Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը կոչ է անում Ռադային ընդունել եվրաինտեգրման համար անհրաժեշտ օրենքները


Նախագահ Յանուկովիչը դիմում է Ռադային: 3-ը սեպտեմբերի, 2013թ․

Նախագահ Յանուկովիչը դիմում է Ռադային: 3-ը սեպտեմբերի, 2013թ․

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Գերագույն Ռադայի աշնանային նստաշրջանի բացմանը կոչ է արել բոլոր կուսակցություններին ընդունել այն օրենքները, որոնք անհրաժեշտ են եվրաինտեգրացիայի համար:

«Դա տնային աշխատանք է, որ ուկրաինական խորհրդարանը պետք է կատարի Վիլնյուսի գագաթաժողովի նախաշեմին, որպեսզի Ուկրաինան կարողանա ստորագրել Եվրամիության հետ ասոցացման եւ ազատ առեւտրի պայմանագրերը», - հայտարարել է Վիկտոր Յանուկովիչը:

Ուկրաինայի նախագահը նաև անհիմն է որակել փորձերը հակադրել համագործակցությունը, մի կողմից՝ Եվրամիության, մյուս կողմից` Ռուսաստանի ու Եվրասիական երկրների հետ: Յանուկովիչը հավելել է, որ անհրաժեշտ է արագացնել ինչպես տնտեսական բարեփոխումները, այնպես էլ ռեֆորմները դատական, դատախազական և ներքին գործերի համակարգերում: Ուկրաինայի նախագահը առաջարկել է խորհրդարանին որքան հնարավոր է արագ հավանության արժանացնել համապատասխան օրենսդրական փաթեթը:

Եթե օրենսդրական այդ բարեփոխումները չընդունվեն մինչև նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթաժողովը, ապա Եվրամիության հետ ասոցոցման համաձայնագրի ստորագրումը վտանգված կլինի:

Ուկրաինայի նախկին վարչապետ, այժմ անազատության մեջ գտնվող Յուլիա Տիմոշենկոն ևս կոչ է արել ընդդիմադիրներին աջակցել եվրաինտերգրացիոն օրենքներին: Ռադայի աշնանային նստաշրջանի բացման նախօրեին Տիմոշենկոն նման կոչով նամակ է ուղարկել «Բատկիվշչինա» խմբակցությանը՝ խորհուրդ տալով նաև երեք ընդդիմադիր խմբակցություններին համախմբել ջանքերը, առաջարկվող օրինագծերը մանրազնին կերպով ուսումնասիրելու համար ստեղծել փորձագիտական խորհուրդ:

Վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը քննարկվելու է Ուկրաինայի կառավարության՝ սեպտեմբերի 18-ի նիստիում: Ուկրաինայի վարչապետը հավելել է, որ դրան հետևելու են ներպետական գործընթացները, որոնք անհրաժեշտ են համաձայնագրի ստորագրման համար:

Մինչդեռ Ուկրաինայի կոմունիստական կուսակցությունը ցանկանում է հանրաքվե անցկացնել Մաքսային միությանը անդամակցելու հարցով, սակայն Կիևի շրջանային դատարանը արգելել է համապետական հանրաքվեի անցկացումը: Հանրաքվեն արգելելու չտալու պահանջով դատարան էր դիմել Ուկրաինայի Եվրոպական կուսակցությունը:

Մաքսային միությունը, հիշեցնենք, միավորում է դեռևս երեք երկիր` Ռուսաստան, Բելառուս և Ղազախստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG