Մատչելիության հղումներ

Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել Պուտինի առաջարկած Մաքսային միությանն ու ԵՄ Ասոցիացման համաձայնագրին. այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը, ով նաև Եվրոպայի ամենահզոր քաղաքական ուժի` Եվրոպական ժողովրդական կուսակցության գործադիր մարմնի անդամ է:

«Ես շատ եմ ցավում այդ որոշման համար, քննարկել եմ այս հարցը Հայաստանի նախագահի հետ: Մենք գիտենք, որ Հայաստանի վրա ահռելի ճնշումներ են գործադրվել Ռուսաստանի կողմից` Ադրբեջանի և Ղարաբաղի շուրջ դժվար իրադրության հետ կապված, և որ այդ ճնշումները օգտագործվել են Հայաստանի նման փոքր պետությանը շանտաժի ենթարկելու համար, որպեսզի նման որոշում կայացվի: Ես շատ եմ ցավում, քանի որ իրավաբանորեն և որոշ այլ պայմանների պատճառով հնարավոր չէ լիարժեք անդամակցել և՛ Մաքսային միությանը, և՛ ԵՄ Ասոցիացման համաձայնագրին և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն», - ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:

«Ազատություն» ռադիոկայանը հետաքրքրվել է նաև, թե ինչպիսին կլինեն Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները այսուհետ` նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններից ու Պուտինի նախաձեռնած Մաքսային միությանը միանալու որոշումից հետո:

«Մեր հարաբերությունները կլինեն այնպիսին, ինչպիսին որ Եվրամիությունը ունի ցանկացած այլ երկրի հետ, բայց` առանց եվրոպական հեռանկարի», - պատասխանել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: Ընդ որում, Էլմար Բրոկը չի համաձայնել որոշ փորձագետների տեսակետին, թե պաշտոնական Երևանը ստիպված էր նման որոշում կայացնել, քանի որ Եվրամիությունը «դժվարին պահին միայնակ թողեց Հայաստանին»:

«Կարծում եմ` այդ պնդումները ընդամենը քարոզչական տարր են` նախատեսված ներքին լսարանի համար: Մենք պատրաստ էինք բանակցել համաձայնագրի շուրջ և առաջընթաց արձանագրել այս ուղղությամբ Վիլնյուսում, դա շատ հստակ էր: Կարծում եմ` պատճառը դա չէ: Պատճառը շանտաժն ու ճնշումներն էին, որ գործադրվեցին Ռուսաստանի կողմից», - նշել է նա:

«Ի՞նչ եք կարծում, հնարավորություն կա՞, որ Հայաստանը փոխի իր միտքը` Վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ»` հետաքրքրվել է Բրյուսելում աշխատող «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը:

«Հուսով եմ, քանի որ մենք դեռ խոսելու ենք հայկական կողմի հետ»,- ասել է եվրոպացի պաշտոնյան` մանրամասնելով. - «Վերջին տարիների ընթացքում ես մի քանի անգամ քննարկում եմ ունեցել Հայաստանի նախագահի հետ, և հիմա կարող եմ միայն ենթադրել, որ այստեղ ռուսական կողմի ճնշումն է դեր խաղացել: Եթե հնարավորություն լինի վերադառնալ այս հարցին, ապա շատ կարևոր է, որ ղարաբաղյան խնդիրը կարգավորված լինի, և Հայաստանի նման փոքր պետությունը լուծման տարբերակ գտնի Ադրբեջանի հետ` տարածաշրջանի խնդիրները հաղթահարելու համար: Եվրամիությունը, որը մինչ օրս դրանով չի զբաղվել, պետք է շատ ավելի մեծ հետաքրքրություն դրսևորի այս սառեցված հակամարտությունը կարգավորելու հարցում»:

Հարցազրույցի ավարտին Եվրախորհրդարանի ազդեցիկ պաշտոնյան ևս մեկ անգամ բացառել է հնարավորությունը, որ Հայաստանը կարող է միաժամանակ անդամակցել և՛ Կրեմլի առաջարկած միությանը, և՛ ԵՄ Ասոցիացված համաձայնագրին ու ազատ առևտրի գոտուն:

«Դրանց միջև կան իրավաբանական հակասություններ, հնարավոր չէ կիսով չափ հղի լինել», - եզրափակել է Եվրամիության ամենահզոր քաղաքական ուժի` Եվրոպական ժողովրդական կուսակցության տնօրենների խորհրդի անդամ Էլմար Բրոկը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG