Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին՝ «ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով:

Հրամանագրով, որի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում, հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը, գործունեության կարգը:

Հանձնաժողովը կղեկավարի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, հանձնաժողովում ընդգրկված են Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Հայաստանի նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Գևորգ Կոստանյանը, «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Ղազինյանը, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Գևորգ Դանիելյանը և Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GTZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը:

Հանձնաժողովը մինչև 2014 թվականի ապրիլի 20-ը նախագահին է ներկայացնելու սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որին նախագահի կողմից հավանություն տրվելուց հետո՝ տասն ամսվա ընթացքում, նախագահին է ներկայացնելու իր կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար է նշանակվել Հայաստանի նախագահի ռեֆերենտ Սիրանուշ Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG