Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտում ակնկալում են, որ Հայաստանը նվիրված կմնա ժողովրդավարացմանը, բարեփոխումներին և եվրոպական ինտեգրացիային:

Բոլոր երկրները իրավունք ունեն ընտրել տնտեսական ինտեգրման և զարգացման սեփական ճանապարհը՝ համաձայն իրենց ազգային շահերի: «Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակիչ Ռիչարդ Սոլաշին այդ մասին ասել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնյան, որը չի ցանկացել հրապարակել իր անունը:

Մեկնաբանելով Մաքսային միությանը անդամակցելու և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի որոշման մասին նախագահ Սերժ Սարգսյանի՝ Նովո Օգարյովոյում արած հայտարարությունը՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնյան նաև ընդգծել է․ - «Ոչ մի երկիր իրավունք չունի որոշել այլ երկրի քաղաքական և տնտեսական կողմնորոշումը, ոչ էլ որոշել, թե ինչ դաշինքների և առևտրական համաձայնագրերի այն կարող է միանալ»:

«Մեզ քաջալերում էր Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, քանի որ այն կնպաստեր Հայաստանի արդիականացմանը և բարեփոխմանը», - շարունակել է ամերիկացի դիվանագետը:

Ընդգծելով, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, որն ինքը պետք է որոշի իր ուղեգիծը, Պետդեպարտամենտի պաշտոնյան ավելացրել է․ - «Այս որոշումները կենսական կարևորություն ունեն, և դրանք հայաստանցիների ու Հայաստանի որոշելիք հարցն են»:

«Մենք խրախուսում ենք Հայաստանին հավատարիմ մնալ քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում իր մի շարք հանձնառություններին և ամենակարևորը՝ իր նվիրվածությանը հետագա ժողովրդավարացմանը, քաղաքական և տնտեսական բարեփոխումներին և եվրոպական ինտեգրացիային», - ամփոփել է ամերիկացի դիվանագետը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG