Մատչելիության հղումներ

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման՝ Երևանի «Փակ շուկայի» հարակից տարածքում նախատեսված բողոքի ակցիան այսօր ուղեկցվեց քաշքշոցով ու ծեծկռտուքով:

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարական շարժումը նախապես հայտարարություն էր տարածել, որում ասված էր, որ պետության անգործության պայմաններում հուշարձանի հետագա փչացումը կանխելու նպատակով շարժումը սկսում է դրա տարածքում հասարակության ուժերով ապօրինի շինարարական և տնտեսական գործունեության կասեցման գործողությունը:

Դեռ մինչև բողոքի ակցիայի մեկնարկը մի խումբ մարդիկ, ովքեր ներկայացան որպես «Փակ շուկայի» հարակից տարածքի բնակիչներ, վիրավորական խոսքեր հնչեցնելով, շրջապատեցին քաղաքացիական նախաձեռնության անդամներից՝ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին, ով այստեղ էր ներկայացել դեղին սաղավարտով։ Հիշեցնենք, Խզմալյանը նույնպիսի սաղավարտով էր մասնակցում անցյալ տարի Մաշտոցի պուրակում կրպակներ տեղադրելու դեմ բողոքի ակցիաներին՝ ապամոնտաժող բրիգադի կազմում: Միջամտեցին ոստիկանները, ովքեր պատ կազմելով պաշտպանեցին կինոռեժիսորին:

Վեճն ավելի թեժացավ, երբ որպես շուկայի հարակից տարածքի բնակիչ ներկայացողներից մեկը քաշեց «Փակ շուկայի» ճարտարապետական տեսքի խաթարման դեմ բողոքող քաղաքացիներից մեկի մազերից ու շապիկից: Լրագրողների միջնորդությամբ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ բռնության ենթարկված երիտասարդին, սակայն վերջինս հրաժարվեց մատնանշել իրեն ծեծող քաղաքացուն:

Երբ բողոքի ակցիայի մասնակիցների մեկ այլ խումբ հայտնվեց «Ազատենք հուշարձանը օլիգարխից» և նմանատիպ բովանդակությամբ այլ ցուցատախտակներով, որպես բնակիչ ներկայացող մարդիկ հարձակվեցին նրանց վրա, խլեցին ու կոտրեցին մի քանի ցուցատախտակ:

Այս իրարանցման ընթացքում ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացիական ակտիվիստ Արեն Մանուկյանին, ով Ազգային ժողովի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի որդին է: Ավելի ուշ ևս երեք ակտիվիստ բերման ենթարկվեց:

Լրագրողները պարբերաբար ոստիկաններին հարցնում էին, թե ինչո՞ւ բերման չեն ենթարկում «Փակ շուկայի» սեփականատեր Սամվել Ալեքսանյանին պաշտպանող քաղաքացիներին, ովքեր «Հեռացեք, թողեք մեր շուկան կառուցվի, շնորհակալություն Սամվել Ալեքսանյանին» կոչերով, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ հնչեցնելով փորձում էին շուկայի մերձակա տարածքից հեռացնել «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման հրավիրած ակցիայի մասնակիցներին և լրագրողներին: Ի վերջո, մի կնոջ ոստիկանություն հրավիրեցին:

Ակցիայի ընթացքում ելույթ ունեցան ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ու ֆլորենցիայաբնակ քանդակագործ Վիգեն Ավետիսը:

Ժամը 18.00-ին ավարտվեց բողոքի այս ակցիան, սակայն մասնակիցները խոստացան վերադառնալ վաղը ևս, և եթե շինարարական աշխատանքներն այստեղ շարունակվեն, ապա տարածքը 24 ժամ կհսկեն և կխոչընդոտեն աշխատանքին:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG