Մատչելիության հղումներ

Շուրջ 150 փաստաբաններ կպաշտպանեն Արգիշտի Կիվիրյանի շահերը


Շուրջ 150 փաստաբան պատրաստակամություն է հայտնել զբաղվել «Արմենիա Թուդեյ» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի շահերի պաշտպանությամբ, ինչը փաստաբանները բնութագրում են որպես իրենց կողմից իրականացվող ակցիա:

Օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում շենք կառուցելու դեմ բողոքի ակցիային մասնակցող ավելի քան երկու տասնյակ քաղաքացիներ, այդ թվում՝ Արգիշտի Կիվիրյանը, ոստիկանական մեքենաներով բերման էին ենթարկվել: Միջադեպից հետո ոստիկանության դասակի հրամանատարը զեկուցագիր էր գրել, թե ոստիկանական մեքենայում Արգիշտի Կիվիրյանը բռնություն է գործադրել իր նկատմամբ, հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով՝ ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի հատկանիշներով: Այս հոդվածը նախատեսում է ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով:

Կիվիրյանն այսօր հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն: Նրա հետ ՀՔԾ էին ներկայացել 30 փաստաբաններ: Նրանցից 3-ը՝ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի գլխավորությամբ, մոտ մեկ ժամ անցկացրեցին Հատուկ քննչական ծառայությունում՝ Արգիշտի Կիվիրյանի շահերի պաշտպանության հետ կապված հարցերը քննարկելով քննիչ Լևոն Մելքոնյանի հետ: Ինքը՝ Կիվիրյանը, ՀՔԾ չմտավ:

«Մենք պահանջեցինք ծանուցագիր տալ: Մնացած հարցերը ծանուցագիրը Արգիշտի Կիվիրյանին փոխանցելուց հետո ինչպիսի որոշում ինքը կայացնի, այնպես էլ կվարվենք», - քննիչի հետ հանդիման մանրամասները ներկայացրեց Ռուբեն Սահակյանը: Նա հայտնեց, որ քննարկել են նաև մեծ թվով փաստաբանների՝ Կիվիրյանի պաշտպանության գործում ներգրավվելու հարցը․ - «Բնական է, որ որոշակի դիմադրություն եղավ, քննարկում ծավալվեց Քրեական դատավարության օրենսգրքի ձևակերպումների շուրջ: Տեխնիկապես քանի որ դժվար բան է [քննիչը] դեմ է: Հիմա Ձեզ դրեք քննիչի տեղը, ինչպիսի վիճակում կլինեք Դուք, եթե Ձեր կաբինետը ընդամենը 12 քառակուսի մետր է, բայց ուզում են գալ այնքան մարդիկ, որոնք կարող են զբաղեցնել 300 քառակուսի մետր տարածություն, այսինքն բոլոր փաստաբանները Պալատի: Չեմ կասկածում, որ բոլորը կմիանան այս գործընթացին»:

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով Արգիշտի Կիվիրյանի շահերը պաշտպանողներից Երվանդ Վարոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ներկայացրեց իրենց կողմից նման ակցիա իրականացնելու դրդապատճառները․ - «Առաջին հերթին՝ դեպքն է ճչացող՝ ինչ է տեղի ունեցել, և ինչ քրեական գործ է հարուցվել: Այդ առումով շատ փաստաբաններ իրենց պրակտիկայում էլ հանդիպում են այդ 316 հոդվածի՝ որպես մահակ օգտագործմանը: Բացի այդ Արգիշտի Կիվիրյանը նաև փաստաբան է, և համայնքը ինքնաբուխ որոշում է կայացրել պաշտպանել Կիվիրյանի շահերը: Այս պահի դրությամբ մոտավորապես 150 փաստաբաններ պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում լինել նրա պաշտպանը: Թիվը ամեն րոպե ավելանում է»:

Վարոսյանը հավելեց, որ օրենքը չի սահմանափակում անձի պաշտպանների քանակը:

Փաստաբան Մելանյա Առուստամյանը, որը 2008-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու առթիվ հարուցված շուրջ 10 գործերով ներգրավվել էր որպես փաստաբան, «Ազատություն» ռադիոկայնաի հետ զրույցում այսպես պատճառաբանեց իր ներկայությունը Կիվիրյանին պաշտպանող փաստաբանների շարքում․ - «316 հոդվածով դատապարտվող անձանց առանձնահատկությունն այն է, որ հիմնականում անձինք դատապարտվում են ոստիկանների ցուցմունքների հիման վրա: ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունեց, համաձայն որի արգելեց բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա անձանց դատապարտումը: Եվ չնայած դրան, այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության դատարանները դատապարտեցին որոշակի անձանց Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ: 316 հոդվածի առանձնահատկությունը այս դեպքում համանման է: Փաստաբանները, ըստ փաստական տվյալների և տարածված տեսանյութերի, գտնում են, որ տուժող է Արգիշտի Կիվիրյանը, այլ ոչ թե ոստիկանը»:

Այսօր Գլխավոր դատախազության շենքի մոտ, որտեղ տեղաբաշխված է նաև Հատուկ քննչական ծառայությունը, քաղաքացիները պարզել էին պաստառ, որի վրա գրված էր․ - «Թույլ չենք տա ևս մեկ քաղբանտարկյալ»:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունից այսօր նախընտրեցին չհստակեցնել, թե ինչ կարգավիճակով է Կիվիրյանը հրավիրվել հարցաքննության, դա համարելով նախաքննական գաղտնիք:

Արգիշտի Կիվիրյանը, ով նաև փաստաբան է, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, հիշեց նախադեպերը․ - «Կոնկրետ կարգավիճակ չեն ասել, բայց ինչպես հասկացա՝ որպես վկա: Բայց հայկական իրականության մեջ բոլոր նման գործերը սկսվում է որպես վկա, հինգ րոպե հետո կարող ես դու դառնալ կասկածյալ, տասը րոպե հետո՝ մեղադրյալ: Ով ծանոթ է այդ ոլորտին՝ միշտ այդ կարգավիճակով են կանչում, այնինչ՝ ինձ պետք է կանչեն որպես տուժող»:

Մինչդեռ, նույն դեպքի կապակցությամբ ոստիկանությանը հաղորդում էր ներկայացրել նաև Արգիշտի Կիվիրյանը՝ նշելով, որ այդ օրը իրեն ոստիկանության բաժին բերման ենթարկելիս ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են գործադրել: Նա պատմել է, որ ոստիկաններից մեկը անգամ փորձել է խեղդել իրեն, նրա դեմքին, թևերին կան վնասվածքներ, ականջը ևս վնասվել էր:

Ինչպես այսօր տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից, Արգիշտի Կիվիրյանի հաղորդման հիման վրա առայժմ քրեական գործ չի հարուցվել: Հաղորդման հիմքով քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու որոշում կարող է կայացվել 10-օրյա ժամկետում: Այդ ժամկետը դեռ չի լրացել:

Թեև Հատուկ քննչական ծառայությունից այսօր Կիվիրյանին տեղեկացրել են, որ նա կարող է գնալ դատաբժշկի մոտ, քանի որ փաստաթղթերի փաթեթն ուղարկվել է դատաբժշկին, Արգիշտի Կիվիրյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ այսօր այցելել է դատաբժշկին, սակայն իրեն ասել են, թե որևէ փաստաթուղթ չի ստացվել ՀՔԾ-ից:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG