավարության, ո՛չ կոռուպցիայի խնդիրները: Այնպես որ, եթե իրոք Հայաստանի իշխանությունները հավատարիմ են իրենց խոստումներին և պարտավորություններին՝ իրականացնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներ, թող իրականացնեն, ի՞նչ կապ ունի Ասոցացման համաձայնագիրը», - մեկնաբանեց Բորիս Նավասարդյանը:

Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչո՞ւ չորս տարի բանակցելուց հետո Հայաստանը որոշեց կորցնել Եվրամիության հետ ազատ առևտրի գոտի ձևավորելու հնարավորությունը և մտնել Մաքսային միություն, արդյո՞ք Մոսկվայի ճնշումներն այդքան հուժկու են եղել, Բորիս Նավասարդյանը ասաց, որ եթե երկրի ներսում լիներ շահերի կոնսենսուս, որ երկրին ձեռնտու է Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը, ապա որևէ արտաքին ճնշում չէր կարող վտանգել այդ գործընթացը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում որոշ շրջանակներ գիտակցել են՝ միանալով ազատ առևտրի պայմանագրին, դրանով իսկ վտանգելու են իրենց սեփական շահերը:

«Դրանք մենաշնորհներ ունեցող անձիք են, դրանք մարդիկ են, որոնք խաբում են սպառողներին և դրա շնորհիվ գերշահույթներ են ձեռք բերում: Այն մարդիկ են, որոնք առաջնային դիրքեր են գրավում նաև մեր առաջատար քաղաքական ուժերում», - հայտարարեց Բորիս Նավասարդյանը:

Նշենք, որ երեկ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը բավական ուշագրավ հայտարարություն արեց, ասելով, թե Հայաստանը ի սկզբանե ցանկացել է անդամակցել Մաքսային միությանը, պարզապես իրենց ասվել է, որ ընդհանուր սահմանի բացակայությունը լուրջ խոչընդոտ է, լուծումներ գտնելու համար փորձագիտական խմբեր են աշխատել և վերջին փուլում նրանք կարողացել են ներկայացնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ են տալիս հաղթահարել այդ բարդությունը և արդյունավետ դարձնել մասնակցությունը Մաքսային միությանը:

Արձագանքելով Վիգեն Սարգսյանի այս հայտարարությանը Բորիս Նավասարդյանն ասաց, թե խիստ կասկածում է, որ նման ուսումնասիրություններ եղել են, հակառակ դեպքում Հայաստանցի պաշտոնյաները դրանց տեղյակ կլինեին, և մի քանի օր առաջ չէին հայտարարի, թե Մաքսային միության հետ ընդհանուր սահմանի բացակայությունը խոչընդոտ է այդ միությանը միանալու համար: Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ նման հայտարարություն էր արել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Հետևաբար, ըստ Նավասարդյանի, դրանք զուտ քաղաքական արդարացումներ են:

«Մաքսային միություն մտնելու որոշումը կապված է Հայաստանի անվտանգության խնդիրների հետ»

Այն, որ Եվրամիության հետ Ազատ առևտրի պայմանագիրը անհնար է տարանջատել է Ասոցացման համաձայնագրի փաթեթից, մեզ հետ զրույցում փաստեց նաև նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Վերջինիս փոխանցմամբ Ասոցացման համաձայնագիր նշանակում է քաղաքական կամք՝ տնտեսական հարաբերությունները խորացնելու համար:

«Այստեղ նորից գալիս ենք նրան, որ մեզ անհրաժեշտ էր այդ քաղաքական բարեփոխումները անել, որպեսզի մեր իշխանությունները ստիպված չլինեին օլիգարխների, մյուսների միջոցով կեղծել ընտրությունները և այդ իրենց լեգիտիմության պակասը տանել, դնել զոհասեղանին»,- ասաց նախկին արտգործնախարարը։

Արզումանյանը տարակուսելի է համարում Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե Մաքսային միության հետ ընդհանուր սահմանի չունենալու խնդիրը հաղթահարվել է: Թե 2-3 օրվա մեջ հիշյալ փորձագետները ինչ լուծումներ են գտել, ընդդիմադիր պատգամավորը հորդորում է դրանք հրապարակել:

«Ասվում է, որ այդ աշխատանքային խումբը եկել է եզրակացության, որ սահման է հայտնաբերվել, մի քիչ տարակուսելի է, որովհետև ընդամենը դրանից մի քանի օր առաջ արտգործնախարարի առաջին տեղակալը նորից վերահաստատեց, որ կան այնպիսի անհաղթահարելի խոչընդոտներ, որոնց թվում նաև սահմանի բացակայությունն է և մեր սուվերենության նվազեցումը։ Լավ կլիներ, որ մենք ծանոթանային այդ խմբի մասնակիցների հետ և իրենց աշխատանքի արգասիքի հետ, որից հետո գուցե մենք էլ բոլորս համոզվենք, որ մեր ապագան Մաքսային միությունն է»,- ասաց Արզումանյանը։

Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե Մաքսային միության անդամագրվելը բխում է Հայաստանի շահերից, ապա և Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը, և Հայաստանի նախկին արտգործնախարարը հակադարձում են, որ անհամեմատելի են այն օգուտները, որոնք Հայաստանի տնտեսությունը կարող էր ստանալ եվրոպական շուկա մուտք գործելու դեպքում:

Արզումանյանի փոխանցմամբ՝ իհարկե, շատ հեշտ է ոչինչ չզարգացնել, և անորակ ապրանք արտահանել Ռուսաստան: Մինչդեռ եվրոպական շուկա մուտք գործելով Հայաստանը պարտավորվելու էր իր ապրանքերի որակը հասցնել եվրոպականին: Բացի այդ Արզումանյանի համոզմամբ՝ անհամեմատելի են նաև Եվրամիության և Մաքսային միության շուկաներիի չափերը, ինչպես նաև բնակիչների գնողունակությունը: Ստացվում է՝ Հայաստանը կորցնում է եվրոպական կես միլիարդանոց որակյալ շուկան՝ հանուն ռուսական և ղազախական շուկաների: Հաշվի առնելով, որ տնտեսապես որևէ օգուտ Հայաստանը չի ստանալու, նախկին արտգործնախարարը Մաքսային միություն մտնելու որոշումը համարում է քաղաքական, որը կապված է Հայաստանի անվտանգության խնդիրների հետ:

«Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և չի կարող դեռևս այլընտրանք գտնել մեր և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը ապահովելու համար։ Դրա համար կաշկանդված է իր որոշումներում և շատ դեպքերում ստիպված է լինում գնալ քայլերի, որոնք այնքան էլ չեն բխում մեր ընդհանուր տնտեսական զարգացման շահերից, բայց ստիպված դա անում են»,- ընդգծեց նախկին արտգործնախարարը։
XS
SM
MD
LG