Մատչելիության հղումներ

Օգոստոսի 29-ի մամուլ


«Չորրորդ իշխանություն»-ը անդրադարձել է առաջիկա ամիսներին սպասվող սահմանադրական փոփոխություններին: Նախագահականից խորհրդարանական համակարգին անցնելու հիմնական խնդիրը, ըստ թերթի, այն է, որ «2018-ին Սերժ Սարգսյանը ստիպված կլինի լքել նախագահի նստավայրը (եթե, իհարկե, մինչ այդ դիմանա), մինչդեռ խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում հանգիստ կարող է 2017-ին ՀՀԿ-ի համար «տոկոսներ խփել», դառնալ վարչապետ և շարունակել միանձնյա ղեկավարել երկիրը՝ առանց ժամկետային սահմանափակման»: «Բայց խնդիրը նույնիսկ Սերժ Սարգսյանի անձը չէ», - գրում է «Չորրորդ իշխանություն»-ը՝ շարունակելով․ - «Շատ ավելի կարևոր է, որ մարդիկ հասկանան․ կառավարման նախագահական համակարգի դեպքում որևէ մեկն իրավունք չունի տասը տարուց ավելի միանձնյա ղեկավարել երկիրը, իսկ խորհրդարանական համակարգի դեպքում որևէ մեկը կարող է միանձնյա իշխել 15, 20, 30 տարի․․․ Իսկ դա ավտորիտար ռեժիմ ստեղծելու հրաշալի հնարավորություն է: Ընդ որում՝ դա իր մեջ ուրիշ վտանգ էլ է պարունակում: Եթե նկատել եք՝ զանգվածային բռնություններով ուղեկցվող հեղափոխությունները տեղի են ունենում հատկապես այն երկրներում, որտեղ երկրի միանձնյա ղեկավարի իշխանությունը ժամկետային սահմանափակումներ չունի»:

«Հայոց աշխարհ»-ի հետ զրույցում Երևանի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանն ասել է․ - «Սահմանադրական փոփոխությունների իրականացումը կարդարացվի, եթե, նախ, մեր իշխանությունները փորձեն գնալ կոնստիտուցիոնալիզմի ճանապարհով, այսինքն՝ կատարվեն իրական փոփոխություններ, ու մեր Սահմանադրությունը տեխնիկական փաստաթղթից վերածվի գործուն մեխանիզմի»:

«Ժամանակ»-ը «Քաղաքացիականն այլընտրանք չունի» վերնագրված խմբագրականում գրում է․ - «Գնալով մենք՝ հասարակության գերակշռող հատվածը, հանգում ենք քաղաքացիական արժեքների գերակայության անհրաժեշտության: Հետևաբար, եթե որևէ մեկին դուր չի գալիս գործող ընդդիմության կամ ընդդիմությունների քայլերը, ապա որպես այլընտրանք պետք է ներկայացնի քաղաքացիական նոր հայեցակարգ: Ազգային միասնականության այլ հիմք, քան քաղաքացիական իրավունքը, ժամանակակից աշխարհում թերևս գոյություն չունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG