Մատչելիության հղումներ

Ազատամարտիկները հայտարարում են աշխարհազոր ստեղծելու մասին


Ազատամարտիկների օգոստոսի 29-ի հանրահավաքը Երևանի Ազատության հրապարակում

Ազատամարտիկների օգոստոսի 29-ի հանրահավաքը Երևանի Ազատության հրապարակում

Համազգային համախմբում հայտարարած ազատամարտիկների խումբը ձևավորվելիք աշխարհազորի միջոցով մտադիր է Հայաստանում համակարգային փոփոխությունների հասնել։

Մեկ ամսից ավելի Երևանի Ազատության հրապարակում ամեն հինգշաբթի հանրահավաք անցկացնող Ղարաբաղյան պատերազմի մասնակից ազատամարտիկները հայտարարում են աշխարհազոր ստեղծելու մասին։ Այն տարբեր ակցիաների միջոցով իր շուրջ կհամախմբի մայրաքաղաքի ու մարզերի բնակչությանն ու անհրաժեշտության դեպքում իշխանափոխության միջոցով կկանխի Հայաստանի կործանումը։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասաց ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը։

«Եթե ժողովուրդը կհամաձայնի, մենք կստեղծենք աշխարհազոր: Աշխարհազորի նպատակը ոչ թե այն է, ինչ պատերազմի դեպքում զենք վերցնել և գնալ պատերազմել, ոչ, մենք ասել ենք՝ մենք առանց արյունահեղության ենք գնալու իշխանափոխության», - հայտարարեց Ավետիսյանը:

Շուրջ երեք ամիս առաջ Ազատության հրապարակում սոցիալական պահանջներով բողոքի ակցիաներ սկսած ազատամարտիկների մի մասը շարունակում է բացառապես սոցիալական պահանջ ներկայացնել՝ մարզային հանդիպումներ անցկացնելով։ Իսկ համազգային համախմբում հայտարարած ազատամարտիկների խումբը ձևավորվելիք աշխարհազորի միջոցով մտադիր է Հայաստանում համակարգային փոփոխությունների հասնել։

Նրանք սուր քննադատություններ հնչեցնելով իշխանությունների հասցեին՝ արդեն հայտարարում են, որ եթե իշխանությունները շարունակեն արհամարհել իրենց պահանջները, ապա կսկսեն իշխանափոխության գործընթաց։

«Կոչ արել ենք, կոչը արել ենք էսպես՝ եկեք համախմբվենք ժողովրդի շուրջը, նաև կուսակցություններ՝ եկեք համախմբվեք ժողովրդի շուրջը, եկեք միասին համախմբվենք, թողեք ձեր ամբիցիաները, ցած դրեք ձեր դրոշները, ձեր կրծքանշանները թողեք ձեր կաբինետներում՝ եկեք էստեղ, տեսնենք ազգովի ինչ ենք [անում]», - ասաց Խաչիկ Ավետիսյանը՝ շարունակելով․ - «Փաստորեն չեն գալիս: Ովքեր որ չեն գալիս, ինչ է նշանակում դա՝ այսինքն, նրանք չէին պայքարում ժողովրդի համար: Եկել է մի պահ՝ այ այսօր, փաստի առաջ ենք կանգնել բոլորս»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Ավետիսյանն ասաց, որ իրենք ապաքաղաքական կառույց են, ու չկա որևէ քաղաքական ուժ, որին կնախընտրեին տեսնել իշխանության ղեկին։ Բայց եթե ներկայիս իշխանությունները չանսան իրենց կոչին ու չգան Ազատության հրապարակ՝ քննարկելու երկիրը ճգնաժամից դուրս բերելու հարցերը, ապա իրենք ձեռնամուխ կլինեն նրանց հրաժարականներին և ազատ ու արդար ընտրությունների միջոցով կնպաստեն նոր իշխանությունների ձևավորմանը։

Հաջորդ հինգշաբթի Ազատության հրապարակում կայանալիք համահավաքի ժամանակ ազատամարտիկներն իրենց համախոհ քաղաքացիների հետ կքննարկեն աշխարհազորի ստեղծման հետ կապված հարցեր։

Ազատամարտիկների այս պայքարին են միացել երկու տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ։ Քաղաքական ուժերից նրանց միացել է «Ժառանգություն» կուսակցությունը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG