Մատչելիության հղումներ

logo-print

Երևանում քննարկվում են կրոնի ազատությանն առնչվող հարցեր


ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան

Երևանում այսօր մեկնարկել է Եվրոպայի խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթակի մասնակիցների հերթական հանդիպումը` «Կրոնի ազատությունը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և երաշխիքներ» թեմայով:

Հանդիպմանը մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ երկրները ներկայացնող բարձրաստիճան հոգևորականներ, Հայ առաքելական եկեղեցու, կաթոլիկ, ուղղափառ եկեղեցիների, մահմեդական, հուդայական, բուդդայական դավանանքների կրոնական առաջնորդներ, միջազգային և հայաստանյան կրոնական և հասարակական կազմակերպությունների, ԵԽ տարբեր հաստատությունների և քարտուղարության ներկայացուցիչներ:

Հայաստանն այս տարվա մայիսից ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը։

Կոմիտեի նախագահ, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր բացման խոսքում կարևորեց հանդուրժողականությունն ու բազմազանությունը. - «Երկխոսության մշակույթը և այլ մշակույթները, կրոններն ու ավանդույթները հարգելը միշտ հատուկ է եղել հայ ժողովրդին: Գտնվելով մշակույթների և կրոնների խաչմերուկում` Հայաստանը դարեր շարունակ բազմաբնույթ հարաբերություններ է զարգացրել տարբեր քաղաքակրթությունների հետ: Մեր մշակույթը հարստացել է այդ շփումներից և փոխադարձաբար այն նպաստել է այլ մշակույթների հարստացմանը»:

Թե' Հայաստանի կառավարությունը, թե' Հայ առաքելական եկեղեցին շարունակում են հայտարարել, որ իրենք հանդուրժող են այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ։

Տեր Շահե վարդապետ Անանյանի խոսքով` իրենք իսկապես հանդուրժում են իրենցից տարբերվող կրոնական խմբերին, բայց, օրինակ, Եհովայի վկաներ կազմակերպության պարագայում վարդապետը կաևւոր է համարում որոշակի պատժամիջոցների կիրառումը. - «Եհովայի վկաների պարագային աշխարհի գրեթե բոլոր երկրներում կան սանկցիաներ կամ որոշակի վերապահումներ»:

Հայաստանի կառավարության աշխատակազմի Ազգային փոքարամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասատրյանը ևս «Ազատություն» ռադիոկայանին հետ հարցազրույցում շեշտեց, որ Հայաստանում ավելի հանդուրժող են` բերելով Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների օրինակը, ովքեր ազատորեն դավանում են իրենց կրոնական արժեքները։

Ինչ վերաբերում է Եհովայի վկաներին, ապա այս հարցում դեռևս խնդիրներ կան. - «Պիտի փոխզիջում լինի: Պետությունը օրենք ընդունեց` դուք առաջ ուզում էիք ծառայել, բայց զենք չվերցնել, տվեցինք: Դուք դա համարեցիք քիչ… Եկեք համաքայլ գնանք: Մենք թողել ենք սոցիալական խնդիրները, առաջնահերթ ենք դարձնում ձեր իրավունքները…»:

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտն իր վերջին զեկույցում, սակայն, քննադատել է Հայաստանին։ «Հայաստանում սահմանափակվում են կրոնական ազատությունները», - նշվել է Պետդեպարտամենտի` 2012 թվականին կրոնական ազատությունների վերաբերյալ զեկույցում։

Զեկույցում նշվում է նաև, որ օրենքը Հայ առաքելական եկեղեցուն տրամադրում է արտոնություններ, որոնցից զրկված են մյուս կրոնական խմբերը:

«Պաշտոնապես գրանցված կրոնական խմբերի մեծ մասն իրենց գործունեության ընթացքում չեն բախվել լուրջ խնդիրների, սակայն Եհովայի վկաներ կազմակերպության 31 ներկայացուցիչ մինչև օրս գտնվում է բանտում` պարտադիր կամ այլընտրանքային զինվորական ծառայությունից խուսափելու համար», - նշված է զեկույցում։

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը, ով ևս ներկա էր հանդիպմանը, լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ իրենց քաղաքականությունը և կրոնական ազատությունների մասին զեկույցը հիմնվում է միջազգային ստանդարտների վրա, որոնք ընդունվել են նաև Հայաստանի կողմից։

«Այս կարգի զեկույցում մենք փորձում ենք հնարավորինս հավասարակշիռ լինել, գովեստի խոսքեր ասել այն ոլորտների վերաբերյալ, որոնք ապահովում են ստանդարտները, և նախանշել այն ոլորտները, որտեղ դեռևս անելիքներ կան», - ասաց Հեֆերնը:
XS
SM
MD
LG