Մատչելիության հղումներ

Բնակիչները դժգոհ են քաղաքապետարանում կայացած հանդիպումից


Կոմիտաս 5 և շրջակա շենքերի բնակիչները անարդյունավետ են գնահատում երեկ քաղաքապետարանում կայացած բանակցությունները մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հետ:

Հանդիպմանը մասնակցել են վիճահարույց շինարարությունից դժգոհող շուրջ երկու տասնյակ բնակիչներ: Նրանց փոխանցմամբ` որևէ կառուցողական առաջարկ Բարսեղյանը չի արել, փոխարենը փորձել է համոզել հրաժարվել հետագա պայքարից:

«Իմաստը նա էր, որ մեզ կոչ անեն հանգստության, հարմարվողականության: Ինքը ուղղակի մեզ առաջարկում էր հարմարվել, հաշտվել մեր պայմանների հետ. քանի որ մենք ապրում ենք քաղաքում, ուրեմն պետք է ոչ մաքուր օդ շնչենք, դիմանանք այդ շինարարության պատճառած բարոյական և առողջական վնասներին», - «Ազատություն» ռադիոկայանին մանրամասներ փոխանցեց հանդիպմանը մասնակցած մի կին:

Բնակիչներն այլևս կասկած չունեն, որ բազմահարկ շենքը կառուցող իրանահայ գործարարի մեջքին բարձրաստիճան պաշտոնյաներ են կանգնած, հակառակ դեպքում քաղաքային իշխանությունների և ոստիկանության արձագանքն այդքան կոշտ չէր լինի:

Այսօր շինհրապարակում համեմատական անդորր է տիրում, միայն չափագրման աշխատանքներ են կատարվում: Առավոտյան այստեղ է եղել Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանը և, ինչպես փոխանցեցին բնակիչները, վերահաստատել է, որ շենքը կառուցվելու է:

Բնակիչները, սակայն, հաստատակամ են իրենց պայքարում: Երեկվա հանդիպմանը նրանք հրաժարվել են Երևանի գլխավոր ճարտարապետի առաջարկից` ծանոթանալ նոր նախագծին, որը ենթադրում է ոչ թե 14, այլ 7 հարկանի շինություն:

«Արդեն շատ ուշացել են», - ասաց բնակիչներից մեկը: - «Եթե առաջ ինչ-որ շանս կար մեզ հետ ընդհանուր հայտարարի գալու, բայց քանի որ նրանք մեզ չհարգեցին, ժողովուրդն արդեն զգաց, որ այստեղ բիրտ ուժի և անտեսելու վարիանտ է»:

Քաղաքապետարանում հանդիպմանը ներկա եղել նաեւ տարածքը կառուցապատողը` «Լիբեր» ընկերության տնօրեն Էդվարդ Աբրահամյանը, ով, սակայն, հանդիպման կեսից զայրացած հեռացել է:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրանահայ գործարարն ասաց, որ հեռացել է, որպեսզի չվիրավորի մարդկանց, քանի որ նյարդերը տեղի էին տվել: Նրա խոսքով` ինքը ամեն ինչ արել է բնակիչներին ընդառաջելու համար, բայց անարդյունք:

«Ասում են` դուք ուզում եք մեր հաշվին հարստանալ, դուք օլիգարխներ են, դուք չգիտեմ ինչ եք. այդպես գռեհիկ, անարգելով հետս խոսում են», - ասաց Աբրահամյանը` նաև կտրականապես հերքելով, թե վայելում է իշխանությունների աջակցությունը. - «Ես կյանքում մեկին թիկունք չեմ վերցնում, ես բավականին հզոր կամքով տղա եմ: Ընտանիքիս հետ ապրում եմ հայրենիքում»:

Նա նաև ասաց, որ չի հրաժարվելու շենքը կառուցելու մտադրությունից` հույս հայտնելով, թե բնակիչները կհասկանան, որ յոթհարկանի շենքը իրենց չի խանգարի: Աբրահամյանը նաև վստահ է, որ հարցը քաղաքականացնում է Նախախորհրդարանը:
XS
SM
MD
LG