Մատչելիության հղումներ

Քերրին և Հեյգելը Սիրիային հարվածելու կողմնակից են


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի և պաշտպանության նախարար Չաք Հեյգել
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի և պաշտպանության նախարար Չաք Հեյգել

Պետքարտուղարը և պաշտպանության նախարարը սենատորներին համոզում են հավանություն տալ հարված հասցնելու նախագահի դիմումին։

ԱՄՆ գործադիրը և օրենսդիրը Սիրիայի հարցն են քննարկում

Միացյալ Նահանգների արտաքին և պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները Սենատի հանձնաժողովում պարզաբանումներ են ներկայացնում Սիրիային հարվածներ հասցնելու հարցի շուրջ։

Ջոն Քերրին և Չաք Հեյգելը սենատորներին համոզում են հավանություն տալ ռազմական գործողություն նախաձեռնելու նախագահ Բարաք Օբամայի անցած շաբաթ օրվա դիմումին։

Վաշինգթոնը նախագահ Բաշար ալ-Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձաններում քիմիական զենք կիրառելու մեջ։ Ժամանակին Օբաման ասել է, որ զանգվածային ոչնչացման զենքի օգտագործումը կլինի այն կարմիր գիծը, որը հատելու դեպքում Ասադը կպատժվի։

Սիրիայի կառավարությունը հերքում է մեղադրանքները և պնդում է, որ բանակը պատրաստ է հակահարված տալ որևէ երկրի նախաձեռնած գրոհին։

Ֆրանսիան փորձում է կոալիցիա կազմել

Ֆրանսիան երեկ հայտարարել է, թե հետախուզության տվյալներն ապացուցում են, որ Ասադի ռեժիմն է պատասխանատվություն կրում քիմիական հարձակման համար։ Վարչապետ Ժան-Մարկ Աուրոն ասել է, որ Ֆրանսիայի համոզմամբ, պետք է կազմել միջազգային կոալիցիա, որը կիրականացնի ռազմական գործողությունը։

«Ֆրանսիան միայնակ չէ, նախագահն աշխատում է կոալիցիա ստեղծելու ուղղությամբ, մենք հարգում ենք միջազգային իրավունքը»,- ասել է վարչապետը։

Բաշար ալ-Ասադի խոսքերով, ռազմական միջամտությունը կհանգեցնի Մերձվոր Արևելքում լայնածավալ պատերազմի։

Թուրքիան պատրաստվում է Սիրիայի հավանական պատերազմին

Մինչդեռ Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բյուլենթ Առընչը հայտարարել է, որ Թուրքիան անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկում Սիրիայի դեմ ռազմական հավանական գործողությանը մասնակցելու համար։ Նա ասել է, որ կառավարությունն ունի խորհրդարանի հավանությունը Հյուսիսային Իրաքում և Սիրիայում գործելու համար։

«Ինչ վերաբերվում է Միացյալ Նահանգների և մի շարք այլ երկրների հետ միասին հավանական գործողությանը մասնակցելու խնդրին, ապա մենք կարող ենք խոսել միայն Թուրքիայի անունից։ Այս փուլում մենք նախապատրաստվում ենք և անհրաժեշտ քայլերն ենք ծրագրում՝ հաշվի առնելով հավանական զարգացումները, որոնք կարող ենք տեղի ունենալ առաջիկայում», - ասել է Առընչը։

Թուրքիայի համոզմամբ, միջազգային միջամտության նպատակը պետք է լինի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումը։ Թուրքիան ավելի վաղ հայտնել է, որ պատրաստ է մասնակցել նման միջամտության նույնիսկ այն դեպքում, եթե ՄԱԿ-ը հավանություն չտա գործողությանը։

ՄքՔեյնը և Գրեհեմը Օմաբայից հստակ քայլեր են ակնկալում

Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն ՄքՔեյնն ասել է, որ Կոնգրեսի բացասական արձագանքը աղետալի հետևանքներ կունենա։ Սեպտեմբերի 2-ին նախագահ Օբաման Սպիտակ տանն ընդունել է ՄքՔեյնին և սենատոր Լինդրսի Գրեհեմին։ Հանդիպումից հետո ՄքՔեյնն ասել է, որ տեղի է ունեցել շատ արդյունավետ քննարկում։

«Ես և սենատոր Գրեհեմը համոզված ենք, որ Կոնգրեսը պետք է տա իր աջակցությունը, այլապես դա աղետ կլինի, մերժումը կխարխլի աշխարհի վստահութնունը Միացյալ Նահանգների և նախագահի նկատմամբ»,- ասել է նա։

Հարավային Կարոլինայից հանրապետական սենատոր Գրեհեմն էլ ասել է, որ ոչ ոք անվերջանալի պատերազմ չի ցանկանում, Սիրիայում հարկ է կայուն անվտանգություն։

«Եթե Սիրիայի հարցը կարգավորվի, դա նաև Իրանին կստիպի կեցվածքը փոխել։ Հիմա Սիրիան քաղցկեղ է, որը շարունակում է աճել տարածաշրջանում։ Այս երկու տարում Օբաման գործը հասցրեց այն բանին, որ հիմա շատ դժվար կլինի Ամերիկայի ժողովրդին բացատրել Սիրիայում գործելու անհրաժեշտությունը։ Սակայն դեռ ուշ չէ, ուստի, պարոն նախագահ, հստակ եղեք, երբ մեր երկիրը պետք է ճիշտ եղանակով լուծի Սիրիայի հարցը, այո, պետք է լսել մարդկանց, բայց և բացատրել, թե ինչ կլինի անգործության դեպքում, ինչ կլինի, եթե Սիրիայի հարցում մենք թույլ գտնվենքʺ, ասել է Գրեհեմը։

Չինաստանն առաջարկում է սպասել փորձագետների զեկույցին

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ Չինաստանը հերթական անգամ հայտարարել է, որ միջազգային համայնքը պետք է որոշում կայացնի միայն քիմիական զենքի օգտագործման հանգամանքները հետազոտող ՄԱԿ-ի փորձագետների զեկույցից հետո։

«Չինաստանի համոզմամբ, միայն անկողմնակալ և արդար հետաքննությունը թույլ կտա պարզել, թե արդյ՞ոք Սիրիայում քիմիական զենք է կիրառվել և եթե այո, ապա որ կողմն է դա արել», - ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հոնգ Լեյը։

Պատերազմին կտրականապես դեմ է Ռուսաստանը։ Պեկինը և Մոսկվան հայտարարել են, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում վետոյի կենթարկեն Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություն արտոնող որևէ բանաձև։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG