Մատչելիության հղումներ

«Ունիսոն» հասարակական կազմակերպության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի հրապարակած համատեղ վերլուծությունից պարզվել է, որ Հայաստանում հաշմանդամների իրավունքներն առավել հաճախ խախտվում, կամ գործող օրենքները ամբողջությամբ չեն կիրառվում ամենակարևոր ոլորտներում:

Ըստ «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի՝ անարգել տեղաշարժվելուց բացի խնդիրներ կան առողջապահության, զբաղվածության և կրթության ոլորտներում:

Տարիներ շարունակ խոսվում է հաշմանդամների ազատ տեղաշարժի ուղղությամբ ստեղծված հարմարությունների մասին, փողոցից մինչև շենք-շինություններ, այնինչ ըստ Ալավերդյանի՝ մատչելիություն չկա անգամ նորակառուց շենքերից շատերում:

«Օրենքը խախտվում է շատ հաճախ: Բացարձակ ոչինչ չի արվում, որովհետև Վարչական իրավախախտումների օրենսգրքում որևէ պատասխանատվություն չկա այդ նորմերը խախտելու համար»,- ասում է Ալավերդյանը:

Անդրադառնալով առողջապահության ոլորտում առկա խնդիրներին Արմեն Ալավերդյանն անդրադարձավ հաշմանդամների համար գործող պետպատվերին, հատկապես, երբ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամների բուժումն և դեղորայքային սպասարկումը կազմակերպվում է անվճար:

«Իմ կարծիքով պետպատվերից կարելի է օգտվել միայն այն ժամանակ, երբ ձեզ չի հետաքրքրում արդյունքը: Իսկ, եթե դուք կամ ձեր մտերիմն իրոք ուզում եք առողջության բարելավում ստանալ այլ ոչ թե վատթարացում՝ պետք է վճարեք», - նշում է նա:

Ալավերդյանի խոսքով, զբաղվածության ոլորտում առկա հիմնական խնդիրներից մեկը դեռ մնում է գործատուի կանխակալ վերաբերմունքը:

Գայանե Խաչատրյանը Փաստաբանների պալատի անդամ է, նա նույնպես հաշմանդամություն ունի: Ըստ նրա, աշխատանք գտնելու դեպքում անգամ հաշմանդամություն ունեցող մարդը կանգնում է ազատ տեղաշարժման խնդրի առջև:

Կրթության ոլորտին անդրադառնալով Ալավերդյանն ընդգծեց հատկապես այն, որ ներառական կրթություն ասվածն էլ ոչ բոլոր հաշմանդամ երեխաներին է հասու:

Այժմ գործող հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքը շուտով կփոխարինվի նոր մայր օրենքով՝ որը կկոչվի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման օրենք:
XS
SM
MD
LG