Մատչելիության հղումներ

logo-print

Սիրիահայերը նախապատրաստվում են ԱՄՆ զինուժի հնարավոր հարվածներին


Սիրիա – Հալեպի ալ-Մաշհադ թաղամասի շուկան՝ ռմբակոծությունից հետո, 31-ը հուլիսի, 2013թ․

Սիրիա – Հալեպի ալ-Մաշհադ թաղամասի շուկան՝ ռմբակոծությունից հետո, 31-ը հուլիսի, 2013թ․

Սիրիահայ համայնքը մտահոգված ԱՄՆ զինուժի կողմից Սիրիային հնարավոր հարվածներ հասցնելու մասին լուրերով, սակայն սիրիահայերը չեն շտապում լքել այդ երկիրը:

Հայոց առաջնորդարանի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե համայնքը, չնայած վտանգներին, շարունակում է իր առօրյան։

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցներում Հալեպում պատերազմի վտանգի տակ ապրող սիրիահայերն ասում էին, որ սկսել են նախապատրաստվել հնարավոր հարվածներին, պատրաստվում են շենքերի նկուղները ծառայեցնել որպես ապաստարան, որտեղ կպատսպարվեն հրթիռների հնարավոր հարվածներից ու ռմբահարումից։

Հալեպում տպագրվող Գանձասար ամսագրի աշխատակից Զարմիկ Պողիկյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե համայնքը խուճապի չի մատնվել: Նա ասում է, որ եթե նույնիսկ սիրիահայերը ցանկություն ունենային այս օրերին լքել երկիրը, ապա, միևնույն է, դա հնարավոր չէր լինի․ արտաքին աշխարհին Հալեպը կապող բոլոր ճանապարհները վտանգված են, օդանավակայանը դեռ նախորդ տարվա վերջից չի գործում, իսկ ցամաքային կամ հսկվում են ընդդիմադիրների կողմից, կամ էլ պատերազմական գործողությունների կիզակետում են։

«Հայկական համայնքը մտահոգ է: Հայ համայնքի ղեկավարները կոչ են անում զգույշ լինել, շատ դուրս չգալ այս օրերին», - պատմեց Պողիկյանը:

Հայաստանում գտնվող սիրիահայերը անհանգստացած են Հալեպում մնացած հայրենակիցների համար։ Նրանք միակ հույս այն է, որ ԱՄՆ-ն նման քայլի չի գնա։

Հայաստանի իշխանությունները չեն շտապում տարհանել սիրիահայերն, ինչը, որոշ չափով, պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանը ավելի քան երկու տարի շարունակվող սիրիական հակամարտության ընթացքում չեզոքություն է պահպանել: Այդուհանդերձ, Հայաստանում գտնվող սիրիահայերը Հայաստանի կառավարությունից աջակցություն են խնդրում իրենց հարազատներին տարհանելու հարցում:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխանն նշեց, թե իրենք ուշադրությամբ հետևում են զարգացումներին։ Հայաստանի կառավարությունն առայժմ չի բարձրաձայնում հնարավոր հարվածների հետևանքով հայկական համայնքին աջակցություն ցուցաբերելու, դեպի Հայաստան սիրիահայերի նոր հոսքի հետ կապված հարցերի մասին։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ տարհանման համար սիրիահայ համայնքը տարհանման խնդրանքով չի դիմել Հայաստանի կառավարությանը։ Եթե դիմի, ապա Հայաստանի կառավարությունը նման որոշում կկայացնի, ինչից հետո արդեն իրենք կկարողանան տարհանել նրանց։

Սիրիայի կառավարությանը պատկանող «Սիրիական ավիաուղիները», որը մինչ Հալեպի օդանավակայանի փակվելը թռիչքներ էր իրականացնում Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ, փորձում է թռիչքներ իրականացնել Դամասկոս-Ղամիշլի-Երեւան ուղղությամբ։ Սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին ավիաուղիներից, թռիչքները հետաձգվում են Սիրիայից ուղևորների քիչ քանակության պատճառով։ Մինչդեռ Հայաստանից շուրջ 50 սիրիահայ մտադիր է օդային այս ճանապարհով վերադառնալ Սիրիա։

Սիրիական հակամարտության հետևանքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 15 հազար սիրիահայ։ Նրանց գրեթե կեսը՝ 7 հազարը, հեռացել է Հայաստանից այլ երկրներ։
XS
SM
MD
LG