Մատչելիության հղումներ

Օգոստոսի 31-ի մամուլ


Մեկնաբանելով պաշտոնական հաղորդագրությունը, ըստ որի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայանալու է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, «Ժամանակ» թերթը համոզմունք է հայտնում, որ այդ հանդիպմանը քննարկվելու են Վիլնյուսում Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի առաջիկա նախաստորագրման հետ կապված հարցեր: «Ժամանակի» մեկնաբանը նկատել է տալիս, որ Հայաստան – Ռուսաստան ներկայիս հարաբերությունները, կամ Հայաստան – Եվրոպա ապագա հարաբերությունները առավելապես բնութագրվում և բնութագրվելու են արժեքային չափորոշիչներով: Թերթում կարդում ենք․ - «Եթե Հայաստանը մտնում է սահմանադրական և օրինական պետության իրավակարգի դաշտ, ապա անմիջապես առաջանում է խորթություն Ռուսաստանից: Այդ դեպքում կամ պետք է Ռուսաստանը փոխվի, կամ Հայաստանը պոկվի ռուսական ազդեցության գոտուց և տեղափոխվի այնտեղ, որտեղ սահմանադրությունն ու օրենքը գերակա արժեքներ են, այսինքն՝ Արևմուտք: Բնական է, որ Հայաստանը չի կարող Ռուսաստանին փոխել, հետևաբար, մնում է միայն պոկվելը, այլապես Ռուսաստանը ամեն կերպ փորձելու է, Հայաստանի վրա իր ազդեցությունը բարձրացնելով, թույլ չտալ, որ Հայաստանի հասարակական-քաղաքական, ներերկրային միջավայրը արժեքային առումով խորթանա Ռուսաստանից»:

«168 ժամ» թերթի հետ զրույցում Հայաստանի արդարադատության նախկին նախարար Վահե Ստեփանյանը, խոսելով կառավարման նախագահական համակարգից խորհրդարանականի անցնելու հիմնավորվածության մասին, մասնավորապես նշում է․ - «Ժամանակի ընթացքում ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ նախագահի հզոր ինստիտուտը, որն ունի իրական իշխանական լծակներ, կարողանում է որոշակի ազդեցություն գործել խորհրդարանական ընտրությունների վրա, ձևավորել մեծամասնություն, իսկ հետո, երբ գալիս է նախագահական ընտրությունների հերթը, արդեն գործադիր և օրենսդիր իշխանությունները կարողանում են նպաստել իրենց նախագահի վերընտրմանը: Այդ իսկ պատճառով կիսանախագահական համակարգը պակաս մրցակցային է»: Հարցին, եթե Հայաստանը, ըստ էության, չկա ազատ և արդար ընտրությունների անցկացման մեխանիզմ, որքանո՞վ կարող է խորհրդարանական համակարգը լինել արդյունավետ, Վահե Ստեփանյանը պատասխանում է․ - «Եթե չկա ընտրական մեխանիզմը, ցանկացած կառավարման համակարգ նույնն է դառնում, բայց այստեղ հարցն այն է, թե դրանցից ո՞րն է ավելի շատ մրցակցային պայմաններ ապահովում: Տեսեք, պատահական չէր Վրաստանում Սահակաշվիլիի կուսակցության պարտությունը, որովհետև երբ անցում ես կատարում այդ համակարգին, արդեն հնարավորություն է ստեղծվում մրցակցային ընտրությունների համար: Այսինքն, ես չեմ կասկածում, որ խորհրդարանական կառավարումն ավելի ժողովրդավարական է, բայց նաև կասկած չկա, որ դա ենթադրում է քաղաքական հասունության որոշակի մակարդակ»:

Նույն հարցը շոշափվում է նաև իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի՝ «Հայոց աշխարհ» թերթին տված հարցազրույցում: - «Չէի ասի, թե սահմանադրական փոփոխությունների այս խնդիրը նոր է առաջ եկել. եթե հիշում եք, սահմանադրական փոփոխությունների մասին խոսվում էր դեռ նախագահական ընտրություններից առաջ։ Մասնավորապես մամուլում արծարծվում էր փոխվարչապետների ինստիտուտ ստեղծելու խնդիրը։ Կարծիք կար, որ կառավարումն ավելի արդյունավետ կլինի, եթե լինեն մի քանի փոխվարչապետներ», - նշում է Զոհրաբյանն ու կոնկրետացնում, - «Իմ անձնական կարծիքն այն է, որ այս իրավիճակում, երբ պատերազմական գործողությունների վերսկսման վտանգը դեռ չի վերացել, կիսանախագահական համակարգն ավելի արդյունավետ է։ Եթե կուզեք՝ ամենաճիշտ տարբերակը նախագահականն է։ Իսկ թե քննարկումների արդյունքում ինչ որոշում կկայացվի՝ այս պահին դժվարանում եմ ասել»:

«Չորրորդ ինքնիշխանությունն» արձագանքում է Ազգային վիճակագրական ծառայության՝ նախօրեին հրապարակած տվյալներին: Ըստ դրանց, հիշեցնենք, տասներկուամսյա գնաճը Հայաստանում կազմել է գրեթե 9.3 տոկոս: Թերթն այս առնչությամբ գրում է․ - «Հասկանալի է, որ արդեն հոկտեմբեր-նոյեմբերին իրական գնաճը կհասնի առնվազն 20 տոկոսի, բայց սա դեռ բոլորը չէ: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումները նվազել են 34.7 տոկոսով, իսկ ուղղակի ներդրումները միանգամից 64.2 տոկոսով: Ավելին, ներկրման ծավալները երեք անգամ ավելի շատ են աճել, քան արտահանմանը: Այսինքն, կտրուկ վատացել է Հայաստանի արտաքին առևտրային հաշվեկշիռը: Մի խոսքով, պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է, որ Հայաստանի տնտեսության վիճակը ծանր է»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG