Մատչելիության հղումներ

logo-print

Իվանիշվիլին համոզված է, որ իրենց թեկնածուն հաղթելու է


Բիձինա Իվանիշվիլին և Գեորգի Մարգվելաշվիլին Թբիլիսիում ասուլիսի ժամանակ, մայիս, 2013թ․

Բիձինա Իվանիշվիլին և Գեորգի Մարգվելաշվիլին Թբիլիսիում ասուլիսի ժամանակ, մայիս, 2013թ․

Վրաստանի վարչապետը հերթական անգամ վերահաստատել է մինչև տարեվերջ քաղաքականությունից հեռանալու իր մտադրությունը:

Վրաստանում հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններից շուրջ երկու ամիս առաջ երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին միանշանակորեն համոզված է` իշխող «Վրացական երազանք»-ը ներկայացնող Գեորգի Մարգվելաշվիլին իրական հակառակորդներ չունի:

«Ես չգիտեմ՝ ցավոք սրտի թե բարեբախտաբար, սակայն իմ տպավորությամբ՝ մեր թեկնածուն` Գեորգի Մերգվելաշվիլին, հաղթելու է հենց առաջին փուլում, այն էլ՝ ձայների շատ մեծ առավելությամբ», - հայտարարել է Իվանիշվիլին:

Հիշեցնենք, որ Վրաստանում անցկացված վերջին սոցհարցումների համաձայն՝ Մարգվելաշվիլու վարկանիշը գերազանցում է 50 տոկոսի ցուցանիշը: Երկրորդ տեղի համար համառ պայքարը ծավալվել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր զինակից Դավիթ Բաքրաձեի և խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի միջև:

Բաքրաձեի համոզմամբ՝ Իվանիշվիլին նման հայտարարություններով փորձում է ուղղորդել ընտրողներին:

«Ով է առաջատար թեկնածուն և ով ինչ շանսեր ունի` որոշում է ոչ թե երկրի վարչապետը, այլ վրաց ընտրողը», - հայտարարում էր Դավիթ Բաքրաձեն:

Ինքը Վրաստանի վարչապետը, սակայն, երեկ կայացած ասուլիսի ժամանակ կրկին հայտարարեց, որ մինչև տարեվերջ հեռանալու է քաղաքականությունից: «Վրացական երազանք»-ի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակի դեպքում նա պատրաստվում է իր հինգ միլիարդանոց ունեցվածքի 90 տոկոսը ներդնել Վրաստանի զարգացմանն ուղղված տարատեսակ ծրագրերում: Իսկ եթե հանկարծ «Վրացական երազանք»-ի թեկնածուն չհաղթի ընտրություններում, ապա Իվանիշվիլին խոստանում է վարվել այնպես, ինչպես հայտնի վրաց գրող Չաբուա Ամիրեջիբիի վեպի հերոսը` Դաթա Թութաշխիան: «Կապրեմ այնտեղ, որտեղ ցանկանամ, և ինչպես ցանկանամ», - գրական հերոսի խոսքերն է մեջբերում Իվանիշվիլին` նշելով միայն, որ Մարգվելաշվիլիի պարտության դեպքում որևէ ներդրում Վրաստանի տարածքում իրականացնել չի պատրաստվում:

Նախագահության թեկնածուներից Նինո Բուրջանաձեն դեռ հույս ունի, որ Իվանիշվիլին չի հեռանա քաղաքական դաշտից:

«Այն, ինչ հայտարարեց Իվանիշվիլին` պաշտպանելով իր ստեղծած քաղաքական ուժի թեկնածուին, շատ բնական էր: Մյուս կողմից, ես համոզված եմ, որ հաղթելու եմ` առաջին կամ երկրորդ փուլում: Այդ դեպքում ես կփորձեմ համոզել Իվանիշվիլիին չլքել քաղաքական դաշտը: Վրաստանը կշահի, եթե ես լինեմ նախագահ, իսկ Իվանիշվիլին` վարչապետ», - հայտարարում էր Բուրջանաձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG