Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ «Մարդու իրավունքների խրախուսումը շարունակական գործընթաց է»


Էդվարդ Նալբանդյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Էդվարդ Նալբանդյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության անկյունաքարն է: Այդ մասին ասված է Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 60-ամյակի կապակցությամբ Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունում:

«60 տարիների ընթացքում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների իրավասության ներքո գտնվող անձինք օգտվել են այս եզակի իրավական գործիքից», - ընդգծել է Նալբանդյանը՝ շարունակելով․ - «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի պահապանի, մի շարք շրջադարձային դատավճիռներն օգնել են նշանակալիորեն ամրապնդելու մարդու իրավունքները, իրավունքի գերակայությունը և ժողովրդավարությունը եվրոպական մայրցամաքում»։

«Ինչպես Պիեռ-Անրի Տայժենը՝ Եվրոպական կոնվենցիայի հիմնադիր հայրերից մեկը, ավելի քան 60 տարի առաջ նշել է՝ մեկ օրում ժողովրդավարությունները չեն վատթարանում, ոչ էլ օրենքի գերակայություն է կարող հաստատվել։ Մարդու իրավունքների խրախուսումը շարունակական գործընթաց է, և մեր ընդհանուր պատասխանատվությունն է ապահովել, որ Եվրոպական կոնվենցիան մնա եվրոպական հանրային կարգի արդյունավետ սահմանադրական գործիքը, ինչպիսին այն դարձել է տարիների ընթացքում», - ասված է Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունում, որի տեքստը տարածել է արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը: - «Այդ պատճառով է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը բարձր է գնահատում վերջերս Կոնվենցիայի 15-րդ և 16-րդ Արձանագրությունների ընդունումը, որոնք ամրապնդում են մուտքագրվող գործերին ընթացք տալու՝ Դատարանի կարողությունները և բարելավում՝ ազգային մակարդակով Կոնվենցիայի կիրառումը։ Հունիսի վերջին ստորագրման համար բացվելուց ի վեր, ոչ պակաս քան 22 անդամ պետություն ստորագրել է 15-րդ Արձանագրությունը։ Եվս մեկ կարևոր քայլ կլինի հոկտեմբերի 2-ին 16-րդ Արձանագրության բացումը ստորագրման համար»։

«Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն շարունակելու է առավելագույնն անել ապահովելու Կոնվենցիայում ամրագրված իրավունքների հարգումը և պաշտպանությունը ողջ Եվրոպայում», - հայտարարում է Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG