Մատչելիության հղումներ

Գազի գնի սուբսիդավորման շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ ավարտված են և Հայաստանը «հաստատ գումար կստանա»՝ կապույտ վառելիքի նոր գինը սուբսիդավորելու համար, այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, նման հայտարարություն արեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովիսիսյանը:

Մովիսիսյանը, սակայն, հրաժարվեց մանրամասներ հրապարակել՝ ի՞նչ գումարի մասին է խոսքը, այդ գումարը Հայաստանը որպես վա՞րկ է ստանալու, թե՞ այդ գումարի դիմաց ռուսական կողմին է զիջվելու որևէ ունեցվածք: Փոխարենը նախարարը խոստացավ առաջիկա օրերին հրապարակել բանակցությունների ամբողջական արդյունքները:

Ինչպես հայտնի է, հուլիսի 7-ից ուժի մեջ մտան գազի ու էլետրանէներգիայի նոր սակագները, և մասնավորապես, բնակիչները պետք է մեկ խորանարդ մետր գազի համար վճարեն 156 դրամ՝ նախկին 132-ի փոխարեն:

Մինչդեռ, սուբսիդավորման հարցում հստակություն չէր մտնում:

Կառավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը, բազմիցս հայտարարել են, թե կառավարությունը միջոցներ է հատկացնելու գազի նոր գինը մոտ 30 տոկոսով սուբսիդավորելու համար:

Հունիսի կեսերին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, օրինակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել էր, թե բանակցություններ են վարում Ռուսաստանի հետ՝ դրամաշնորհ ստանալու նպատակով, որպեսզի կարողանան իրականացնել սուբսիադավորումը: Ճիշտ է, վարչապետի այդ հայտարարությունից հետո «Գազպրոմի» պաշտոնական կայքէջը բացահայտեց, որ Մոսկվայում Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը բանակցում է «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի կառավարությանը պատկանող վերջին 20 տոկոսը բաժնեմասը ռուսական կողմին զիջելու շուրջ: Ավելի ուշ Մովիսիսյանը հաստատեց այդ տեղեկությունը:

Հուլիսի 10-ին Արմեն Մովսիսյանը լրագրողներին դարձյալ խոստացել էր «մի քանի օրից» հայտնել ռուսների հետ տարվող բանակացությունների ամսին: Այն ժամանակ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարն ասում էր, թե բանակացությունները ավարատական փուլում են։ Սակայն այդ «մի քանի օրը», ինչպես տեսանք, ձգվեց մինչ սեպտեմբեր:

Այդ օրը Մովսիսյանը նաև հաստատեց այն տեղեկությունը, որ գազի գնի 30 տոկոս սուբսիդավորման համար անհրաժեշտ է տարեկան մոտավորապես 150 միլիոն դոլար, և Հայաստանի կառավարությունը ցանկանում է առաջիկա հինգ տարիներին պահել նույն գինը: Սակայն այդ պարագայում Հայաստանի կառավարությանը հարկավոր կլինի 750 միլիոն դոլար:
XS
SM
MD
LG