Մատչելիության հղումներ

Հրայր Թովմասյանը իրավաչափ է գնահատում ոստիկանության գործողությունները


Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի համոզմամբ, Կոմիտաս 5 հասցեի հարակից տարածքում վերջին օրերին ոստիկանության իրականացրած գործողությունները իրավաչափ էին:

Թովմասյանը նման համոզմունք հայտնեց այսօր կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագորղների հարցերին։ Մյուս կողմից, արդարադատության նախարարը չբացառեց, որ «կարող են եղած լինել դեպքեր, որտեղ կոնկրետ ոստիկանը գերազանցած լինի իր լիազորությունները», որոնք պետք է «առանձին ուսումանսիրվեն»:

«Համաչափության տեսանկյունից պետք է գնահատել, թե հետապնդվող նպատակներն ու կիրառվող միջոցները որքանով էին համաչափ։ Ես ձեզ կարող եմ տասնյակ երկրներ թվարկել, որտեղ լինի քաղաքային, լինի միջքաղաքային ճանապարհները փակելու համար նաև քրեական պատասխանատվություն է նախատեսված և որևէ հանրային միջոցառում չի թույլատրվում փողոցներում կատարելու համար, որովհետև մարդու իրավունքները դադարում են գործել այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի իրավունքը։ Որևէ երկիր դուք չեք գտնի, որտեղ ոստիկանը շատ հանգիստ կարող է նայել, կամ այն հրահանգները, որ՝ դուրս եկեք փողոցից, չկատարելու դեպքում, չսկսի նրանց դուրս հանել։ Այս առումով ոստիկանության գործողությունները միանգամայն իրավաչափ էին։ Կարող են եղած լինել դեպքեր, որտեղ կոնկրետ ոստիկանը գերազանցած լինի իր լիազորությունները։ Ոչ ոք չի կարող դրանք բացառել։ Սրանք առանձին ուսումնասիրության արդյունքներ են։ Կարող են լինել այն դրվագները, որոնց մասին ԶԼՄ֊ները գրում են՝ սեռական բնույթի հայհոյանքներ, և այլն։ Ոչ ոք չի կարող բացառել։ Ցավալի կլինի, ես շատ կափսոսամ, որ մեր ոստիկանությունում դեռևս նման մարդիկ կան։ Նման մարդիկ որևէ տեղ գործ չունեն։ Ես համոզված եմ, ճանաչելով Հայաստանի Հանրապետության ոստիկանապետին, որ այդ իրավիճակները զուտ մարդկայնորեն, զուտ որպես հայ, չի կարող անտեսվել և նրանք պատասխանատվության կենթարկվեն։ Ինչպիսի պատասխանատվություն կլինի՝ չեմ կարող ասել։ Ոստիկանությունում տեղի ունեցող փոփոխությունները ես գնահատում եմ դրականորեն», ֊ նշեց նախարարը։

Երևանի Կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարության դեմ հարակից շենքերի բնակիչների և քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիաները, որոնք ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով, հարուցեցին իրավապաշտանների սուր քննադատությունը: Անգամ գնահատական հնչեց, թե ոստիկանության պահվածքը պետական տեռոր էր սեփական քաղաքացիների նկատմամբ:

Տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկավ նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ով, մասնավորապես, նշել էր․ ֊ «Այս միջադեպը նոր ցավ և դարձյալ հիասթափություն էր մեզ համար: Հատկապես ոչ պրոֆեսիոնալ էր առանձին ոստիկանների էմոցիոնալ և անկանոն պահվածքը»:
XS
SM
MD
LG