Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյան․ «Հայաստանը կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը»


Գալուստ Սահակյան, արխիվ

Գալուստ Սահակյան, արխիվ

Իշխող կուսակցության փոխնախագահը համաձայն չէ Ռուսաստանի կողմից ճնշումների մասին պնդումներին և Պուտին - Սարգսյան հանդիպումից սենսացիա չի սպասում:

Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը համոզված է՝ Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում կնախաստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սահակյանը նշեց, թե համաձայնագրի ստորագրման համար որևէ խանգարող հանգամանք չկա: Նա համաձայն չէ այն պնդումներին, թե պաշտոնական Մոսկվան լուրջ ճնշումներ է գործադրում՝ փորձելով ետ պահել Հայաստանին Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից: Հետևաբար, Հանրապետականի փոխնախագահը Մոսկվայում այսօր կայանալիք Վլադիմիր Պուտին - Սերժ Սարգսյան հանդիպումից սենսացիաներ չի սպասում՝ ընդգծելով, թե սա հերթական հանդիպումն է ռազմավարական գործընկերոջ հետ:

«Հնարավո՞ր է՝ այդ հանդիպումից հետո պարզ դառնա, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն և չի նախաստորագրելու Ասոցացման համաձայնագիրը», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Սահակյանը արձագանքեց․ - «Չեմ կարծում, նման բան չի կարող լինել, որովհետև Ասոցացման համաձայնագիրը հայ - ռուսական հարաբերությունների նույնիսկ ենթատեքստում որևէ խանգարիչ հանգամանք չի առաջադրում, և նաև Մաքսային միության քննարկումները այնքան խորացած չեն, որ հենց կարողանանք այսօր դիրքորոշում արտահայտել, առավել ևս՝ Հայաստանը մաքսային սահման չունի Ռուսաստանի հետ»:

Հանրապետականի փոխնախագահը վստահ է, որ Ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի․ - «Բնական եմ համարում, դա էլ պետք չի սենսացիա առաջացնել, դա ոչ թե Եվրոմիություն ենք մտնում, այլ մեր մուտքը ավելի ամբողջական ենք ապահովում Եվրոպայում»:

Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ են պայմանավորված Ռուսաստանի ճնշումները, Գալուստ Սահակյանը հակադարձեց․ - «Դեռ մինչև այս պահին ես ճնշումներ չեմ նկատել, պետական պաշտոնական ճնշումների նույնիսկ մեսիջներ չկան»:

Հետևաբար, նա կարծում է, որ Ռուսաստանը չի փորձում Հայաստանին հետ պահել Ասոցացման նախաստորագրումից: «Չեմ կարծում, թե նման իրողություն լիներ՝ դա միանգամից կարտահայտվեր, առավել ևս՝ մի մոռացեք, որ մենք ինքնիշխան պետություն ենք», - ընդգծեց իշխող կուսակցության փոխնախագահը:

«Այսպես թե այնպես, դեռևս ինֆորմացիա չկա, որ մենք մտնում ենք Մաքսային միություն: Նույնիսկ եթե որոշակի հանգամանքներ ծնվեն, քանի որ մաքսային սահման չունենք՝ մենք այստեղ որոշակի վերապահումներ կունենանք, կարծում եմ», - ասաց Սահակյանը:

«Չմտնելով Մաքսային միություն՝ ուղղակի համագործակցի՞ Հայաստանը», - այս հարցին էլ նա արձագանքեց․ - «Նու, շատ հնարավոր․․․ Նախ, դրա բանաձևերը լրիվ պարզ չէ ոչ միայն ինձ համար, այլ ընդհանրապես քաղաքական դաշտում հայտնի չեն: Կարծում եմ՝ մեր մուտքը ցանկացած՝ ոչ միայն մաքսային, միություն, պիտի բխի նաև մեր պետության շահերից»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG