Մատչելիության հղումներ

Օգոստոսի 30-ի մամուլ


«Ընդամենը վեց ամիս առաջ Հայաստանում նախագահական ընտրություններ էին, Սերժ Սարգսյանն էլ բոլորին խոստանում էր, որ իր ընտրվելու դեպքում մարդկանց կենսամակարդակն անընդհատ բարձրանալու է, Հայաստանն էլ ավելի ապահով է դառնալու», - վերհիշում է «Չորրորդ իշխանություն»-ն ու շարունակում. - «Անցավ ընդամենը վեց ամիս, ազգային վիճակագրական ծառայությունը պաշտոնական թվեր հրապարակեց, և պարզվեց, որ այս տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 8․5 տոկոս, իսկ աշխատավարձերը բարձրացել են ընդամենը 3․8 տոկոսով: Այսինքն՝ կյանքը վատացել է միանգամից 4․7 տոկոսով: Ստացվեց, որ Սերժ Սարգսյանը սուտ էր ասում: Իսկ գուցե ինքը տեղյա՞կ չէր, որ այդպես է լինելու, գուցե այն ժամանակ չգիտե՞ր, որ գազը թանկանալու է: Իհարկե գիտեր: Ընտրություններից հետո բազմաթիվ փաստեր հրապարակվեցին, բազմաթիվ հայտարարություններ հնչեցին, և հիմնավորապես ապացուցվեց, որ գազի թանկացման որոշումն ընտրություններից առաջ էր կայացվել: Այսինքն` Սերժ Սարգսյանը գիտեր, որ ընտրություններից անմիջապես հետո գազն ու էլեկտրաէներգիան կտրուկ թանկանալու են, մարդկանց կենսամակարդակն էլ կտրուկ իջնելու է: Պարզ ասած` նա գիտակցաբար էր ստում: Իսկ գուցե այլ տարբերակ չկա՞ր, գուցե Հայաստանի վիճակն իսկապե՞ս այնպիսին էր, որ սոցիալական աղետն անխուսափելի էր: Շատ լավ: Բայց կարող էր, չէ՞, Սերժ Սարգսյանը հենց այդպես էլ ասել` գիտեք ինչ, ժողովուրդ ջան, գազը թանկանալու է, սկսելու ենք ավելի վատ ապրել, բայց այլ տարբերակ չկա, իմ փոխարեն ով էլ ընտրվի, ավելի վատ է լինելու: Ինչո՞ւ էր գիտակցաբար խաբում ժողովրդին»:

«Ժամանակ» օրաթերթի խմբագրականում կարդում ենք. - «Այսօր Հայաստանին սպառնացող ամենամեծ վտանգը ամենևին էլ Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանությունը չէ: Ոչ էլ Սերժ Սարգսյանի բնորոշած գաղջ մթնոլորտն է: Մեր ամենամեծ վտանգն այն է, որ Հայաստանը ցայսօր այդպես էլ չի կարողացել ձևավորել պետական իմունային համակարգ, որ կարողանա ճշգրտությամբ հաշվարկել պետությանը սպառնացող բոլոր մարտահրավերները և ավտոմատ ռեժիմով իրականացնել ամենաօպտիմալ և անհրաժեշտ քայլերը, երկիրը թիրախի կարգավիճակից դուրս բերելու համար: Հայաստանի Հանրապետությունն իսկապես այսօր թախտին նստած բախտին սպասողի կարգավիճակում է հայտնվել: Մեր երկրի ներքին իմունային համակարգը օրըստօրե վատթարանում է: Մենք կանգնած ենք բավականին խճճված ներքին և տարածաշրջանային խնդիրների առաջ»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Վերջ, հայրենի վերլուծաբանները մի քանի օրվա, իսկ մի քիչ ավելի հնարամիտ գտնվելու պարագայում մի քանի շաբաթվա ծամելու թեմա մաստակ են գտել: Եվ ուստի հարկ է սպասել նորանոր հանճարեղ վերլուծությունների ու սրտաճմլիկ կանխատեսումների առ այն, թե երբ, ինչու և ինչ հարցերով են հանդիպելու Հայաստանի և Ռուսաստանի նախագահները: Զուգահեռ կշրջանառվեն զանազան գրավոր տնքտնքոցներ, թե ինչու Պուտինը չեկավ Հայաստան, կամ Սարգսյանը չգնաց Մոսկվա: Եվ այս ամենը հորինվածքների, ասեկոսեների ու այլևայլ մտավարժանքների խորապատկերում: Կա հետաքրքրաշարժ ու տաքանալու հեռանկար ունեցող ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման և Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միության հակադրության թեման` Հայաստանի կողմից դրանցից մեկնումեկը ընտրելու հարցով համեմված: Վերջին երկու ամիսներին թվում է, թե այս առնչությամբ ով ինչ գիտեր, նույնիսկ ինչ չգիտեր, արդեն ասել է: Բայց դե քաղաքական աշունն է շուտով մեկնարկում, բա մի հատ նախավարժանք չլինի՞»:

«Առավոտ» թերթը գրում է. - «Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում առաջիկա ընտրություններին ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն որոշեցին չմասնակցել՝ պատճառաբանելով, որ դա ամենասարսափելի ընտրատարածքն է՝ կեղծիքների առումով: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը հեգնեց ՀԱԿ-ին և ՀՅԴ-ին. «Ցանկացած մի քիչ տրամաբանող մարդու համար պարզ է, որ ցանկացած հայտարարություն այս պարագայում ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն կարող էին անել, իսկ իրական պատճառն այն է, որ որևէ աջակցություն այդ քաղաքական ուժերը չունեն այդ մարզում: Ոչ թեկնածու ունեն, ոչ հեղինակություն ունեն, ոչ մի բան էլ չունեն: Այդ նույնն է, որ ասում են՝ ամեն գյուղում մի հատ գիժ կա, ամեն գիժն ասի՝ ես չեմ մասնակցում, որովհետև կեղծելու են: Չունի ռեսուրս, չեն ընտրելու իրեն, պարզ չի՞: Սրանց էլ պարզ է, որ չեն ընտրելու: Ամեն հայտարարություն էլ կարելի է անել: Սաղ որ հնարավորություն ունենային ընտրվելու, չէի՞ն մասնակցի: «Ժառանգությունը» մասնակցում է, որովհետև «Ժառանգությունը» վերջին ընտրությունների ժամանակ որոշակի արդյունք ցույց է տվել: Հույս ունի, որ այդ արդյունքը կարող է կրկնել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG