Մատչելիության հղումներ

logo-print

Վանաձորի հիվանդանոցում մահացածի հարազատները պահանջում են պատժել մեղավորներին


Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցից Վանաձորի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված և այնտեղ մահացած 17-ամյա Գուրգեն Խառատյանի մայրն ասում է՝ ամեն ինչ անելու է, որպեսզի մեղավորները պատժվեն:

Բժշկական օգնություն իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ, որն առաջացրել է 1995 թվականին ծնված Գուրգեն Խառատյանի մահը, Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել: Ձերբակալվածներ առայժմ չկան:

Դատախազության հրապարակած հաղորդագրության համաձայն, 2012 թվականի նոյեմբերի 18-ին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց ընդունված Մարգահովիտի բնակիչ Գուրգեն Խառատյանը «ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ԴՎՍ սինդրոմ, երկկողմանի թոքաբորբ, սուր շնչառական և սիրտ անոթային անբավարարություն» ախտորոշմամբ տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Նույն օրը՝ ժամը 23:50-ին, Վանաձորի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, Գուրգեն Խառատյանը մահացել է:

Երիտասարդի մայրը՝ Սիրվարդ Մինասյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմում է, որ բժիշկներն անընդհատ ինչ-որ դեղեր էին ներարկում, բայց դրանից երիտասարդի վիճակն ավելի էր վատանում:

«Ասում եմ՝ բժիշկ, ի՞նչ է կատարվում երեխայիս հետ: Մեկը ասում է՝ վիրուս է ընկել թոքերում, մազանոթները պայթում են, փրկություն չկա: Մյուսին հարցնում եմ՝ ասում է՝ չգիտեմ ինչ է կատարվում: Հա զանգում էին Երևան՝ Երևանից էին տեղեկություններ իմանում», - պատմում է Սիրվարդ Մինասյանը, - «17 տարեկան է եղել՝ նա գլուխը բարձին դրած չի, մի հատ չի հիվանդացած: Ինքը գնացել է զինկոմիսարիատ, այնտեղ ամեն ինչը ստուգել են: Եկավ տուն, ասի՝ Գուրգեն ջան, պրոբլեմ կա՞: Չէ՛, մամ ջան, ոչ մի պրոբլեմ»:

Սիրվարդ Մինասյանն ասում է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի մեղավորները պատժվեն:

Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, բուժհաստատություններում Խառատյանի վիճակի ճիշտ ախտորոշում չի իրականացվել, բուժմիջոցառումներն իրականացվել են ոչ լիարժեք ծավալներով, ոչ ժամանակին, ոչ պատշաճ և թույլ տրված ախտորոշիչ և բուժական սխալները գտնվում են պատճառահետևանքային կապի մեջ Գուրգեն Խառատյանի մահվան հետ:

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այս պահին իրենք ասելու բան չունեն:
XS
SM
MD
LG