Մատչելիության հղումներ

logo-print

Աշոտյանը 2014-ին ուսուցիչների աշխատավարձի բարձրացում է խոստանում


Սեպտեմբերի 1-ը երևանյան դպրոցներից մեկում, արխիվ

Սեպտեմբերի 1-ը երևանյան դպրոցներից մեկում, արխիվ

Միջազգային կառույցների իրականացրած հետազոտության արդյունքներով՝ 80 երկրների շարքում Հայաստանի ուսուցչական համակազմը ամենատարեցն է աշխարհում, երկրորդ տեղում Ավստրիան է՝ երեք անգամ պակաս ցուցանիշով: Այդ մասին ասել է Հայաստանի կրթության և գիտության նախարարը՝ այսօր մասնակցելով Կոտայքի մարզի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը:

«Մեր դպրոցներում ուռճացված է ինչպես մանկավարժների թիվը, այնպես էլ սպասարկող և վարչական անձնակազմերի թիվը: Խնդրի լուծման համար մենք ունենք երկու ճանապարհ. առաջինը՝ ոչինչ չանել և ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, երկրորդը՝ ընտրում ենք լավագույն մասնագետներին, նրանից պահանջում ենք որակ և վճարում ավելի արժանապատիվ: Կրթության ոլորտը չի կարող իր վրա սոցիալական մեծ բեռ վերցնել, մեր հիմնական խնդիրը որակի ապահովումն է, իսկ դրան հասնելու համար, ցավոք, ստիպված ենք գնալ նաև ոչ «պոպուլյար» քայլերի: Ես իբրև նախարար դրան պատրաստ եմ», - կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, ասել է Աշոտյանը՝ ավելացնելով, որ 2014 թվականին նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձի բարձրացում:

Խորհրդակցությանը մասնակցող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ բանակի համար դպրոցը համագործակցության ամենակարևոր օղակն է, քանի որ դպրոցում է ձևավորվում հայոց բանակի ապագա զինվորը: Օհանյանը տեղեկացրել է, որ Հայաստանի ավելի քան 400 դպրոցներ ակտիվ համագործակցում են զորամասերի հետ:

«Մենք չափազանց կարևորում ենք դպրոցի գործունեությունն ու ուսուցչի դերը: Համոզված եմ, որ հասարակության մեջ առաջին օրինակը, ում պետք է հետևեն աշակերտները, պետք է լինի ուսուցչի կերպարը: Դպրոցի թերությունը հետագայում շատ վառ արտահայտվում է բանակում՝ վարվելակերպի կանոնների ու կարգապահության մակարդակի տեսքով, զինվորների միջանձնային հարաբերություններում», - ընդգծել է պաշտպանության նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG