Մատչելիության հղումներ

logo-print

Հանրապետականը «հարկ չի համարում» Ալեքսանյանի հետ քննարկել «Փակ շուկայի» հարցը


Արխիվ - Երևանի «Փակ շուկայի» ծածկի քանդումը, 2-ը մարտի, 2012թ․

Արխիվ - Երևանի «Փակ շուկայի» ծածկի քանդումը, 2-ը մարտի, 2012թ․

Իշխող Հանրապետական կուսակցությունը «հարկ չի համարում» «Փակ շուկայի» շուրջ վերջին օրերին բարձրացված աղմուկի ֆոնին քննարկել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարցը, կամ խնդիրը քննարկել նրա հետ։

Կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ Հանրապետական կուսակցությունը «նախագծային ինստիտուտ չէ», այն քաղաքականություն մշակող մարմին է։

Մինչ շուկայի փակ տարածքում Սամվել Ալեքսանյանը շինարարություն է իրականացնում, որը պետք է դառնա «Երևան Սիթի» սուպերմարկետ, երեկ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը շինարարության ՝ ըստ էության ապօրինի լինելու մասին հայտարարությամբ հանդես եկավ։ Նա ասաց, որ հուշարձանն աղճատված է, որ նման նախագիծ իրենց հետ չի համաձայնեցվել, քաղաքապետարանին ներկայացվել են այդ նախագծերը և մերժվել:

Հիմա շուկայի ներսի կամարների 50 տոկոսը քանդված է, հարկեր են ավելացվել, այն դեպքում երբ կառուցապատողը թույլտվություն է ունեցել միայն առանց կամարների հետևի մասում հարկեր կառուցելու . «Բազմաթիվ ջանքերն օգուտ չտվեցին, հիմա օրակարգում հարցը պետք է մնա, ըստ իս, մինչև փորձենք այլ լուծումներ գտնել»,- հայտարարեց Նարեկ Սարգսյանը։

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ հուշարձանների պահպանման, քաղաքաշինության մասին օրենսդրության պահանջներն անտեսված են. ոչ իրենք, ոչ մշակույթի նախարարությունը, ոչ քաղաքապետարանը չկարողացան դրա դեմն առնել և հիմա դժվար է ասել, թե ով կարող է ստիպել, որ այդ հսկայական շինարարությունը քանդվի, շուկայի շենքը բերվի նախկին տեսքի։

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ այս հարցը երբևէ չի քննարկվել, բայց եթե անհրաժեշտ լինի գործադիր իշխանությունները համապատասխան միջոցներ կձեռնարկեն։ Սահակյանը միաժամանակ չհստակեցրեց՝ գործադիր իշխանությունը կարո՞ղ է Ալեքսանյանին ստիպել՝ քանդել ապօրինի կառույցը:

«Բնականաբար, ցանկացած դեպքում միջոցառում պիտի ձեռնարկի, եթե ապօրինի ինչ-որ բան է կատարվել»,- ասաց նա` հավելելով, - «Մեր կուսակցությունը նախագծային ինստիտուտ չէ, մենք քաղաքականություն մշակող ենք: Դրան հարիր, գործադիր մարմինը, որպես ներընտրված գործադիր մարմին, պարտավոր է ուշադրություն դարձնել»։

«Խմբակցությունում Ալեքսանյանի հետ ինչ-որ խոսակցություն եղե՞լ է, կամ լինելո՞ւ է»,- հարցին ի պատասխան Սահակյանն ասաց. - «Ոչ, դրա հարկն էլ չկա, և ոչ էլ խմբակցությունը դրա լիազորությունն ունի։ Խմբակցությունը օրենսդրական աշխատանք է կատարում և այդպես մասնավոր հարցերի քննարկման եզրեր չունի»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում «Փակ շուկայի» փոխարեն «Երևան Սիթի» կառուցելուն, Գալուստ Սահակյանը պատասխանեց․ - «Եթե զգացմունքային որակներով շարժվենք, ոչինչ պիտի չքանդվի, մինչև մեր վերջը գա, հետո ով կքանդի՝ կքանդի: Եթե պրագմատիկ մոտեցում ենք ցուցաբերում, Երևանը նոր կահավորում պիտի ունենա պարտադիր կարգով: Համենայնդեպս ես կողմնակից եմ ավելի լավը կառուցելուն»:

Ընդդիմադիրներին ամենևին չի զարմացրել այս իրավիճակը, երբ Հանրապետական պատգամավորը իրեն վեր է դասում օրենքից. «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում սա համարեց ևս մի վառ ապացույց, որ Հայաստանում ոչ թե օրենքն է ղեկավարում, այլ «ոչ ֆորմալ հարաբերությունները»:

«Որովհետև իրենց հիմնասյունն է: Սամվել Ալեքսանյանը հենց այնպես տե՞ղն է տարիներ շարունակ Մալաթիայում ապահովում իշխանության հաղթանակը բոլոր օրինավոր և ոչ օրինավոր միջոցներով, որ այսօր իր նկատմամբ նմանատիպ գործողության դիմեն: Իհարկե՝ ոչ: Ինչ չկարողանալու մասին է խոսքը. ոստիկանությունը ուղիղ ենթարկվում է նախագահին, թող քաղաքապետարանից, քաղաքաշինության նախարարությունից, մշակույթի նախարարությունից, որոնք այդքան լավ պաշտպանում են Օպերայի ասֆալտը, որ հանկարծ մի վրան առանց մեխի չդրվի օպերայի տարածքում, բայց բաց են թողել այդ պատմական հուշարձանը, թող գնար մեկը կանգներ ու հենց տեսներ, որ նորմերից խախտվում է, անմիջապես ոստիկանությանը կանչեին, ասեին՝ շինարարությունը այս պահից դադարեցնում եք։ Բայց, բնականաբար, այդքան բանը չեն անում, ոստիկանությունն էլ դրա համար չի նախատեսված, ոստիկանությունը միայն ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների համար է, ցավոք, գործադրում իր ուժը, ուստի և մենք ունեցանք այն իրավիճակը, որը կա», - մեկնաբանեց Արմեն Մարտիրոսյանը:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը համոզված էր, որ այստեղ իշխանության ամենավերին օղակներն են ներգրավված:

«Դա լինում է միայն իշխանության դաբրոյով: Փորձեք մեկ պարկ արևածաղիկ տարեկ որևէ տեղ դրեք վաճառեք. ձեզ թույլ կտա՞ն: Ոստիկանները ձեզ անմիջապես կգցեն տեղամաս: Փորձեք որևէ տեղ բիզնես դնել` 10,000 դոլարի բիզնես դնել, և հանկարծ իշխանությունները դրա մասին չիմանան: Ինչի՞ մասին եք խոսում: Կործանվում է կենտրոնական փողոցի, Երևանի զարդերից մեկը: Ամբողջ հասարակությունը ըմբոստանում է, ամբողջ երիտասարդությունը բողոքում է, պաշտոնյաները անգամ բողոքում են. ո՞վ է լսողը: Պատճառը մեկն է. ինչպես կուզեմ` այնպես կանեմ, արդար է, արդար չէ` ես եմ որոշողը: Ամենայն արդարը ես եմ, ամենայն որոշողը ես եմ: Սա միապետություն է: Շուկան պետք է` կավիրեն, պետք է հրապարակի կենտրոնում կայանատեղի անել` կանեն, ի՞նչ է եղել: Ովքե՞ր են մնացած դատավորները, դատախազները, կամ բիզնեսմենները, ճարտարապետները, որ հանկած ծպտուն, ձայն հանեն: Չկա այդպիսի բան», - ասում է Մանուկյանը:

Վաղը «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը մտադիր է այս շինարարական գործունեության կասեցման գործողություն իրականացնել։ Մեր հարցին, թե իրավապահներն ինչպես են արձագանքելու, ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պատասխանեց, որ ոստիկանությունը հավատարիմ է օգոստոսի 24-ին տարածած իր հայտարարությանը, որով մայրաքաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ իրականացնողներին հորդորել է գործել բացառապես օրենքի շրջանակներում, պահպանել հանրային նորմերը, հարգել այլոց իրավունքները և տեղիք չտալ ավելորդ լարվածության:
XS
SM
MD
LG