Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանն «էականորեն մեծացրել է» սպառազինության ձեռք բերման ծավալները


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ներկայացմամբ` վերջին երեք տարիներին Հայաստանն էականորեն մեծացրել է սպառազինության ձեռքբերման ծավալները՝ շեշտը հիմնականում դնելով հեռահար զինատեսակների վրա:

Օհանյանը նման հայտարարություն արեց այսօր՝ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում:

Նման կերպ Սեյրան Օհանյանը արձագանքեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի` երեկ Լեռնային Ղարաբաղում արած հայտարարությանը: Հայաստանի վարչապետը, հիշեցնենք, ասաց, թե «վերջին երեք տարիների ընթացքում այնքան սպառազինություն ենք ձեռք բերել, որքան վերջին 20 տարիների ընթացքում: Մենք երբեք թույլ չենք տալու, որպեսզի ուժերի հավասարակշռությունը խախտվի»:

«2007 թվականից մինչև հիմա բարեփոխումների շրջանակում մենք ձեռք ենք բերում այնպիսի սպառազինություն, որն անհրաժեշտ է, որպեսզի մենք հակադրենք Ադրբեջանի առավելություններին: Մենք ձեռք ենք բերում առավելապես, օրինակ, հակաօդային պաշտպանության համակարգեր: Մենք ձեռք են բերել հեռահար միջոցներ, գերճշգրիտ միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս, որպեսզի ոչ միայն օպերատիվ խորությամբ, այլ նաև շատ ավելի խորը ճշգրիտ հարվածների հասցնել հակառակորդի կարևոր օբյեկտներին` ստիպելով, որպեսզի նա զերծ մնա հարձակողական գործողություններից Հայաստանի Հանրապետության նկատմամբ», - ասաց Պաշտպանության նախարարը:

Սեյրան Օհանայանը շարունակեց, թե սպառազինման գործում Հայաստանի Զինված ուժերում շեշտը դնում են որակական ձեռք բերումների վրա, որոնք կարող են իրավիճակ փոխել Ադրբեջանի կողմից զենք-զինտեխնիկայի մեծածավալ գնումների ֆոնին. - «Ւհարկե, վերջին երեք տարիներին ավելի շատ ենք ձեռք բերել, քան մնացած տարիներին: Վարչապետի խոսքերը ճիշտ են, և մենք այդ գործընթացը շարունակելու ենք»:

Վերջին շրջանում, հիշեցնենք, Ադրբեջանը հայտարարեց սպառազինության մեծածավալ գնումների մասին: Օրինակ, օգոստոսի կեսերին Բաքու Ռուսաստանի նախագահ Պուտինի այցելության ժամանակ Ադրբեջանի նախագահը վերջինիս ներկայությամբ հայտարարեց, թե Բաքուն Մոսկվայից գնել է 4 միլիարդ դոլարի զենք-զինտեխնիկա:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, ռուսներից ձեռք բերված զինտեխնիկայի շարքում զգալի քանակություն են կազմում հարձակողական նշանակության զինատեսակները՝ նոր տիպի տանկեր, հրթիռային համալիրներ և այլն:

Օրերս էլ հարավկորեական ու ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդեցին երկու երկրների միջև ռազմատեխնիկական խոշոր գործարքի կնքման մասին, որի համաձայն Հարավային Կորեան Ադրբեջանին պետք է մատակարարի 3 միլիարդ դոլարի սպառազինություն՝ ռազմական նավեր, ուղղաթիռներ, անօդաչու ինքնաթիռներ և այլն:

Նախորդ շաբաթներին նաև լարվածության աճ նկատվեց հայ-ադրբեջանական սահմանին: Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդագրությունների համաձայն, օգոստոսին հակառակորդի կրակից վիրավորվել է վեց հայ զինվորական, մեկը սպանվել է:

Սա այն դեպքում, երբ, օրինակ, հուլիսին շփման գծում հակառակորդի կրակից հայ զինվորականների վիրավորվելու կամ սպանվելու մասին տեղեկություններ չհրապարակվեցին:

«Կարծում եմ, որ այս ակտիվացումը որոշ չափով նաև կարելի է կապել առաջիկա նրանց քաղաքական գործընթացներին. ցույց տալու, որ իրենց ուժերը տեղում են, պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները իրականացնելու համար: Մենք փորձում ենք զերծ մնալ, անկանոն կրակոցներին չենք պատասխանում, միայն կանոնավոր, դիպուկ կրակոցներին ենք մենք պատասխանում: Ընդ որում, պատասխաններն այնպիսին են լինում, որ հակառակորդը զգում է, որ այդ պատիժը ինքը ստացել է խախտման համար», - այդ առնչությամբ ասաց Օհանյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարն անդրադարձավ նաև օգոստոսի 8-ից ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հարցին:

Սեյրան Օհանյանն ասաց, թե Հակոբի հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

«Թե ինչ հայտարարություն է արել և ուր է ուզում գնալ, դեռևս մեզ համար այդ իրողությունը անհայտ է», - հավելեց նախարարը`վստահեցնելով. - «Ես ասել եմ և ուզում եմ այսօր էլ ասել, որ հետ վերադառնալուց հետո ոչ մի հետապնդում չի լինելու: Ընդհակառակը` մենք կաջակցենք հոգեբանորեն, որպեսզի ինքը նորից շարք կանգնի և իր ծառայությունը շարունակի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG