Մատչելիության հղումներ

Օգոստոսի 28-ի մամուլ


Հայաստանի արտգործնախարարության ՆԱՏՕ-ի բաժնի նախկին ղեկավար Մարթա Այվազյանը «Ժամանակ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս տարվա նոյեմբերին նախաստորագրվելիք ԵՄ Ասոցացման համաձայնագրին և դրա արդյունքում Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառմանը` ասում է. - «Հայաստանի եվրաինտեգրման դեմ ուղղված ռուսական ճնշումները միշտ եղել են, կան և կշարունակվեն այնքան ժամանակ, ինչքան Հայաստանը Ռուսաստանին թույլ կտա իր հետ այդպես վարվել: Հաշվի առնելով Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման մոտեցող պահը` կարող ենք անկնալել և' տնտեսական, և' քաղաքական ճնշումների ուժգնացում Ռուսաստանի Դաշնության կողմից: Հնարավոր են նաև ներքաղաքական իրավիճակի ապակայունացման փորձեր և շահարկումներ ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ: Միևնույն ժամանակ, փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ ճնշումների գործածությամբ, ուժային միջոցներով վարվող արտաքին քաղաքականության արդյունավետությունը բավական հարաբերական է և կարճաժամկետ` եթե ճնշման ենթարկվող պետությունը պատրաստ է դիմակայել այդ ճնշումներին, ունի զարգացման ցանկություն, հստակ ազգային ծրագիր և այդ ծրագիրը իրականացնելու կամք: Թե արդյոք կնախաստորագրվի համաձայնագիրը, պետք է ասեմ, որ, իմ տպավորությամբ, այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի իշխանությունների որոշակի հատվածի և, մասնավորապես, Սերժ Սարգսյանի անձնական հետաքրքրությունները զգալի չափով դուրս են ռուսական տիրույթից և դրանով իսկ համընկնում են մեր պետական շահի հետ` հնարավորություն ստեղծելով Եվրամիության հետ պայմանագրի նախաստորագրման համար: Ասել միանաշանակ, որ համաձայնագիրը կստորագրվի, ես իհարկե չեմ կարող, բայց այս պահին դրա հավանականությունը շոշափելի է»:

Եվրամիության Ասոցացման համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությանն ու Եվրասիական միությանն անդամագրվելու վտանգներին է անդրադառնում ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: «Որոշումը կախված է Սերժ Սարգսյանից ու իր թիմից: Հայաստանին անհրաժեշտ է, որ համաձայնագիրը նախաստորագրվի: Դա նաեւ Ղարաբաղին է պետք: Ինչ ուզում եք՝ ասեք, բայց ԵՄ ասոցացված անդամ Հայաստանին քաղաքակիրթ աշխարհը այլ կերպ է նայելու ու վերաբերվելու, քան Եվրոպայի մաս չկազմող Ադրբեջանին: Ոչ ոք ժողովրդավար երկրից մաս չի տա ոչ ժողովրդավար երկրին: ԵՄ-ն ՀԱՊԿ չի, ԱՊՀ չի, որ քեզ հետ անդամակցելով՝ հակառակորդիդ զինի», - «Առավոտ»-ին ասել է նա:

«Ժողովուրդ»-ի հետ հարցազրույցում ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ) անդրադառնում է այն հարցին, թե արդյոք առաջիկայում քաղաքական թեժ աշուն է սպասվում և թե ինչ քայլեր է ձեռնարկելու ընդդիմությունը. - «Կարծում եմ, որ թեժացումը առավել շատ հավանական է լինի Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից կամ չստորագրելուց հետո: Այս հարցում շահագրգիռ կողմերը չափից դուրս մեծ են, և այստեղ լուրջ խաղացողներ կան` Ռուսաստանը ու Եվրոպան, որոնք ամեն կերպ փորձում են ինչ-որ բան կորզել այս իշխանությունից: Ես կարծում եմ, որ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը լինելու է, քանի որ իշխանությունը մեծ ակնկալիքներ ունի. սպասում են, որ նախաստորագրումից հետո մեկ միլիարդի վարկ կտրամադրեն, որի շնորհիվ կկարողանան իրավիճակը հսկելի պահել երկրում: Իմ կարծիքով, մինչև հոկտեմբեր որևէ լուրջ զարգացում չի լինելու»:

«Հայկական ժամանակ»-ը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի երեկ արած հայտարարությունը, թե «բոլոր նրանք, ովքեր խոսում են Հայաստանում կրթական համակարգի փլուզման մասին, թող աչքերը լայն բացեն», գրում է. - «Փորձը ցույց է տալիս, որ հենց Սերժ Սարգսյանը նման հեգնական տոնով հերքում է բոլոր նրանց, ովքեր խոսում են Հայաստանում այս կամ այն խնդրի մասին, ուրեմն այդ խնդիրը իրոք կա, և շատ կարճ ժամանակ անց նույն Սերժ Սարգսյանը սկսում է խոսել նույն մտահոգությունների մասին: Ճիշտ այդպես ստացվեց, օրինակ, արտագաղթի թեմայով: Բազմաթիվ գործիչներ ու լրագրողներ բավական երկար ժամանակ ահազանգում էին, որ Հայաստանից արտագաղթ կա և այդ խնդիրը գնալով ավելի է խորանում: Երբ այդ ահազանգերն ավելի հաճախակիացան, Սերժ Սարգսյանն իր մոտ 2011-ի հուլիսին խորհրդակցություն հրավիրեց և արտագաղթի մասին խոսակցությունները գնահատեց որպես «անհեթեթ թեզ»: Այս հայտարարությունից կես տարի անց պարզվեց, որ, ըստ պաշտոնական վիճակագրությանը, 2011-ին Հայաստանի անվերադարձ հեռացել է 49 հազար մարդ: Այդ խորհրդակցությունից մեկ տարի անց` 2012-ի հուլիսին, արտագաղթը «անհեթեթ թեզ» համարող Սերժ Սարգսյանը Լոնդոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Ասել եմ ու այսօր դարձյալ կրկնում եմ` եկեք հայրենիք, ներդրումներ կատարեք. օգնեք կանխել բոլորիս այդքան մտահոգող արտագաղթը»: Այսինքն ստացվեց, որ «անհեթեթ թեզը» ընդամենը մեկ տարի անց դարձավ «բոլորիս մտահոգող խնդիր»: Ու հիմա Սերժ Սարգսյանը «անհեթեթ թեզ» է համարում կրթական համակարգի փլուզման մասին խոսակցությունները: Ուրեմն չափազանց մեծ է հավանականությունը, որ ուղիղ մեկ տարի անց նույն Սերժ Սարգսյանը մի որևէ առիթով կխոսի «մեզ բոլորիս մտահոգող» կրթական համակարգի փլուզման մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG