Մատչելիության հղումներ

Կառավարությունը պատրաստում է նոր որոշում, որով կմիավորվեն «Շիկահող» պետական արգելոցը և «Արևիկ» ազգային պարկը՝ ստեղծելով «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը:

Նախագիծն իրականացնելու համար գերմանական KFW բանկը պատրաստ է 8.2 մլն եվրոյի դրամաշնորհ տրամադրել:

Արգելոցը բնության հատուկ պահպանվող տարածք է, որը պահպանման ավելի բարձր մակարդակ ունի, քան ազգային պարկը: Օրինակ, արգելոց մուտք գործելու իրավունք ունեն միայն գիտական եւ ճանաչողական նպատակով` հատուկ թույլտվությամբ:

Նախապատրաստվող որոշմամբ, մինչդեռ, ստեղծվում է մի նոր մարմին՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը եւ թե' արգելոցի, թե' ազգային պարկի կառավարումը տրվում է այս նոր մարմնին:

«Կառավարումը լիովին անցնում է այդ համալիրի տնօրինությանը, այսինքն՝ որպես արգելոց ինքը որոշում կայացնելու իրավունք չի ունենում: Դառնում է այդ համալիրին ենթակա ինչ-որ մարմին, մասնաճյուղ: Այո, արգելոցի իր կարգավիճակը պահպանում է, սակայն միայն թղթի վրա, գործնականում որոշումներ կայացնելու իրավունք չի ունենում: Մենք ունենք արդեն կայացած արգելոց, կայացած ստրուկտուրա, դրա հետ «խաղ ու պարը» մի քիչ վտանգավոր է», - ասաց Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ Արսեն Գասպարյանը:

Բացի այդ, կան նաեւ օրենսդրական բացեր: Եթե օրենքով հստակ սահմանված է, թե ինչ գործունեություն կարելի է և ինչ չի կարելի իրականացնել արգելոցում կամ արգելավայրում, ապա կենսոլորտային համալիրի մասին «Հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում, բնապահպանների խոսքով, մի քանի պարբերություն է եւ հստակ սահմանումներ չկան:

«Էկոլուր»-ի նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքով, Սյունիքի մարզում ավելի քան 50 հանքերի շահագործման եւ ուսումնասիրության լիցենզիաներ են տրված: Հենց Շիկահող գյուղի մոտ կա ուսումնասիրվող մի հանք, 4-5 հանքեր էլ արդեն ունեն շահագործման լիցենզիաներ «Արևիկ» ազգային պարկի բուֆերային գոտում:

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրը միավորելու է իրարից հեռու գտնվող այդ տարածքները: Դա պետք է լինի էկոլոգիական միջանցքներով, սակայն, բնապահպանների խոսքով, եթե այդ միջանցքներում հանքեր են շահագործվելու, դա այլեւս կենսոլորտային համալիր չէ:

Օրենքի համաձայն, շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող ցանկացած նախագիծ պետք է անցնի հասարակական լսումներ: Բնապահպանների պնդմամբ` հասարակական լսումներ ևս չեն անցկացվել:

Իրենց մտահոգություններով երկու նամակ Էկոլոգիական հասարակական դաշինքի անունից հղել են Բնապահպանության նախարարությունը: Այնտեղից պատասխանել են, թե «նախագծերը գտնվում են քննարկման փուլում եւ ներկայացված են շահագրգիռ կողմերին` կարծիքի համար: Սահմանված կարգով անցկացվել են հասարակական լսումներ»:

«Որտե՞ղ են անցկացվել այդ քննարկումները, ո՞ւմ հետ: Ոչ ոք դրան չի մասնակցել, ոչ մի հայտարարություն այդ մասին նախարարության կայքում չի եղել», - նշեց դաշինքի անդամ Սիլվա Ադամյանը` հավելելով, որ Էկոլոգիական հասարակական դաշինքը սեպտեմբերին կկազմակերպի կոնֆերանս` KFW բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG