Մատչելիության հղումներ

Այսօր կհանդիպեն Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը


Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը, Մոսկվա, 25-ը հոկտեմբերի, 2011թ.

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը, Մոսկվա, 25-ը հոկտեմբերի, 2011թ.

Վերլուծաբանների համոզմամբ, քննարկման թեմաներից մեկը կարող է լինել Հայաստանի եվրոպական ինտեգրման խնդիրը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հայաստանի ղեկավարի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, «բանակցությունների ընթացքում նախատեսվում է երկկողմ օրակարգի հիմնական հարցերի շուրջ մտքերի փոխանակում, ենթադրվում է նաև ԱՊՀ-ի տարածքում ինտեգրացիոն գործընթացների և Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը վերաբերող հարցերի քննարկում»:

Քաղաքական վերլուծաբանների կարծիքով, թեմաներից մեկը կլինի այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում Եվրամիության և Հայաստանի ասոցացման պայմանագրի և դրա մաս կազմող ազատ առևտրի համաձայնագրի նախաստորագրումը։

Մոսկվան նախկին խորհրդային երկրներին համոզում է անդամակցել Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի կազմած Մաքսային միությանը։

Եվրոպացիները հնարավոր չեն համարում որևէ պետության անդամակցումը միաժամանակ և՛ ազատ առևտրի համաձայնագրին, և՛ Մաքսային միությանը։

«Թրենդ» լրատվական գործակալությունը վկայակոչել է Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովին, ով ասել է, որ Ռուսաստանը ապահովում է Հայաստանի արտաքին առևտրի 23.5 տոկոսը։

Վերլուծաբանները նշում են, որ գործադրելով պատժամիջոցների մեխանիզմը, ժամանակ առ ժամանակ բարձրացնելով կամ սպառնալով բարձրացնել նավթի և գազի գինը, Մոսկվան նախկին խորհրդային երկրներից քաղաքական-տնտեսական զիջումներ է կորզում։

Վերջերս լարվածություն է գոյացել Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում։ Նախագահ Վիկտոր Յանուկովիչը նույնիսկ հայտարարել է, որ երբ գա Եվրամիության և Մաքսային միության միջև ընտրություն անելու ժամանակը, հարցը կներկայացվի հանրաքվեի։

Եվրամիության առաջարկած Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված Բելառուսը, որի կապերը Ռուսաստանի հետ հենց այս շրջանում նույնպես սրվել են, միևնույն է, ըստ վերլուծաբանների, Մոսկվայի ազդեցության ոլորտում է։

Մոլդովան Մերձդնեստրի խնդիր ունի, բայց ունի հզոր հարևան ու դաշնակից՝ ի դեմս ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ Ռումինիայի։

Նավթով ու գազով հարուստ Ադրբեջանը չի էլ ձգտում դեպի Եվրոպա՝ գիտակցելով, որ Արևմուտքի համար կարևորն էներգակիրներն են։

Վրաստանը Եվրոպայի հետ ինտեգրման գաղափարից չի հրաժարվում նույնիսկ երկու տարածք կորցնելուց հետո։

Մինչդեռ եվրոպացիների համար առանձնահատուկ նշանակություն ունի Ուկրաինան։ Եթե այդ հզոր երկրի ղեկավարը հանրաքվե է առաջարկում, ուրեմն առնվազն փորձում է ժամանակ շահել։

Կարո՞ղ է արդյոք Ղարաբաղի խնդիր ունեցող, երկու հարևանի կողմից շրջափակված տնտեսապես թույլ Հայաստանը դիմանալ Կրեմլի ճնշումներին։ Արևմուտքի վերլուծաբանների կարծիքով՝ այս հարցում որոշակի հստակեցում կլինի հատկապես այսօրվա հանդիպումից հետո։

Նախօրեին Մոսկվա է մեկնել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG