Մատչելիության հղումներ

Ղարաբաղը նշում է անկախության տոնը


Լեռնային Ղարաբաղ - Կառավարական գլխավոր շենքը Ստեփանակերտում, արխիվ
Լեռնային Ղարաբաղ - Կառավարական գլխավոր շենքը Ստեփանակերտում, արխիվ

Լեռնային Ղարաբաղը այսօր տոնում է անկախության հռչակման 22-րդ տարեդարձը:

Հազարավոր ղարաբաղցիների հետ միասին տոնական միջոցառումներին մասնակցում է նաև ՀՀ պաշտոնական պատվիրակությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

Տոնի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հղած շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Արցախի բնիկ ժողովրդի պատմական ընտրությունը կատարված է: Այդ ընտրության իրավունքը սրբազան է, և ինքնորոշման փաստը՝ անբեկանելի»:

«Այսօր՝ այս մեծ տոնի օրը, մենք փաստում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես կայացած պետականություն, շարունակում է իր համակողմանի զարգացումը: Աշխարհի երեսին այսօր կան ոչ քիչ երկրներ, որոնք պաշտոնապես ճանաչված են միջազգային հանրության կողմից, բայց կերազեին ունենալ ԼՂՀ-ի ներքին կազմակերպվածությունն ու կայունությունը, ժողովրդավարության և քաղաքական ազատությունների աստիճանը: Եվ սա այն դեպքում, երբ արցախցին ստիպված է մի ձեռքով մշտապես զենք բռնել և աշխատել միայն մեկ ձեռքով», - նշել է Սերժ Սարգսյանը` շեշտելով . - «Մի բան հստակ է բոլորիս համար՝ վերադարձ դեպի միջնադարյան խանության բանտախուց այլևս չի լինելու»:

«Մենք լի ենք վճռականությամբ ու հաստատակամությամբ` հաջողությամբ ու միասնաբար լուծելու այս բոլոր խնդիրները, լուծելու ամենօրյա համատեղ ու քրտնաջան աշխատանքի միջոցով, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների գործուն աջակցությամբ», - տոնի կապակցությամբ հղած ուղերձում է ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

Լրագրողների հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը վստահեցրեց, որ վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղը ճանաչվելու է համաշխարհային հանրության կողմից` որպես այդ հանրության լիիրավ անդամ. - «Ես դրանում համոզված եմ, որևէ կասկած չունեմ: Դրա վկայությունն են նաև այն բազմաթիվ երևույթները, որոնք այսօր տեղի են ունենում աշխարհում, այն օժանդակությունը, որը գալիս է աշխարհի տարբեր ծայրամասերից` օժանդակելու արցախահայության իղձերին և ձգտումներին»:

Շարքային ղարաբաղցիները նույնպես վստահ են, որ մի օր իրենց երկիրն էլ տեղ կգտնի աշխարհի քաղաքական քարտեզի վրա:

«Ով ինչ ուզում է ասի` մենք անկախ ենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց միջին տարիքի մի ստեփանակերտցի`շարունակելով. - «Ազատ ապրում ենք, ոչ մեկին չենք խանգարում, թող իրենք էլ մեզ չխանգարեն»:

Դեռ երեկ մեկնարկած տոնական միջոցառումներն այսօր կավարտվեն տոնական մեծ համերգով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

Հիշեցնենք, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ Շահումյանի ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունեց հռչակագիր` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին անցկացված հանրաքվեին մասնակցեց մարզի բնակչության 80 տոկոսը, և նրանց 98 տոկոսը քվեարկեց անկախության օգտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG