Մատչելիության հղումներ

Առաջարկ, որ Սարգսյանը չէր կարող մերժել. այսպես է Քարնեգի կենտրոնի փորձագետ Թոմաս դը Վաալը մեկնաբանել սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների բանակցությունները, որոնց արդյունքում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն:

Հայտարարությունը, ըստ Թոմ դը Վաալի, բավական անսպասելի էր: Հայաստանի նախագահը կարճատև այցով Մոսկվա էր մեկնում: Բոլորը գիտեին, որ օրակարգում մի հարց էր՝ Վլադիմիր Պուտինի հրավերը Հայաստանին՝ միանալու Եվրասիական միության ծրագրին, և օրվա վերջում հաստատվեց, որ սա մի առաջարկ էր, որ Սարգսյանը չէր կարող մերժել, ու նա հայտարարեց, որ Հայաստանը կանդամակցի միությանը:

«Հայտարարությունից հետո», - գրում է Թոմաս դը Վաալը, - «Ֆեյսբուքում հետևում էի հայաստանցիների տառապանքին ու դժգոհությանը, ովքեր աղոթում էին, որ ամեն ինչ այդպես չավարտվեր»:

«Սակայն արդյո՞ք դա հնարավոր էր: Հայաստանի իշխանությունների համար իսկապես երկար ու շոգ ամառ էր, Եվրամիության հետ բանակցությունները ակտիվացել էին` Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ:

Հայաստանին ասվել էր, որ կարող է նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ասվել էր նաև, որ ցանկության դեպքում Հայաստանը կարող է միանալ նաև Ազատ առևտրի գոտուն, այս քայլը, սակայն, թույլ չէր տա միանալ Մաքսային միությանը` առաջին հերթին այն պատճառով, որ գոյություն ունի մաքսային անհամատեղելիություն:

Ռուսաստանի պատասխանը երկիմաստ չէր, նրանք լուրեր տարածեցին Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին մեծ քանակությամբ հարձակողական զինատեսակներ վաճառելու մասին, իսկ Պուտինը մի բլից այց կատարեց Բաքու` տասնյակ պաշտոնյաների ուղեկցությամբ:

Հայաստանի իշխանությունները խոստովանում են, որ այս ամենը անվտանգության համար է արվում, որ իրենք չէին կարող կորցնել իրենց միակ խոշոր դաշնակցին, որը մի ակնթարթում կարող էր կործանել իրենց: Մոսկվայում Սարգսյանն ասաց, թե բազմիցս կրկնել է նախկինում՝ երբ ռազմական անվտանգության համակարգի մաս ես կազմում, անհնար է և ոչ արդյունավետ մեկուսանալը համապատասխան տնտեսական տարածությունից:

Սարգսյանը նաև շեշտեց, որ այս որոշումը չի նշանակում, թե Հայաստանը մերժում է Եվրամիությանը:

Ճիշտ է, որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը կարող է համաձայնեցվել Վիլնյուսում, սակայն տնտեսական ինտեգրացիոն նախագծերի վրա այժմ արդեն վստահաբար կարելի է խաչ քաշել:

Հայաստանի կառավարությունում ոմանք դժգոհում են, որ Եվրամիությունը իրենց տեղ չի թողել մանևրելու համար: Իհարկե, Բրյուսելի բյուրոկրատիան դանդաղաշարժ մեքենա է, որը դիվանագիտական հարցերում լավ չէ: Սակայն կարելի է նաև այս ամենը դիտարկել որպես դանդաղ ընթացքով ավտովթար, որ տեղի է ունենում մի քանի տարիների ընթացքում:

Թե՛ Սարգսյանի, թե՛ նրանից առաջ Քոչարյանի վարչակազմերը թույլ տվեցին, որ Ռուսաստանը տիրանա Հայաստանի տնտեսությանը, ինչը նրանց քաղաքական վերահսկողություն տվեց:

Երբ Սարգսյանը ենթադրաբար սկսեց մտմտալ այս գործարքի վերաբերյալ, արդեն իսկ զուրկ էր այլընտրանքի հնարավորությունից:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին՝ նա այս խաղը շատ խելացի խաղաց, բայց Հայաստանը, իհարկե, այստեղ գլխավոր թիրախը չէ, Ռուսաստանի գլխավոր թիրախը Ուկրաինան է, այժմ ճնշումը Կիևի վրա էլ ավելի է մեծանում», - գրել է Թոմաս դը Վաալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG