Մատչելիության հղումներ

Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանը, ով ևս երեք երիտասարդների հետ մեղադրվում է խուլիգանության և ուրիշի գույքին վնաս պատճառելու մեջ և արդեն 4 ամիս է գտնվում է կալանավայրում, սեպտեմբերի 2-ին հնգօրյա հացադուլ է հայտարարել:

Մուղալյանի մայրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ որդին հացադուլի որոշում կայացրել է սեպտեմբերի 2-ի չկայացած դատական նիստից հետո. - «Մենք իրեն փորձում էինք բացատրել, որ իրավական ձևով այս ամեն ինչը կկարգավորվի, որովհետև մենք հույս ունենք, որ դատարանում, երբ բոլորը գան դեմ-դիմաց կանգնեն, այս աբսուրդը կբացահայտվի: Ինքը մեզ չլսեց, ինքը գտավ, որ ինքն էլ պիտի միանա մեր բողոքին: Եվ վերջին հաշվով իր վիրավորանքն է ուզում ինչ-որ տեղ արտահայտել»:

Մուղալյանի փաստաբան Վահե Գաբրիելյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հացադուլի առաջին պատճառն այն է, որ այժմ կալանավորված Մուղալյանը համաձայն չէ իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի հետ և այն հանգամանքի հետ, որ արդեն երրորդ դատական նիստը հետաձգվում է ու փաստաբանը չի կարողանում միջնորդություն ներկայացնել՝ խափանման միջոցը փոխելու մասին:

«Մի նիստին մոռացել են մեղադրական եզրակացությունը ուղարկել կողմին, չգիտես ինչու: Երկրորդ նիստին միջնորդություն է արվում, դատախազը մեկ շաբաթ ժամանակ է խնդրում 4-5 էջ միջնորդություններին ծանոթանալու համար: Գնում են ծանոթանալու, պետք է գան դիրքորոշում հայտնեն, գալիս են երկու նոր դատախազ, ասում են, որ իրենց նոր են լիազորել և 10 օր ժամանակ են խնդրում գործին ծանոթանալու համար», - ասաց Վահե Գաբրիելյանը:

Հիշեցնենք, Արամ Մուղալյանը, Արթուր Քլյանը, Գագիկ Առաքելյանը և Ռոբերտ Փիլոյանը մեղադրվում են կրակ վառելով խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքին վնաս պատճառելու մեջ: Արթուրը Քլյանը և Ռոբերտ Փիլոյանը մարզիկներ են, ունեն հանրապետական մրցաշարերի առաջին տեղերի դիպլոմներ, Ռոբերտը Փիլոյանը ստանում էր երկրորդ բարձրագույն կրթությունը, իսկ Արամ Մուղալյանը ԵՊՀ-ից հետո սովորել է նաև Անգլիայի Քեմբրիջի համալսարանում:

Ըստ մեղադրական եզրակացության, այս չորս երիտասարդները նախ հրկիզել են գյուղացի Սիրավանդ Խուդոյանի տան հարակից ոչ պիտանի հարդը, հետո՝ խոտի դեզի հարակից տարածքը, հետո խոտի 1200 հակերից մեկի 10 տոկոսը, պատճառելով 200 դրամի վնաս: Այս ամենը, ըստ մեղադրանքի, երիտասարդները արել են «զվարճանալու և իրենց առավելություններն ընդգծելու նպատակով»:

Թե' կալանավորվածների հարազատները, թե' փաստաբանները պնդում են, որ մեղադրանքն անհիմն է, բացի այդ, կառուցված է նաև երիտասարդների բացատրությունների վրա, որոնք սակայն, իրենց պնդմամբ, ստացվել են ճնշումների արդյունքում:

«Երբ իրեն առաջին անգամ տարել են ոստիկանություն, Արամը բացատրություն է գրել, հետագայում գրավոր հայտարարություն է արել, որ այս բացատրությունը գրվել է նախկին քննիչի ճնշումներով և թելադրանքով, ու այդ հայտարարությունը կցվել է գործին, բայց նախաքննական մարմինը որևէ գործողություն չի կատարել՝ պարզելու Արամը ճի՞շտ է ասում, թե՞ սուտ», - ասաց Վահե Գաբրիելյանը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Արամ Մուղալյանն այժմ գտնվում է առանձին խցում, նրա առողջական վիճակը նոմալ է, նրա հետ հացադուլը դադարեցնելուն ուղղված աշխատանքներ է տանում հիմնարկի հոգեբանը:
XS
SM
MD
LG