Մատչելիության հղումներ

Ձերբակալված ակտիվիստի կինը Ռուսաստանի դեսպանատուն կդիմի


Armenia - A national police banner, undated

Armenia - A national police banner, undated

Կոմիտաս 5 հասցեում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալված 32-ամյա ռազմական բժիշկ Դմիտրի Հարությունյանի կինը՝ Ռուսաստանի քաղաքացի Ելենա Կոժենակինան պատրաստվում է դիմել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն:

Կոժենակինան «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ պատրաստվում է դեսպանատանը տեղյակ պահել իր և Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող իր երկու տարեկան երեխայի նկատմամբ ոստիկանների գործադրած ապօրինությունների մասին՝ ակնկալելով դեսպանատան համապատասխան քայլերը իրենց նկատմամբ իրավախախտումների կապակցությամբ:

Դմիտրի Հարությունյանը բերման է ենթարկվել Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղից՝ իր հարազատի տանից: Ավելի ուշ պարզվել է, որ Կոմիտաս 5 հասցեում ապօրինի շինարարության դեմ պայքարող քաղաքացին, ըստ ոստիկանության, առնչություն ունի օգոստոսի 24-ին ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու փաստով հարուցված քրեական գործին: Դմիտրի Հարությունյանին որպես վկա բերման ենթարկելու փորձ կատարած անձինք որոշ ժամանակ անց հայտարարել են, թե ոստիկան են։ Ելենա Կոժենակինայի նկարագրության համաձայն՝ գիշերը ժամը 1:20-ից մինչև առավոտյան ժամը 10-ը բիրտ կերպով, սպառնալիքներով հարձակվել են իր, ամուսնու, երկու տարեկան երեխայի և ամուսնու հարազատների ընտանիքի վրա:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե «Նախախորհրդարանի» անդամ Դմիտրի Հարությունյանին բերման ենթարկելիս ոստիկանների գործողությունների կապակցությամբ ծառայողական քննություն նշանակվե՞լ է, ոստիկանությունից ասացին, թե երբ նորություն լինի, կտեղեկացնեն:

Դմիտրի Հարությունյանի շահերի պաշտպանությունը ստանձնած փաստաբաններից Արմինե Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ Դմիտրի Հարությունյանը ձերբակալման արձանագրության մեջ նշել է, որ ոստիկանի նկատմամբ բռնություն չի գործադրել: Փաստաբանը տարօրինակ որակեց այն, որ թեև ոստիկանները Դմիտրի Հարությունյանին ներկայացրել են որպես վկա բերման ենթարկելու որոշում, նրան Արաբկիրի բաժին տանելով հայտնել են, թե կասկածյալ է։

Ոստիկանության Արաբկիրի բաժնում, ըստ քրեական գործի նյութերի, տուժած ոստիկանին և վկային ներկայացրել են ճանաչման։

«Ոստիկանի դեմքին որևէ բիծ, որևէ կապտուկ չկար, որ վկայեր, որ նրան ինչ-որ մեկը, ինչ-որ տեղ հարվածել է»,- ասաց փաստաբանը։

Այսօր Էրեբունիի ժամանակավոր պահման մեկուսարանում առերես հարցաքննություն է տեղի ունեցել Դմիտրի Հարությունյանի և տուժող համարվող ոստիկան Արման Հակոբյանի, ինչպես նաև վկա ոստիկան Արման Դանիելյանի մասնակցությամբ:

«Առերեսումը կատարվել է օրենքի կապիտ խախտումներով, պաշտպանի հարցերը քննիչը հիմնականում հանել է առանց պատճառաբանություն», - հարցաքննությունից որոշ մանրամասներ ներկայացրեց Դմիտրի Հարությունյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։

Սահակյանն ասաց, որ առերես հարցաքննությունն անսպասելիորեն ընդհատվել է, ոստիկաններին հեռացրել են. - «Որովհետև քննիչը հասկացել է, որ ոստիկանները չեն կարող հարցերին պատասխանել»։

Սահակյանի խոսքով, քննիչը չի տրամադրել գործի բոլոր նյութերը։

Այս գործով քննիչ Մկրտչյանը այսօր նախ պատասխանեց «Ազատություն» ռադիոկայանի հեռախոսազանգին: Լսեց հարցերը, ապա անջատեց հեռախոսը: Մյուս հեռախոսազանգերին ի պատասխան հնչում էր հայտարարություն, թե հեռախոսով խոսողը քննիչը չէ:

Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ Դմիտրի Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվելու հարցը կլուծվի վաղը:
Չի բացառվում, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կընտրվի կալանքը: Ի դեպ, Հարությունյանի ձերբակալության մանրամասներով հետաքրքրված են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:
XS
SM
MD
LG