Մատչելիության հղումներ

Կալանքն՝ առանց ոստիկանների գործողությունների իրավաչափության քննարկման


Armenia - A national police banner, undated

Armenia - A national police banner, undated

Հատուկ քննչական ծառայությունը դեռ տեղեկատվություն չի տրամադրել այն մասին, որ քննարկել է օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում ոստիկանների գործողությունների իրավաչափության հարցը, թեև երեկ դատարանը երկու մասով կալանավորեց Կոմիտաս 5 հասցեում ապօրինի շինարարության կապակցությամբ իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտած, 32-ամյա Դմիտրի Հարությունյանին:

Հարությունյանի պաշտպանները պնդում են, որ օրենքը թույլ չի տալիս առանց ոստիկանների գործողությունների իրավաչափության հարցը համապատասխան ատյանում պարզելու քրեական հետապնդում սկսել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե օգոստոսի 24-ին Կոմիտասի պողոտայում ոստիկանության գործողությունները, մասնավորապես, Դմիտրի Հարությունյանի նկատմամբ իրավաչա՞փ են եղել, ասաց, թե ոստիկանության գործողությունները համապատասխանել են օրենքի տառին։

Մինչդեռ Դմիտրի Հարությունյանի փաստաբան Լուսինե Սահակյանը պնդում է, որ կան տեսանյութեր, որոնք պատկերում են «ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունները»։ Կան պնդումներ, որ ոստիկանները օրենքի մի շարք պահանջներ խախտել են նաև Դմիտրի Հարությունյանին ոստիկանության բաժին տանելիս: Օգոստոսի 31-ի գիշերը Հարությունյանին ոստիկանություն տեղափոխելու ժամանակ արձանագրված իրավախախտումների մասին է պնդում իրավապաշտպան, լրագրող Ժաննա Ալեքսանյանը։

«31-ի գիշերը զանգահարել եմ ոստիկանություն, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ միջոցներ ձեռնարկելու ոստիկանների անօրինական պահվածքի կապակցությամբ։ Նրանք ուղղակի գնացել են այդ գյուղ, որտեղ գտնվում էր Դմիտրի Հարությունյանը իր ընտանիքի հետ, ընդ որում՝ երկու տարեկան երեխայի հետ, դռները ջարդելով, փորձելով պատուհաններից ներս մտնել և ամբողջ ընթացքում մենք խոսում ենք, որ ոստիկաններին բերեն օրինական դաշտ։ Ոչ փաստաթուղթ են ներկայացրել, ոչ ներկայացել են»,- ասաց Ալեքսանյանը։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ ծառայողական քննություն չի նշանակվել Դմիտրի Հարությունյանի հետ կապված ոստիկանության գործողությունների առնչությամբ:

Այդ պայմաններում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով քաղաքացուն կալանավորելու հանգամանքը իրավապաշտպաններին առիթ է տալիս նշված հոդվածի կիրառման նախադեպերի քննարկման համար:

2008 թվականի նախագահի ընտրությունների կապակցությամբ ընդդիմադիրներին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով դատապարտելու հետևանքով ավելի քան 20 դիմում ուղարկվել է Եվրոպական դատարան:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովն անգամ բանաձև է ընդունել՝ արգելելով բացառապես ոստիկանների ցուցմունքներով քաղաքացուն ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանք առաջադրելը: Սակայն իրավապաշտպաններն արձանագրում են այդ պահանջին հակասող իրավիճակ:

«Միևնույնն է՝ ոստիկանությունը, ավելի ճիշտ հայաստանյան իշխանությունը անցել է այս ձևին։ Կարծում եմ, ոստիկանությունը ինքնուրույն նման քայլեր չի ձեռնարկի։ Ուզում եմ նշել փաստաբան Վահե Գրիգորյանի վերլուծությունը, ով ասել էր, որ վերջին չորս տարիների ընթացքում այս հոդվածը կիրառվել է 30 անգամ ավելի, քան ՀՀ անկախության հռչակումից ի վեր։ Եվ այս հոդվածը ճնշող մեծամասնությամբ կիրառվել է քաղաքական հակառակորդների նկատմամբ՝ որպես հաշվեհարդարի միջոց», - ասում է Ժաննա Ալեքսանյանը։

Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածը «խոցելի է»

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքն առհասարակ խոցելի է։

«Եթե խոսքը վերաբերում է հանցագործության ապացույցներին անկախ դատարանում, իհարկե, շատ բարդ է ապացուցելը, որովհետև ցուցմունքներ են տալիս հիմնականում ոստիկանները, որոնց ցուցմունքները արժանահավատ չի կարելի համարել, իրենք են հարձակվում ժողովրդի վրա և ստիպում, որ մարդիկ պաշտպանվեն, և այդ պաշտպանությունը իրենք դիտարկում են որպես դիմադրություն», - ասաց Հարությունյանը։

Ընդհուպ մինչև երեկ եվրոպական ինտեգրացիայի ճանապարհի շնորհիվ աղաղակող իրավախախտումներից զերծ մնալու հույսերն իրավապաշտպանները համարում են հուշեր։

«Ըստ էության, Եվրոպայի ճանապարհը երեկ Սերժ Սարգսյանը փակեց։ Նա, լինելով ռուսական ազդեցության գործակալ Հայաստանում, հայ ժողովրդի, Հայաստանի անունից հայտարարեց, որ իբր Հայաստանը գնում է դեպի Ռուսաստան»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ լինել Մաքսային միության կազմում, նշանակում է «ունենալ քաղբանտարկյալներ, հրաժարվել պետականությունից, ազատություններից, 90-ականների սկզբից հռչակված անկախությունից»:
XS
SM
MD
LG