Մատչելիության հղումներ

logo-print

Խմբով ծեծել են պաշտոնանկություններ պահանջող քաղաքացուն


Բողոքի ակցիան Երևանի քաղաքապետարանի դիմաց, օգոստոս, 2013թ․

Բողոքի ակցիան Երևանի քաղաքապետարանի դիմաց, օգոստոս, 2013թ․

Երիտասարդ ակտիվիստ Արման Ալեքսանյանի վրա հարձակվել են հաղթանդամ, սևազգեստ անձինք: Ոստիկանությունը դեռ «նյութեր է նախապատրաստում»:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի և «Երևանտրանս» ընկերության տնօրենի պաշտոնանկության պահանջով բողոքի ակցիային մասնակցած 21-ամյա Արման Ալեքսանյանի վրա կեսգիշերին հարձակվել է 10-15 հաղթանդամ, սևազգեստ երիտասարդ:

«Հարձակվեցին ինձ վրա, մի քանիսը մահակներով, ծեծի ենթարկեցին, ես գնացի փողոց, ճանապարհը փակվեց, ու երբ որ արդեն շատ մարդ հավաքվեց, իրենք հետ եկան։ Ու երբ որ արդեն ընկած էի ես, նրանցից մեկը հարցրեց՝ «խի՞ ես գնում քաղաքապետարան», իսկ ես քաղաքապետարանից էի գալիս` նստացույցի մոտից, այսինքն դրդապատճառը քաղաքապետարանն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց 21-ամյա Ալեքսանյանը՝ դեպքի վայրում նկարագրելով տեղի ունեցածը։

ԵՊՀ ուսանողը պատմեց, որ քաղաքապետարանի մոտից իրեն հետևել է երկու անձ, և, հասնելով Մաշտոցի պողոտայի վերջնամաս, դալանի ներսից դուրս են եկել այդ հաղթանդամ անձինք, ապա հարձակվել իր վրա։ Երիտասարդն ասաց՝ մի քանիսի դեմքերը հիշում է։

Արման Ալեքսանյանի գլխին կային հարվածի հետքեր, ծնկի հատվածը նույնպես վնասված էր, քայլում էր դժվարությամբ: Երիտասարդն ասաց, որ գիշերվա դեպքից հետո անհրաժեշտ է ապահովել իր անվտանգությունը։

Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց, որ ոստիկանությունն արձանագրվել է այս դեպքը, բայց քրեական գործ դեռ չի հարուցվել, նյութերը դեռ նախապատրաստվում են։

Ակտիվիստների վրա հարձակումները սկսել են 11 օր առաջ

Օգոստոսի 25-ին քաղաքապետարանի տարածքում հարձակում էր արձանագրվել բողոքի ակցիայի մասնակից Միհրան Մարգարյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի վրա: Նրանք ստացել էին մարմնական վնասվածքներ:

Բաբկեն Տեր-Գրիգորյանն ասում է՝ 11 օր անց դեռ քրեական գործ չի հարուցվել։

Իսկ երեք օր առաջ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին գիշերը ոչ սթափ վիճակում թքել էր ակտիվիստների ուղղությամբ, հայհոյել էր և հեռացել: Այս դեպքում ևս, ինչպես նշեց ոստիկանապետը, քրեական գործ չի հարուցվել, Նավասարդյանի մեքենան տարել են տուգանային հրապարակ։

«Արմենիա Թուդեյ» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը, ով իրավապահների ուշադրության կենտրոնում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով քրեական գործի, ինչպես նաև բողոքի ակցիաների առնչությամբ երեք վարչական վարույթի շնորհիվ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց՝ «ոստիկանությունն ու կրիմինալը ձեռք ձեռքի տված ակտիվիստների դեմ հետապնդումներ են իրականացնում»։

«Այս գործողությունները համակարգված գործողություններ են։ Մի կողմից ոստիկանությունն է շարունակում իր ապօրինությունները՝ ծեծելով, բռնի կերպով բաժիններ տանելով ակտիվիստներին, մյուս կողմից՝ ամեն օր մենք լսում ենք, որ այս կամ այն ակտիվիստին կրիմինալը ծեծել է, վիրավորել է, հայհոյել է։ Եվ մինչ օրս որևէ կրիմինալ չի ենթարկվել պատասխանատվության, որևէ քրեական գործ չի հարուցվել»,- ասաց Կիվիրյանը։

Քաղաքապետարանի մոտ բողոքի տարբեր միջադեպերով ակցիաները շարունակվում են արդեն 42 օր:
XS
SM
MD
LG