Մատչելիության հղումներ

logo-print
«Ինձ պետք չէ նախագահի աթոռ, ինձ պետք է, որ մեր կյանքի օրերին մենք ունենանք իրավական պետություն, իրավական հասարակություն, և մեր նախագահը, ով էլ լինի, լինի մեր ժողովրդի կողմից ընտրված», - Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի մոտ իր հետ հանդիպման եկած մի քանի տասնյակ քաղաքացիներին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Որքան դուք եք պատրաստ պայքարի, այդքան ես: Որքան դուք եք հուսահատ, այդքան ես: Որքան դուք եք համարում, որ այսպես շարունակել չենք կարող, որ արտագաղթը հինգ տարի հետո կործանելու է մեր պետությունը, այնքան էլ ես եմ ձեզ հետ», - հայտարարեց Հովհաննիսյանը:

Հանդիպումը վերածվեց հանրային ժողովի: Հավաքվածները հարցեր էին ուղղում, բանավիճում էին նախագահի նախկին թեկնածուի հետ:

Հավաքվածներից մեկի պնդմանը, թե «առանց արյան հնարավոր չէ իշխանափոխություն իրականացնել», Հովհաննիսյանն արձագանքեց, թե հաղթանակի հնարավոր է հասնել առանց արյան. - «Նայեք մեր երիտասարդներին, մեր մտավորականներին, մեր պայքարող հասարակությանը: Եթե մի անգամ, մի օր, երբ ժամանակը, դուք կիմանաք, մենք միասին տարածքով և ժամանակով մեկ կանգնենք, արյան որևէ կարիք չի լինի»:

Խոսելով անցած նախագական ընտրությունների մասին` Հովհաննիսյանն ասաց. - «Մենք չունեցանք անհրաժեշտ կազմակերպվածությունը, որովհետև իմ թեկնածությունը ոչ թե կուսակցական, այլ քաղաքացիական էր: Որպես քաղաքացի էի թեկնածու, չունեինք այդ քաղաքացիական զանգվածը, այդ քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք այսօր շատ ակտիվ են և հպարտ ենք իրենցով, ապրիլի 9-ին չունեինք քաղաքացիական այդ զանգվածը, այդ պաշարը, չկար այդ քվեն ի կատար ածելու ներուժը»:

Նա միավորման կոչ արեց. - «Ազատամարտիկը միայնակ չի կարող, ո'չ էլ ուսման վարձի համար, արդարության համար միայնակ պայքարող երիտասարդը, ո'չ էլ ես»:
XS
SM
MD
LG