Մատչելիության հղումներ

logo-print

Սեպտեմբերի 3-ի մամուլ


«Հայոց աշխարհ»-ը անդրադարձել է այսօր Մոսկվայում սպասվող Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը՝ գրելով․ - «Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա կոչված է վերջ դնելու վերջին ամիսներին հայ - ռուսական հարաբերություններում նկատվող փոխվստահության նվազման միտումներին՝ հիմնվելով այն ակնհայտ իրողության վրա, որ այդ ամենի հետևանքով կարող են տուժել միայն իրենք՝ Հայաստանն ու Ռուսաստանը։ Նման քայլի հրատապությունը թելադրված է նաև սիրիական հակամարտության միջազգայնացման հետևանքով տարածաշրջանում ստեղծված բարդ կացության անմիջական ազդեցությամբ։ Այդ ընթացքում տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու փոխարեն Ռուսաստանը փորձել է «մեսիջներ ուղղել» Հարավային Կովկասում իր միակ ռազմավարական դաշնակցին՝ կազմակերպելով ՌԴ նախագահի ադրբեջանական այցը։ Իլհամ Ալիևը ստացել է այն, ինչ ուզում էր հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններից առաջ, իսկ ահա Վլադիմիր Պուտինը դրա դիմաց անորոշ խոստում է պոկել նրանից՝ Ադրբեջանը արևմտյան ուժերի հենակետի չվերածելու հարցում»։

«Հայկական ժամանակ»-ը ևս անդրադարձել է մոսկովյան հանդիպմանը: Հանդիպման հնարավոր ելքի մասին թերթին կարծիք է հայտնել անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ըստ որի՝ որևէ փոփոխություն հանդիպումից հետո չի նկատվելու, և Հայաստանը անպայման Վիլնյուսում ստորագրելու է համաձայնագիրը: «Այս այցը ես որևէ կերպ չեմ կապում Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու կամ այլ հարցերի հետ: Ես չեմ կարծում, որ մեր պետության զարգացման համար քայլեր կատարելը պետք է համաձայնեցնենք այլ պետությունների հետ: Ես չեմ կարծում, որ Հայաստանի նախագահը պետք է թույլտվություն ստանա որևէ երկրի նախագահից, կապ չունի դա Ռուսաստանն է, թե այլ պետություն, որպեսզի Հայաստանի շահերից բխող քայլեր կատարի միջազգային հարաբերություններում: Տվյալ պարագայում ես կարծում եմ, որ այդ այցը հերթական այցերից մեկն է, այսինքն, Հայաստանը և Ռուսաստանը շատ խորը համագործակցության մեջ են որպես ռազմավարական գործընկերներ և անընդհատ երկկողմ պատասխան այցեր են լինում», - ասել է Մարուքյանը: Հարցին անդրադարձել է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Ըստ նրա՝ ճիշտ է ունենալ աշխատանքային հանդիպումներ և բոլոր այն կնճիռները, որոնք առաջացել կամ կարող են առաջանալ, հարթել երկկողմ բանակցությունների, խորհրդակցությունների միջոցով: «Հայաստանը գտնվելով այս տարածաշրջանում, դատապարտված է վարելու բալանսավորված քաղաքականություն և հաշվի առնելու նաև Ռուսաստանի Դաշնության շահերը այս տարածաշրջանում, կարծում եմ, որ եթե մեր իշխանությունները կարողանան ճեղքել այն ստեղծված իրավիճակը և Ռուսաստանի մեր գործընկերներին առաջարկեն, որ երկուստեք շահերով պետք է առաջնորդվել, ապա բոլոր կնճիռները կհարթվեն», - եզրափակել է նախկին արտգործնախարարը:

«Չորրորդ իշխանություն»-ը անդրադարձել է Փակ շուկայի թեմային՝ խնդիրը դիտելով նախ իրավական տեսանկյունից․ - «Եթե այդ շինարարությունն օրինական է, իշխանությունները պիտի հրապարակավ հայտարարեն այդ մասին, բացատրեն, թե կոնկրետ ովքեր են թույլ տվել այդ «վերակառուցումը», և ինչի հիման վրա, իսկ եթե անօրինական է՝ պիտի ոլորեն հարգարժան Սամվել Լիմինդրովիչի թևերը, մեկուսացնեն համապատասխան վայրում և վերջինիս տիկնոջից մի քիչ գումար խնդրեն՝ շենքի նախկին տեսքը վերականգնելու համար: Տարբերակներն այս երկուսն են, միջանկյալ տարբերակ չկա»: Իսկ հարցի քաղաքական կողմին անդրադառնալով՝ թերթը գրում է․ - «Իր կարծիքով՝ Սամվել Ալեքսանյանն իր «հալալ քրտինքով վաստակած ունեցվածքը» պաշտպանում է ճիշտ նույն մեթոդներով, որով Սերժ Սարգսյանն իր իշխանությունն է պաշտպանում: Նա էլ էր այդպես անում: Հարյուր հազարավոր մարդիկ դուրս էին գալիս փողոց ու պահանջում, որ նա հեռանա, իսկ նա «իր օբյեկտների» (պետական հիմնարկներ, բուհեր) աշխատողներին զոռով (աշխատանքից ազատելու սպառնալիքով) դուրս էր հանում փողոցներ, որ փուչիկներն օդում թափահարելով՝ սատարեն իրեն: Ոստիկանությունն էլ հետևում էր, որ որևէ մեկը նրանց չանհանգստացնի»:

«Հրապարակ»-ը գրում է․ - «Հասարակական ակտիվիստների պայքարը պետք է նաև հակազդեցություն առաջացներ: Եվ երեկ հայտնի օլիգարխը ոտքի էր հանել իր ողջ դիվիզիան, որը պատրաստ էր ցանկացած կոկորդ կրծել՝ ապրուստի, բարեկեցության իր բաժինը պաշտպանելու համար: Եվ չարժե այդ բանակին թերագնահատել կամ ատել ու արհամարհել: Այն մեր հասարակության մի մասն է՝ նրա բնութագրական բաղկացուցիչը, որին պետք է կարեկցել: Այս հանրույթը ձևավորվել է հենց մեր բոլորիս մեղքով: Երբ երկրում չկա արժանապատիվ կյանք, երբ մարդիկ օրվա հացը վաստակում են արյուն-քրտինքով, երբ աշխատատեղից զրկվելը հավասարազոր է դանդաղ մահվան դատապարտվելուն, չի կարելի մարդկանց մեղադրել, որ ատամներով պաշտպանում են իրենց գործատուին, արդարացնում նրա բոլոր, անգամ մերժելի արարքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG