Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին քննադատում է մինարեթի ապամոնտաժումը


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասուլիսի ժամանակ, արխիվ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասուլիսի ժամանակ, արխիվ

Թբիլիսիում հնչող կարծիքների համաձայն՝ Վրաստանի նախագահի այս քայլը թելադրված էր հստակ քաղաքական հաշվարկով:

«Իր չմտածված գործողություններով Իվանիշվիլիի կառավարությունը խաթարում է հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ», - երեքշաբթի երեկոյան Բաթումիում հայտարարեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին` մեկնաբանելով Սամցխե-Ջավախքում վերջին օրերին տեղի ունեցող բուռն իրադարձությունները:

Հիշեցնենք՝ շաբաթասկզբին առավելապես Աջարիայից տեղափոխված վրաց մահմեդականներով բնակեցված Ադիգենիի շրջանի Չելա գյուղում ապամոնտաժվեց տեղի մզկիթի 24-մետրանոց մինարեթը: Իշխանություններն այս գործողությունը պատճառաբանում էին այն հանգամանքով, որ այն իբր կառուցվել է Թուրքիայից անօրինականորեն ներկրված շինանյութով: Ապամոնտաժումից անմիջապես հետո տեղի բնակիչների և ոստիկանության հատուկ ջոկատայիններին միջև կատաղի բախումներ տեղի ունեցան: Ընդամենը մի քանի ժամում մինարեթի ապամոնտաժումը դարձավ վրացական լրատվամիջոցների թիվ մեկ թեման` ստվերելով անգամ նոր մեկնարկած նախագահական քարոզարշավը:

Պաշտոնից հեռացող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ևս քաղաքական հակառակորդներին քննադատելու առթիը բաց չթողեց: Խորհրդանշական է, որ Վրաստանի վարչապետի դեմ ուղղված հայտարարությունների հերթական չափաբաժինը նա հնչեցրեց Բաթումիի մզկիթ այցելելուց հետո:

«Իմ կարծիքով, այն, ինչ տեղի ունեցավ Ադիգենիում, հստակ մտածված սադրանք էր, որի նպատակն էր տարբեր դավանանք ունեցող վրացիներին տրամադրել միմյանց դեմ: Սա արդեն մի քանի ամիս նկատվող միտման շարունակությունն է», - հայտարարեց Վրաստանի նախագահը` հատուկ ընդգծելով, որ առաջին հայացքից տեղային թվացող Չելայի միջադեպը կարող է զգալիորեն բարդացնել Վրաստանի դիրքերը տարածաշրջանում:

«Հաշվի առնելով մեր բարդ աշխարհքաղաքական դիրքը, երբ մեր հարևաններն են Ադրբեջանը, Թուրքիան, այլ պետություններ, այս ամենը կարող է մեզ համար շատ լուրջ խնդիրներ ստեղծել: Դա կարող է ի վերջո հանգեցնել մի իրավիճակի, երբ Վրաստանը մեն մենակ կհայտնվի մեր տարածքները զավթած հարևան պետության` Ռուսաստանի դեմ: Նման սադրանքների հետևանքով մենք կարող ենք բացարձակապես անպաշտպան մնալ», - ասաց Սաակաշվիլին:

Փաստորեն, կարելի է արձանագրել, որ Սաակաշվիլին միակ բարձրաստիճան պաշտոնյան էր Վրաստանում, ով վերջին օրերին իր աներկբա աջակցությունը հայտնեց երկրում բնակվող շուրջ կես միլիոն մահմեդականներին:

Թբիլիսիում հնչող կարծիքների համաձայն, սակայն, Սաակաշվիլիի այս քայլը թելադրված էր հստակ քաղաքական հաշվարկով: Մոտ երկու ամսից կայանալիք նախագահական ընտրությունների շեմին նման գործողությունները մահմեդական ընտրազանգվածի աջակցությունը կարող են ապահովել նախագահի պաշտոնի համար պայքարող Սաակաշվիլիի մերձավոր զինակցի` Դավիթ Բաքրաձեի համար, որի վարկանիշն ըստ վերջին հարցումների չի գերազանցում 10 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG