Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասն ընտրության առաջ


Լեռնային Ղարաբաղ - Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղ - Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Դիվանագետները մեկնաբանում են Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման գործում Արևմուտքի առաջնահերթությունները։

Ներքին խնդիրներ, հակամարտություններ

Ռուս - վրացական պատերազմից հինգ տարի անց Հարավային Կովկասի երեք հանրապետությունները` Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը շարունակ գտնվում են լուրջ մարտահրավերների առաջ։

International Herald Tribune-ը հրապարակել է Հայաստանում և Վրաստանում Եվրահանձնաժողովի նախկին դեսպան Դենիս Քորբոյի, Ղազախստանում և Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ուիլյամ Քորթնիի, Ադրբեջանում և Բոսնիա-Հերցեգովինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կաուզլարիչի և Բելառուսում ու Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քեննեթ Յալովիցի վերլուծությունը, որի թեման Անդրկովկասի հիմնախնդիրներն են։

Հեղինակները նշում են, որ տարածաշրջանն ավելի է ի կարևորվում էներգետիկ ծրագրերի և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողությունների առումով։

Երեք երկրներն ունեն անվտանգության և ներքին դժգոհությունների հետ կապված խնդիրներ։ Ռուսաստանը գրավել է Վրաստանին պատկանող Հարավային Օսիան և Աբխազիան, բացի այդ, երկու տասնամյակ շարունակ չի կարգավորվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, նշում են դիվանագետները:

Օգտագործելով Ղարաբաղի հարցը՝ Ռուսաստանը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ վարում է իրեն ձեռնտու քաղաքականություն՝ մի կողմից, ամրացնելով ռազմական դիրքը Հայաստանում և, մյուս կողմից, զենքի վաճառքի միլիարդավոր դոլարների պայմանագրեր կնքելով Ադրբեջանի հետ։

Թուրքիան է՛լ ավելի է վնասում կայունությունը Հայաստանի հետ սահմանները փակ պահելու միջոցով։

Հայաստանը Եվրասիական տնտեսական համագործակցության դիտորդ է, սակայն անդամակցելու մտադրություն չի դրսևորում։

Ուկրաինայի նկատմամբ Մոսկվայի դիրքորոշման խստացումը վկայում է այն մասին, որ հարավկովկասյան երկրներն էլ կարող են կանգնել նմանօրինակ բարդությունների առաջ։

Խնդիրները երևում են ընտրությունների ընթացքում

Երեք երկրներն ունեն նաև ներքաղաքական լուրջ դժվարություններ, որոնք առավել հաճախ են դրսևորվում ընտրությունների շրջանում։ Հայաստանում քաղաքական լարվածությունը և լճացումը խոչընդոտում են բարեփոխումների ընթացքը, խիստ բացասական հանգամանքներ են փակ սահմանները, արտագաղթը և օլիգարխիայի սերտաճումը իշխանության վերին օղակների հետ։

Նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրությունն ուղեկցվել է խախտումներով։

Ադրբեջանում համատարած կոռուպցիա է, հարստությունների անարդար վերաբաշխում և դիկտատուրա։ Նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը բանտարկում է լրագրողներին և բլոգերներին։

Հայաստանում քաղաքական դաշտի խիստ բևեռացումը և Ադրբեջանում ավտորրիտար վարչակարգի հավանական վերընտրությունը չեն նպաստում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, քանի որ անհնարին են դարձնում փոխզիջման հնարավորությունները։

Վրաստանում անցյալ տարվա իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը բանտարկում է նախորդ վարչակազմի ներկայացուցիչներին։

Անդրկովկասի եվրոպական հեռանկարը

Երեք երկրները թևակոխել են Եվրամիության հետ հարաբերությունների առումով վճռական փուլ։ Արևելյան գործընկերության նախաձեռնությունը կարող է ապագայում Եվրամիության կառուցվածքում հայտնվելու հեռանկար ստեղծել։

Նոյեմբերին Եվրամիությունը Վիլնյուսում, հավանաբար, կստորագրի ազատ առևտրի համաձայնագիր Վրաստանի հետ և կնախաստորագրի նման փաստաթուղթ Հայաստանի հետ։

Ադրբեջանն այդ տեսակետից ետ է մնում, բայց փորձում է եվրոպացիներից վիզաների դյուրացման պայմանագիր ստանալ։

Արևմուտքի երեք պարտավորությունները

Քորբոյի, Քորթնիի, Կաուզլարիչի և Յալովիցի համոզմամբ, Արևմուտքը պարտավոր է աշխատել երեք ուղղություններով։

Առաջին. Արևմուտքը պարտավոր է պաշտպանել նրանց, ովքեր Հարավային Կովկասում չունեն խոսքի ազատություն։ Ցանկացած կեղծված ընտրությունից, ընդդիմադիրի կամայական ձերբակալությունից և հարստության անարդար յուրացումից հետո ազատության ջատագովների մոտ նվազում է վստահությունն Արևմուտքի հանդեպ։ Իսկ Ադրբեջանում նույնիսկ հակաամերիկյան տրամադրություններ են գրանցվում։

Երկրորդ. Եվրոպական միությունը պետք է օգտագործի Հարավային Կովկասում ազդեցություն գործադրելու պատմական հնարավորությունը։ Եվրամիության դեմոկրատական չափանիշներն ու հարստությունը գրավիչ են Հարավային Կովկասի համար։

Երրորդ. Արևմուտքը պետք է ամեն կերպ աջակցի հարավկովկասյան երեք երկրների անկախությանը։

Անդրկովկասի համար եկել է սեփական ապագայի մասին մտածելու ժամանակը։ Եթե եռյակը ցանկանում է Արևմուտքի հետ սերտ համագործակցություն, ապա պետք է շարունակի թափանցիկ կառավարմանն ու տնտեսական ազատությանն ուղղված բարեփոխումները։

Եվ մինչ Հարավային Կովկասը կողմնորոշվում է, Արևմուտքը պետք է սատարի նրանց, ովքեր պաշտպանում են ազատության և բարեփոխումների արժեքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG